«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2006-01-18 | #8, 2006-01-19 | #9, 2006-01-20


ԱՄՆ-Ը ՊԱՐԶԵՑՆՈՒՄ Է ԱՅՑԱԳՐԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Քոնդոլիզա Ռայսը հաղորդել է Միացյալ Նահանգներ այցելության պատրաստվող արտասահմանցիներին այցագրերի տրամադրման ընթացակարգը պարզեցնելու մտադրության մասին: «Վաշինգտոն թայմս» թերթի տվյալներով, նորամուծությունները թույլ կտան ԱՄՆ-ի այցագրեր ստանալու համար դիմումներ ներկայացնել էլեկտրոնային ձեւով եւ հյուպատոսության աշխատակիցների հետ հարցազրույց ունենալ հեռուստակամրջի օգնությամբ, առանց անմիջականորեն դեսպանատուն կամ հյուպատոսություն գնալու: Ամերիկյան այցագրերի հավակնորդներին այլեւս հարկ չի լինի վճարել 100 դոլար եւ ժամերով հերթ կանգնել այցագիր ստանալու դիմում ներկայացնելու համար, որը կարող է եւ մերժվել:

«Մենք ձգտում ենք ստեղծել XXI դարի փաստաթղթեր, որոնք կպահպանեն անձի գաղտնիքը եւ միաժամանակ մարդկանց հնարավորություն կընձեռեն անվտանգ տեղաշարժվել աշխարհով մեկ», ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Նորամուծության շնորհիվ, ուսանողները կկարողանան ստանալ 120 օրվա ամերիկյան այցագրեր եւ ԱՄՆ ժամանել պարապմունքներն սկսվելուց 45 օր առաջ (այժմ` համապատասխանաբար 90 եւ 30 օր):

Պետդեպը հայտարարել է, որ էլեկտրոնային ձեւով ամերիկյան այցագրերի համար հայտերի ներկայացման պիլոտային ծրագիրը կգործարկվի մինչեւ 2006 թվականի դեկտեմբերը: Վաշինգտոնի Դալլաս օդանավակայանում եւ Հյուստոնի Ջորջ Բուշի օդանավակայանում գործողության կդրվեն «ապագայի օդանավակայանի» պիլոտային ծրագրեր: Ժամանման կետերում տեղադրված հեռուստացույցների էկրաններին կցուցադրվեն հոլովակներ, որոնք կոչված են թեթեւացնելու սահմանապահ վերահսկողությունն անցնելու գործընթացը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4