Մինչեւ Քոչարյան-Ալիեւ հանդիպումը կարգավորման հարցը մնում է ենթադրություններին
Երեկ եւ նախորդ օրը Լոնդոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման, իսկ դրանից առաջ նաեւ ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողովում քննարկումների կապակցությամբ տարբեր մեկնաբանություններ ու կարծիքներ են հնչում այս հակամարտության կարգավորման հնարավոր սցենարների եւ ժամկետների մասին:
Մասնավորապես Ռուսաստանի նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, «Պանարմենիան.նեթ» ինտերնետային էջի հաղորդմամբ, OpenArmenia.com ֆորումի օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ որեւէ մեկը չի պատրաստվում խաղաղապահներ պարտադրել հակամարտության կողմերին: Ավելին, Կազիմիրովը նշել է, որ կողմերն իրենց խնդիրները պետք է իրենք լուծեն: «Սակայն կարո՞ղ են նրանք պայմանավորվել եւ, առավել եւս, հետեւել այդ պայմանավորվածություններին: Դա դեռեւս ոչ մի բանով չի հաստատվել»: Կազիմիրովը նշել է նաեւ, որ հակամարտության 15 տարիներին ձեռք բերված երեք պայմանավորվածություններից պահպանվում է միայն մեկըՙ զինադադարինը, այն էլ ոչ լիովին: Կազիմիրովի կարծիքով, հակամարտության կարգավորման ներկա վիճակը դեռեւս «շփման եզրերի որոնում» է: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների սպասվող հանդիպման առնչությամբ Կազիմիրովն այնքան էլ լավատես չէ, բայց եւ այնպես գտնում է, որ բանակցություններին պետք է մասնակցեն հակամարտության բոլոր կողմերը: Վերջին մոտեցումը հաստատվում է նաեւ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովին Մինսկի խմբի համանախագահներին տված հանձնարարությամբ, ըստ որի բանակցությունները պետք է վարել հակամարտող բոլոր կողմերի միջեւ:
Չնայած Կազիմիրովը գտնում է, թե ամեն դեպքում փաստացի բանակցային գործընթացը ձեւավորված է, Բաքվում էլ իրատեսական չեն համարում որեւէ համաձայնագրի ստորագրում ընթացիկ տարում Քոչարյան-Ալիեւ առաջին հանդիպմանը: «Թրենդ» ադրբեջանական գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը նշել է, թե Ադրբեջանի ղեկավարությունը դժգոհ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից:
Մամեդովը նշել է, թե Մինսկի խմբի համանախագահները 2005 թ.-ին իսկապես մի փոքր ակտիվացել են, մի քանի անգամ այցելել տարածաշրջան, երկու հանդիպում ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների, արտգործնախարարների հետ: Այս ամենով հանդերձ, Մամեդովը հայտարարել է, որ կարգավորման գործընթացը հասել է մի կետի, որտեղ, ըստ Մինսկի խմբի համանախագահների եւ այլ կազմակերպությունների ղեկավարներիՙ բոլորը հույս ունեն, որ 2006 թ.-ին հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել:
Ողջ դրականն առանց այլեւայլության վերագրելով Ադրբեջանի ղեկավարության «անտրտունջ, նպատակասլաց աշխատանքին», Բաքուն բնական է համարում ենթադրությունը, որ 2006 թ.-ին որոշակի քայլեր կարող են ձեռնարկվել: Մամեդովն ամեն դեպքում իրատեսական չի համարում որեւէ համաձայնագրի ստորագրումն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպմանը:
Թերեւս միայն իրեն հայտնի տրամաբանությամբ, Նովրուզ Մամեդովը հակամարտության կարգավորման գործընթացում դրականն իր երկրի ղեկավարին վերագրելուց զատ, գտնում է, թե Ադրբեջանն այս հակամարտության կարգավորման հարցում վայելում է միջազգային հանրության աջակցությունը: «Այսքան դրականի հետ մեկտեղ» Մամեդովը երեք առանցքային գործոնի առկայությունն է անհրաժեշտ համարում հակամարտության կարգավորման համար: Առաջինՙ հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի քաղաքական կամք, երկրորդՙ հակամարտության կարգավորման միջազգային հանրության պահանջի ձեւավորում, երրորդՙ Հայաստանի ղեկավարության հրաժարում նախկին նկրտումներից:
Ղարաբաղյան հակամարտության գործընթացի հուսադրող պահերի ի հայտ գալու մասին է հայտարարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Թրենդ» գործակալությունը տեղեկացնում է, որ Լավրովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում սպասում է նշանակալի քայլի, մասնավորապես հուսադրող պահերը կապված են տարբեր հանդիպումներում կողմերի ձեռքբերումների հետ: Լավրովի խոսքերով, մի քանի օրից տեղի կունենա Պուտին-Քոչարյան հանդիպումը, իսկ փետրվարին ծրագրվում է Պուտինի այցը Ադրբեջան: Այդ ընթացքում ռուսական կողմը կրկին հարց կբարձրացնի այս տարի բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու համար, նկատի ունենալով հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցման ավարտումը:
Ամեն դեպքում, Լավրովը վստահեցրել է, որ Մինսկի խմբի համանախագահներիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փետրվարին հանդիպելու առաջարկին երկու նախագահները սկզբունքային համաձայնություն են տվել:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ