Շատերն են դժգոհում Հայ առաքելական եկեղեցուց, թե վայելելով մեր ազգային եկեղեցու տիտղոսը, ոչնչով սատար չի կանգնում ժողովրդին, նպաստելով կարիքավոր մարդկանց տարատեսակ աղանդավորական կազմակերպություններին անդամագրվելուն: Սակայն երբ ուշադիր հետեւում ենք եկեղեցու սոցիալական եւ հատկապես կրթական գործունեությանը, հասկանում ենք, որ դժգոհությունը հիմնականում անտեղյակությունից ու չկամությունից է:
Այսպես, Հայ առաքելական եկեղեցուն կից վաղուց են գործում Հայորդյաց տները, որտեղ բազմաթիվ շնորհալի երեխաներ զարգացնում են իրենց արվեստագիտական ու արհեստակցական հմտությունները: Գործում են մի քանի բարեգործական ճաշարաններ: Այս ամենին զուգահեռ արդեն 13 տարի շարունակ ծնողազուրկ եւ անապահով անչափահասներին կանոնավոր օգնություն է տրամադրում Արարատյան հայրապետական թեմի բարեգործական գրասենյակը: «Սկսած 1993 թվականի հունվարի 12-ից 270 ծնողազուրկ երեխաներ գրանցվել են մեզ մոտ, ասում է գրասենյակի տնօրեն Տիգրան Ծուլիկյանը: Անցնող տարիներին 5 332 ընտանիքների պատկանող մինչեւ 18 տարեկան 8167 ծնողազուրկ երեխաներ ստացել են տարբեր չափերի ֆինանսական օգնություններ այս գրասենյակից: Նեկայումս կանոնավորապես հովանավորված են Երեւանի եւ շրջակա մարզերի 1760 ծնողազուրկ երեխաներ»: Գրասենյակի տնօրենը նշում է, որ գրասենյակի բարեգործները հիմնականում սփյուռքահայեր են, որոնք հիմնականում պատկառելի տարիքի մարդիկ են: Նրանց թվում շատ են համեստ կարողությունների տեր մարդիկ, որոնք չեն զլանում իրենց օգնությունը տրամադրել կարիքավոր ծնողազուրկ երեխաներին: Կան նաեւ բարեգործական կազմակերպություններ` Մեծ Բրիտանիայից, Երուսաղեմից, Գերմանիայից եւ Նիդեռլանդներից: Միաժամանակ ակնառու է, որ 13 տարիներին ընդամենը մեկ կամ երկու հայաստանցի բարերարներ են եղել: «Մինչդեռ բոլորս էլ համոզված ենք, որ Հայաստանում շատ են մեծահարուստներն ու գործարար մարդիկ, որոնք ոչ թե մեկ, այլ մի քանի ծնողազուրկ երեխայի կարող են հովանավորել», ասում է պրն Ծուլիկյանը: Սակայն գրասենյակի հնարավորությունները սահմանափակ են, քանի որ 200-ից ավելի երեխաների մի ստվար ցուցակ կա տնօրենի դարակում, որոնց գրասենյակը չի կարող օգնություն տրամադրել միջոցների բացակայության պատճառով: Միաժամանակ բազմաթիվ նամակներ ունի այս գրասենյակը, որի հովանավորյալ երեխաները իրենց սրտի երախտագիտությունն են հայտնում իրենց անծանոթ բարերարներին, վստահեցնելով, որ երբ մեծանան իրենք էլ իրենց հերթին բարեգործություն են անելու:
Արդեն 9 տարի 85-ամյա Ռոզա Բենիամինովան տարին երկու անգամ այցելում Է Արարատյան հայրապետական թեմին կից գործող բարեսիրական գրասենյակ, որտեղ նրա երկու թոռներին հատկացրել են օգնություն ամսական 10-ական դոլարի չափով: Այս գումարը նրանց ընտանեկան եկամուտների 70-75 տոկոսն է: Ռոզա մայրիկը, որ գալիս է գյուղից, շատ շնորհակալ է այս գրասենյակի աշխատակիցներին, հեռավոր ու անծանոթ բարեգործներին, որոնց պարբերական նվիրատվության շնորհիվ ինքը կարողացել է հոգալ իր միակողմանի ծնողազուրկ երկու անչափահաս թոռների առաջին անհրաժեշտության կարիքները: Երբ փորձում եմ հարցեր տալ, Ռոզա մայրիկը հուզվում է, նա միայն շնորհակալության խոսքեր է հղում բարեգործական գրասենյակի հասցեին:
«Ցավով եմ ասում, բայց մանավանդ տոնական օրերին մեր աչքի առաջ էին բազմապիսի շքեղություններ, որոնք համեմատելով մեր գրասենյակ այցելող անապահով երեխաների վիճակի հետ, մեծ հակադրություն ենք տեսնում, որ իրոք, ցավալի է, ասում են գրասենյակի աշխատակիցները: Ցանկալի կլիներ, որ բարեգործությունը վարակիչ լիներ հնարավորություններ ունեցող մարդկանց համար: Մանավանդ տոնական օրերին պիտի հիշեն, որ իրենց կողքին ապրող բազմահազար կարիքավորներ կան, որոնք նույնիսկ լի ու առատ օրերին կարոտ են հացի ու ջերմության»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ