Շքանշան-մեդալների առատությունների, հարկի-անհարկի հոբելյանների, շնորհանդեսների մերօրյա հագեցվածության պատճառը թվում է մտքի պարապությունից ու լուրջ զբաղմունքների բացակայությունից է:
Մրցանակ-մեդալների, հոբելյանական միջոցառումների «սերիական արտադրանքը» արժեզրկումների միջոցներից մեկն է, երբ համարժեքվում, իրար կողք կողքի են դրվում միանգամայն տարբեր որակներ, երեւույթներ:
Իր տեսակի մեջ ինքնատիպ ու անհասկանալի մի մեդալաբաշխության ականատեսը եղանք ՀԳՄ-ում` օրերս: Երկու տասնայակ հայ գրողներ, թարգմանիչներ, հրապարակախոսներ պարգեւատրվեցին Մ. Շոլոխովի հուշամեդալով` գրողի 100-ամյակի առիթով: Շաբաթ օր էր ու գրողների միության կլոր սրահի, կլոր սեղանի շուրջ հավաքվածներից միայն 4-ը չստացան այդ մեդալը:
Ռուս-հայկական ընկերության նախագահ պրն. Կրիվոպուսկովը, որը ժամանել էր Երեւան, Մ. Շոլոխովի ստեղծագործության եւ Մոսկվայում հոբելյանական միջոցառումների մասին խոսելուց հետո, կարեւորելով նաեւ հայ-ռուսական վաղեմի բարեկամությունն ու մշակութային կապերը, մեդալները հանձնեց ներկաներին:
Իհարկե, իբրեւ ուշադրություն կամ վերաբերմունք հայ-ռուսական մշակութային կապերին աջակցած հայ մտավորականներին, դրվատելի էր: Բայց տպավորություն էր, թե Խ. Աբովյանի օրհնանքի շունչն էին փորձում վերածնել կամ էլ սովետականՙ որոշների համար դեռ ժողովուրդների բարեկամության բարի ժամանակների հին հեքիաթը:
Տարածաշրջանային քաղաքականության այսօրվա իրողությունների համատեքստում (գազի թանկացում եւ այլն), այդ կապերի վերականգնման այս ակցիան այնքա՜ն հուսահատ փորձ թվաց: Մշակութային եւ առհասարակ որեւէ առնչությունները հանրությունների միջեւ մշտապես կան. անգամ պարտադրված, իսկ հիմնականում բնականոն` անկախ մեդալ տալ չտալուց:
Մ. Բ.