«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2006-01-14 | #6, 2006-01-17 | #7, 2006-01-18


ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ. «ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՎՆԱՍՎԱԾՔԸ ԽԱՌՆԵՑ ԽԱՂԱՔԱՐՏԵՐՍ»

Հայկ Հակոբյանը Հայաստանի ամենահեռանկարային արդյունավետ ֆուտբոլիստներից էր: Չնայած երիտասարդ տարիքին, նա բավական գրագետ ու հասուն խաղ էր ցուցադրում նախ «Ցեմենտում», ապա «Բանանցում», աչքի էր ընկնում արդյունավետությամբ: Շուտով նրա խաղը գրավեց ազգային հավաքականի մարզիչների ուշադրությունը եւ երիտասարդ ֆուտբոլիստն ընդգրկվեց Հայաստանի ընտրանու կազմում: Մասնագետները Հակոբյանին ֆուտբոլային մեծ ապագա էին կանխագուշակում: Սակայն չարաբաստիկ վնասվածքը շնորհալի ֆուտբոլիստին 3 տարով զրկեց մեծ ֆուտբոլից: Հայկ Հակոբյանը վերջերս է վերսկսել մրցելույթները: Նախորդ առաջնության վերջնագծում նա «Դինամո-Զենիթի» կազմում մասնակցեց 5 խաղի եւ դարձավ գոլի հեղինակ: Նոր մրցաշրջանին Հայկը նախապատրաստվում է Երեւանի «Արարատի» կազմում:

- Հայկ, որքան էլ քեզ համար տհաճ է վերհիշել անցյալը, այնուամենայնիվ, ինչպե՞ս պատահեց, որ վնասվածք ստացար:

- 2003 թ. հունվարին «Բանանցի» կազմում Կիպրոսում ուսումնամարզական հավաքի ժամանակ ձգեցի մկանս: Վնասվածքը լուրջ դուրս եկավ, բացի այդ էլ պարզվեց, որ ողնաշարի ճողվածք ունեմ: Վիրահատվեցի, ապաքինման գործընթացը ձգձգվեց եւ ստիպված էի 3 մրցաշրջան հարկադիր պարապուրդի մատնվել: Փաստորեն, ֆուտբոլային լավագույն տարիներիցս երեքը կորցրի: Այժմ պետք է ձգտեմ կորցրածը հետ բերել:

- Այժմ ինչպե՞ս ես զգում քեզ: Կա՞րող ես լրիվ ծանրաբեռնվածությամբ մարզվել:

- Փառք Աստծո, առայժմ ամեն ինչ նորմալ է: Ունեմ նաեւ իմ անհատական բժիշկը, որի հսկողության տակ եմ մինչ օրս: Նա ինձ շատ օգնեց ծանր վնասվածքից ապաքինվելու հարցում: Դեռեւս շարունակում եմ նրա մոտ բուժվել: Ըստ նրա, ամեն ինչ նորմալ է ընթանում, արդեն 90 տոկոսով կարող եմ ծանրաբեռնված մարզվել:

- Քո ցանկությա՞մբ ես ընտրել «Արարատը»: Ի՞նչ հույսեր ես կապում նոր կոլեկտիվի հետ:

- Հարմար գտա «Արարատում» շարունակել ելույթներս: Ընդամենը մի քանի պարապմունքի եմ մասնակցել, «Փյունիկ-2-ի» հետ իմ անդրանիկ խաղում գոլի հեղինակ դարձա: Ճիշտ է, նոր կոլեկտիվում եմ փորձաշրջան անցնում, սակայն տղաներից շատերին լավ ճանաչում եմ: Իհարկե, դժվար է երկարատեւ ընդմիջումից հետո միանգամից խաղային ունակությունները վերագտնել, «զգալ» խաղը, դրա համար քրտնաջան աշխատանք ու ժամանակ է անհրաժեշտ: Պարզ է, որ պետք է ձգտեմ նոր կոլեկտիվում ինձ լավագույն կողմերով դրսեւորել, որպեսզի կարողանամ տեղ զբաղեցնել թիմի կազմում: Իհարկե, ցանկությունս է «Արարատի» կազմում մրցանակակիր դառնալ: Ամեն ինչ կախված է նախապատրաստական փուլից, նաեւ թե թիմն ինչպիսի ֆուտբոլիստներով կհամալրվի: Ամեն դեպքում կձգտեմ ինձ արդարացնել եւ օգտակար լինել կոլեկտիվին:

- Ժամանակին հաջողությամբ հանդես ես եկել ազգային հավաքականում: Ի՞նչ ես կարծում, երբեւէ կվիճակվի՞ կրկին հավաքականի մարզահագուստը կրել:

- Ազգային հավաքականում խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Բացառություն չեմ նաեւ ես, որ ժամանակին վայելել եմ հավաքականի մարզաշապիկը կրելու հաճույքը: Ամեն ինչ ինձնից է կախված: Սակայն նախ պետք է վերականգնեմ խաղային ունակություններս, ֆունկցիոնալ ընդհանուր վիճակս բարելավեմ, կարողանամ լավագույն ձեւով դրսեւորել «Արարատում»: Դրանից հետո նոր կարելի է մտածել հավաքական վերադառնալու մասին:

- Եթե ամեն ինչ հաջող ընթանա, կարծում եմ Տիգրան Եսայանի հետ «Արարատում» հարձակողական հզոր երկյակ կարող եք կազմել:

- Նման երկյակի գոյությունը չի բացառվում: Սակայն դեռեւս վաղ է ինչ-որ կոնկրետ բան կանխագուշակել: Ամեն ինչ պայմանավորված է նախապատրաստական շրջանով, որը շատ կարեւոր է ֆուտբոլիստների խաղային ունակությունների բացահայտման համար:

- Խաղային ինչպիսի՞ իրադարձություններն են քեզ հոգեհարազատ:

- Իմ տարերքն արագությամբ մրցակցին շրջանցելն ու դարպասին հարվածելն է:

- Կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց խաղը քեզ դուր է գալիս, որոնց երկրպագում ես:

- Ընդհանրապես միշտ էլ հիացել եմ Դիեգո Մարադոնայի անզուգական տեխնիկական վարպետությամբ: Բոլորովին վերջերս երկրպագում էի Ռիվալդոյին: Իսկ ներկայումս հիանում եմ այն ֆուտբոլիստներով, ովքեր լավ խաղ են ցուցադրում:

- Իսկ ո՞ր երկրի առաջնությունն է քեզ ավելի գրավում:

- Իսպանիայի: Եվ գեղեցիկ խաղ են ցուցադրում, եւ արագ ֆուտբոլ են խաղում, վառ անհատականություններ կան իսպանական ֆուտբոլում:

- Հետաքրքրվո՞ւմ ես վիճակագրությամբ:

- Այո, գիտեմ, որ Հայաստանի առաջնություններում 55 գոլ եմ խփել:

- Անշուշտ, տեղյակ ես «100-ի ակումբի» մասին, որի հաշվարկով պաշտոնական մրցումներում 70 գոլ ես խփել: Ինչպե՞ս ես գնահատում ակումբի անդամ դառնալու հնարավորություններդ:

- Անկեղծ ասած, տեղյակ չէի, որ բացի առաջնությունից, պաշտոնական մյուս մրցումներում խփած գոլերն էլ հաշվի են առնվում «100-ի ակումբում»: Եթե 3 տարի չկորցնեի, կարծում եմ ակումբում ընդգրկված կլինեի: Ինչ խոսք, ակումբի անդամ դառնալը յուրաքանչյուր հարձակվողի համար նպատակ պիտի լինի: Աստված տա այսուհետեւ զերծ մնամ վնասվածքներից: Այդ դեպքում կաշխատեմ անպայման հատել 100 գոլի սահմանագիծը:

- Հարկադիր պարապուրդի ժամանակ, անշուշտ, հետեւում էիր Հայաստանի առաջնության հանդիպումներին: Քո կարծիքով, վերջին 3 տարիներին հայկական ֆուտբոլն առաջադիմե՞լ է, թե՞ ոչ:

- Իմ կարծիքով, նահանջ է ապրել: Դա հիմնականում պայմանավորված է թիմերի անկայուն ֆինանսական վիճակով, ինչն էլ անդրադառնում է ֆուտբոլիստների ելույթների վրա: Դրա հետեւանքով հաճախակի են ֆուտբոլիստների թիմից-թիմ տեղափոխումները, ինչը չի կարող նպաստել առաջընթացին:

- Ֆուտբոլային լավագույն տարիներդ որո՞նք ես համարում:

- Անշուշտ, «Ցեմենտում» անցկացրած մրցաշրջանները, երբ դարձա չեմպիոն, ՀՀ գավաթակիր ու Սուպերգավաթակիր: Ցավոք, վնասվածքը «խառնեց խաղաքարտերս»:

- Այն տարիներին հրավերներ ունեցե՞լ ես արտերկրից:

- Հանդես եմ եկել Կրասնոդարի «Կուբանում», այլ թիմերից էլ հրավերներ ունեի, բայց կրկին չարաբաստիկ վնասվածքը խանգարեց:

- Հայկ, հաջողություն եմ ցանկանում նոր կոլեկտիվում եւ թող «Արարատում» նոր նվաճումների հասնես:

- Շնորհակալություն: Ինքս էլ երազում եմ այդ մասին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4