«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2006-01-17 | #7, 2006-01-18 | #8, 2006-01-19


ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ ԱՌԱՆՑ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Հայաստանի իշխանական համակարգի փակվածության մասին բազմիցս նշվել է հատկապես իշխանական վերնախավը որակելով որպես կաստային: Խնդիրն այն է, որ իշխանական վերին էշելոնում տեղի ունեցող իրադարձությունները մշտապես պատված են անթափանց քողով, շատ դեպքերում որեւէ բացատրություն եւ մեկնաբանություն չի տրվում տեղի ունեցողին: Երկրի համար կարեւորագույն պաշտոններում տեղի են ունենում փոփոխություններ, նշանակումներ, ազատումներ, «ոչ փոքր» կենսագրություն ունեցող մարդկանց մի պաշտոնից մյուսը տեղափոխություններ: Եվ այդ ամենն առանց պատճառաբանության, առանց բացատրության:

Բացառություն չեն նաեւ երկու օր առաջ նախագահի հրամանագրով կատարված փոփոխությունները դատախազական ամենաբարձր պաշտոններում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունվարի 17-ի հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալՙ ազատվելով ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակից ստացված հաղորդագրությունը, նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Արմեն Խաչատուրյանըՙ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Երբ թափանցիկությունը, հաշվետվությունն ու համակարգերի բաց լինելը հռչակված են արժեքներ, երբ ժողովրդավարության կայացման կարեւոր հիմք է կոռումպացվածության մեջ մեղադրվող իշխանական համակարգի հանդեպ վստահության ձեւավորումը, անհասկանալի է, անգամ անտրամաբանական, թե ինչու իշխանական բուրգի վերեւում ամեն ինչ տեղի է ունենում X-երի ու Y-երի բանաձեւմամբ, առանց որոշակիության եւ պարզության:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4