Մշակույթի նախարարի «երկուսը» ստացավ փոխնախարարը
Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը վարչապետը անբավարար է գնահատել: Իսկ հաշվետվությունը հրաժարական տված նախկին նախարարի փոխարեն կառավարությանն էր ներկայացրել եւ համապատասխան գնահատականն էլ ստացել էր փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այդ գնահատականը նկատի ունենալով, փոխնախարարը խոստովանեց, որ գտնվում է աննախանձելի վիճակում, եւ որ այդ գնահատականին սպասում էր: Ընդ որում, նա այդ գնահատականին սպասում էր ինչպես մինչեւ նախարարի հրաժարականը, այնպես էլ դրանից հետո: Այդուհանդերձ, Գագիկ Գյուրջյանը նշեց, որ առանձին ոլորտներ լավ գնահատականն են ստացել: Օրինակՙ երիտասարդության հարցերի եւ հուշարձանների պահպանության ոլորտը: Փոխնախարարը հայտնեց, որ անցած տարի ամբողջացել է պատմական հուշարձանների ցանկը: Այն կազմել է 24 հազար միավոր: Այս ոլորտում 2005 թ-ի ընթացքում նոր մոտեցում է որդեգրվել, եւ բացի եկեղեցիներից, սկսվել է առանձնակի ուշադրություն եւ միջոցներ հատկացվել բերդերի, ամրոցների եւ պալատական կառույցների վերականգնմանը:
Պատասխանելով լրագրողների հարցերին, Գագիկ Գյուրջյանը այն կարծիքը հայտնեց, որ մշակույթի նախարարի պաշտոնը պետք է կուսակցական խնդիր չլինի եւ իրեն չի առաջարկվել դառնալ ՕԵ կուսակցության անդամ եւ մշակույթի նախարար:
Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը «լավ» ստացավ
Կարեն Ճշմարիտյանն, ի տարբերություն մշակույթի փոխնախարարի, լավ տրամադրություն ուներ: Նրա ղեկավարած նախարարության գործունեությունը վարչապետը լավ էր գնահատել: Անդրադառնալով հաշվետվությանը, նախարարը հետեւյալ ցուցանիշները հաղորդեց: Տնտեսական աճը 11 ամսվա տվյալներով կազմել է 13,5 տոկոս, ապրանքաշրջանառությունն ավելացել է 35 տոկոսով, ներդրումների ծավալը տարեկան ցուցանիշներով կկազմի 300-350 մլն դոլար, զբոսաշրջիկների թիվը կանցնի 300 հազարից, արդյունաբերության աճը կազմել է 6,6 տոկոս: Կարեն Ճշմարիտյանը կարեւորեց «Արմենալի» եւ Վանաձորի «Պրոմեթեյ-Խիմպրոմի» վերագործարկումը, ավելացնելով, որ այս տարի սպասվում է Բյուրեղավանի ապակե տարաների գործարանի գործունեությունը: Վերջինիս հզորությունները տարեկան կկազմեն 180 մլն տարա, ինչը կապահովի ամբողջ տարածաշրջանի պահանջարկը:
Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի ավելացումը Կարեն Ճշմարիտյանը բացատրեց այն բանով, որ ներմուծվող ապրանքների մեջ ավելացել են հանքահումքային ապրանքներն ու մեքենասարքավորումները, իսկ արտահանման մեջ տարեցտարի ավելացել է պատրաստի արտադրանքի ծավալը:
Նախարարության գերակա ուղղություններն են ինովացիոն գործունեության, փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցությունը եւ Հայաստանի ռիսկայնության աստիճանի նվազեցումը: Վերջինիս համար Հայաստանն արդեն համապատասխան փաստաթղթեր է ուղարկել եվրոպական կառույցներին: Ինչ վերաբերում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, ապա համախառն ներքին արդյունքում նրա բաժինն անցած տարի կազմել է 40 տոկոս, ինչը երկու տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից:
Ծառատունկը որպես այլընտրանքային պատժամիջոց
Երեկ լավ գնահատական ստացած մյուս նախարարը Դավիթ Հարությունյանն էր: Ներկայացնելով արդարադատության ոլորտը, նա կարեւորեց ՀՀ օրենսդրական բազայի տեղեկատվական որոնողական համակարգի ստեղծումը եւ նույն համակարգը լազերային սկավառակներով թողարկելը: Դավիթ Հարությունյանը կարեւոր համարեց նաեւ դատարաններում նիստերի ձայնագրման համակարգի ներդրումը, ինչը կատարվել է 60 դատական դահլիճներում: Նրա հավաստմամբ, բոլոր նորակառույց դատարաններում դրանք ներդրվել են: «Ե՞րբ այդ համակարգն ամբողջությամբ կներդրվի» մեր հարցին պատասխանելով, Դավիթ Հարությունյանը խուսափեց կոնկրետ ժամկետներ նշելուց եւ ասաց, որ դա կապված է վարկային միջոցների տրամադրումից: Եթե Համաշխարհային բանկը տրամադրի երկրորդ վարկային ծրագիրն այստեղ, ապա դա ավելի շուտ տեղի կունենա:
Արդարադատության նախարարին ուղղված մեր երկրորդ հարցն առնչվում էր նոտարների գործունեության պայմաններին, բնակչությանը նրանց սպասարկելու, մեղմ ասած, ցածր մակարդակին: Դավիթ Հարությունյանն ընդունեց, որ այստեղ անելիքներ կան, բայց փորձեց հավաստիացնել, որ շատ բաներ բարեփոխվել է: Միաժամանակ նա խոստացավ այստեղ նկատվող յուրաքանչյուր չարաշահման մասին տեղեկություն հայտնելու դեպքում զբաղվել դրանով:
Արդարադատության նախարարը երեկ եւս մեկ հետաքրքրական նորություն հայտնեց, համաձայն որի ներմուծվում է այլընտրանքային պատժի ձեւը: Այսինքն, մինչեւ 2 տարի, առաջին անգամ եւ որոշ այլ պայմաններով դատապարտվածը կարող է պահանջել պատիժ կրելու այլընտրանքային ձեւը, որը կարող է լինել, օրինակ, ծառատունկ: Ընդ որում, ծառատունկ ասելով, հարկ է նկատի ունենալ ոչ միայն ծառ տնկելը, այլեւ ջրելն ու խնամելը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ