Միայն թե համալսարանը չփորձեն կուսակցականացնել
Երկու օր առաջ Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցած բուհի կառավարման խորհրդի նախագահի միակ թեկնածու Ռադիկ Մարտիրոսյանի պարտությունը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ: Երեկ «Ազգը» զրուցեց խորհրդի երկու անդամներիՙ բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանի եւ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի հետ: Երկուսն էլ նշեցին, որ ընտրության նման արդյունքը զարմանալի եւ անակնկալ էր իրենց համար: «Ընտրության արդյունքների հրապարակումից հետո շատերի համար էր անհասկանալիՙ ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ: Կարծում եմՙ հունվարի 25-ին տեղի ունենալիք նիստին ավելի լուրջ եւ պատասխանատու մոտեցում կլինի», ասաց Լեւոն Անանյանը: Նրա հավաստիացմամբՙ նիստի ողջ ընթացքում որեւէ ճնշում, թելադրանք չկար, եւ «եթե պետք է ձայների նման հարաբերակցություն լիներ, թող դեմ եղողներն այլ թեկնածու առաջադրեին»: Լ. Անանյանի կարծիքով, տեղի ունեցածը կարելի է բացատրել միայն մեկ թեկնածուի առաջադրմամբ եւ որոշման հապճեպությամբ: «Գուցե այլ թեկնածուների, քննարկման, շահագրգիռ խոսակցությունների դեպքում քվեարկողները կողմնորոշվելու եւ ընտրության ավելի մեծ հնարավորություն ունենային», նշեց ՀԳՄ նախագահը:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը ընտրությանն արձանագրված 35 դեմ ձայները հետեւյալ կերպ բացատրեց. «Կարծում եմ, այն ոչ այնքան դժգոհություն էր Ռադիկ Մարտիրոսյանից, որքան մարդուն հատուկ հավատՙ նորի հանդեպ»: Ամեն դեպքում Գառնիկ Անանյանի համոզմամբ եւս, բոլորն էլ սպասում էին, որ պրն Մարտիրոսյանը պետք է ընտրվի: Լեւոն Անանյանի գնահատմամբՙ եթե ընտրության նման ելքը կազմակերպված չէր, ապա այն լուրջ մտորումների առիթ է, քանի որ «խաղաղ, հանգիստ ընթացքը չէր կարող նման ալեկոծ արդյունք ունենալ»:
Խորհրդի երկու անդամներն էլ խուսափեցին որեւէ կանխատեսում անել հունվարի 25-ին սպասվող նոր ընտրությունների, հնարավոր թեկնածուների վերաբերյալ: Լ. Անանյանը, համալսարանական լինելով, ուզում է, որ բուհում ամեն ինչ կարգին լինի:
Հարցը շարունակ հուզում է շատերին. եթե նույնիսկ երեկվանից մամուլում շրջանառվող խոսակցությունները, թե ուսանողական ողջ կազմըՙ 18 հոգի դեմ է քվեարկել Ռադիկ Մարտիրոսյանին, ովքե՞ր են մնացած 18-ը, կառավարությա՞ն, լիազոր մարմնի՞, թե՞ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Գուցե այս հարցի պատասխանի դեպքում է հնարավոր հասկանալ կատարվածը: Ցավալի կլինի պարզել, որ այն պայմանավորված է պետհամալսարանը կուսակցականացնելու ցանկությամբ: Սա եզակի բուհ է, ուր այս կամ այն քաղաքական ուժը ուժ չունի, թերեւս բացի պատմության ֆակուլտետից:
Թ. ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Ինչպես երեկ «Ազգում» հրատարակել էինք հավաստի աղբյուրի տեղեկությունըՙ նույն օրը ԿԳ նախարար Սերգո Երիցյանը պրոռեկտոր Էդվարդ Չուբարյանին հաստատել է ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում: