Անմիջական հրատարակության խնդրանքով Տորոնտոյի (Կանադա) Զորյան ինստիտուտից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հաստատության կրթաթոշակների հիմնադրամը արդեն իսկ դիմումներ է ստանում Հայոց ցեղասպանության կամ ցեղասպանության համեմատական ուսումնասիրությունների շուրջը դոկտորական թեզի պաշտպանության հայցվորներից:
«Կրթաթոշակի ծրագրի գաղափարը պատկանում է Մոնրեալում բնակվող Տիգրան եւ Սոնյա Բալ ընտանիքին: Նրանք ցանակացան քաջալերել երիտասարդ գիտնականներին, որոնց ուսումնասիրությունների ոլորտը բազմազան է. պատմությունից իրավագիտություն, անհատների վրա ցեղասպանության թողած ազդեցությունից մինչեւ երաժշտության վրա թողած ազդեցությունը», նշել է այդ առիթով ինստիտուտի տնօրենների ակադեմիական վարչության նախագահ Ռոջեր Սմիթը:
Դիմորդները պետք է զբաղված լինեն Հյուսիսային Ամերիկայի կամ Եվրոպայի մի որեւէ համալսարանի դոկտորական ծրագրում եւ լրացրած լինեն բոլոր պահանջները մինչեւ վերջնական թեզի գրությունը:
Ընտրությունը կատարվելու է հետեւյալ հիմունքներով. նախ` ակադեմիական գերազանցություն, ապա` երկու պրոֆեսորների կողմից բնութագրական-հանձնարարական նամակների առկայություն, երրորդ` 6 էջանոց տեսական-մեթոդաբանական նկարագրություն կատարվելիք աշխատանքի, նպատակի եւ կարեւորության հստակ մատնանշում, չորրորդ` 25-30 էջանոց հոդված ընտրված թեմայի առնչությամբ:
Դիմումներն ընդունվում են մինչեւ մարտի 31-ը: Ընդունված թեկնածուները վերագնահատման են ենթարկվելու ամեն տարի: Հավելյալ տեղեկությունների համար այցելել zoryan@ zoryaninstitute.org կայքէջը:
Հ. Ծ.