Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզչի հարցը վերջապես լուծվեց: Ռուսաստանի եւ Ուկրաինայի չորս ներկայացուցիչների հետ տարված բանակցությունների արդյունքում ընտրությունը կանգ է առել ռուսաստանցի Նիկոլայ Կիսելյովի վրա: Այս մասին տեղեկացանք «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանից: Տարեց ֆուտբոլասերներն, անշուշտ լավ են հիշում խորհրդային տարիներին Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող Նիկոլայ Կիսելյովին, որը 60-70 թվականներին թիմի առաջատար կիսապաշտպաններից մեկն էր: Նա ժամանակին հանդես է եկել նաեւ ԽՍՀՄ հավաքականումՙ մասնակցելով 1970 թ. Մեքսիկայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: 60-ամյա մասնագետը մարզչական գործունեություն է ծավալել մի շարք թիմերումՙ Սարատովի «Սոկոլում», Օրյոլի համանուն թիմում, Մոսկվայի «Սպարտակի» փոխարինողների կազմում, Ռամենսկոյեյի «Սատուռնում»: Նա 6 տարի աշխատել է Լիբանանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Լիբանանի «Ալ Անսարը» նրա գլխավորությամբ դարձել է երկրի գավաթակիր:
Նիկոլայ Կիսելյովը «Բանանց» ակումբի հետ պայմանագիր է կնքել 1+1 տարբերակով: Նա Հայաստան կժամանի հունվարի 20-ին: Այդ օրը Ծաղկաձորից Երեւան կվերադառնան «Բանանցի» ֆուտբոլիստները, որոնք ֆիզպատրաստության մարզիչ Աշոտ Սարգսյանի գլխավորությամբ ուսումնամարզական առաջին հավաքն անցկացրին: «Բանանցը» նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ Երեւանում մարզումները կշարունակի մինչեւ հունվարի 31-ը, իսկ հաջորդ օրը կմեկնի ուսումնամարզական երկրորդ հավաքի: Նախապես ծրագրված էր հավաքն անցկացնել Անթալիայում, սակայն թռչնագրիպի համաճարակի պատճառով թիմը Թուրքիա չի մեկնի: Դիտարկվում է երկու տարբերակՙ Կիպրոսում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակել մարզումները: Արդեն մեկ շաբաթ է, Ծաղկաձորում «Բանանցի» կազմում մարզվում են 3 լեգեոներներ: Նրանցից երկուսըՙ Արտյոմ Սիդիխինը եւ Սերգեյ Բեսպալովը հրավիրվել են Դնեպրոձերժինսկի «Ստալից», իսկ Մարիուս Կալինը Բուխարեստի «Ռապիդից» է: Նրանք այժմ փորձաշրջան են անցնում «Բանանցում»: Բացառված չէ, որ նոր գլխավոր մարզիչն իր հետ ֆուտբոլիստներ բերի Հայաստան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ