«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2006-01-18 | #8, 2006-01-19 | #9, 2006-01-20


ՀԱՆՈՒՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

Նախորդ տարվա հունիսին «Ընտրական օրենսգրքում» կատարված մեծածավալ փոփոխությունների մասին ընտրական գործընթացին մասնակցողներին տեղեկացնելու նպատակով Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիան (ՀՀՀԱ) մոտ 2 ամիս առաջ իրականացրել է «Մեկնաբանված նոր ընտրական օրենսգրքի հրատարակում եւ տարածում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հրատարակվել է նորացված ընտրական օրենսգրքի մասին մեկնաբանությունների ժողովածու, Երեւանում եւ բոլոր մարզերում կազմակերպվել են 24 սեմինարներ: Հիշյալ ծրագիրը, որը ներկայացվեց երեկ, իրականացրել է ՀՀՀԱ-ն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Եվրասիա» հիմնադրամի եւ «Քաունթերփարթ ինթերնեշընլ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանի խոսքերով, նախաձեռնության հիմնական նպատակն է մեկնաբանությունների միջոցով բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը ընտրակարգի, օրենսգրքի փոփոխությունների ու նորամուծությունների մասին եւ նպաստել ընտրություններին նրանց առավել ներգրավվածությանը: «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ. հարցեր եւ պատասխաններ» հրատարակությունը մեկնաբանում է «Ընտրական օրենսգրքի» ՏԻՄ հատվածը եւ հասցեագրված է համայնքի ղեկավարներին, ավագանու թեկնածուներին, ԶԼՄ-ներին, ընտրողներին, մի խոսքով` ընտրական գործընթացին մասնակից բոլոր անձանց: Ծրագրի ղեկավարի խոսքերով, գրքերը մարզպետարանների, համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների միջոցով բաժանվել են մարդկանց: Պրն Պետրոսյանը նշեց, որ ուղեցույցն ունի նաեւ կիրառական նշանակություն, քանի որ մեկնաբանություններին հավելվածների ձեւով կցված են դիմումների, արձանագրությունների ձեւեր:

Ծրագրի երկրորդ մասում կազմակերպվել է 24 սեմինար, որին մասնակցել է 923 հոգի: Սեմինարի ժամանակ անդրադարձ է եղել ընտրարշավի կազմակերպման, ֆինանսավորման, ընտրությունների անցկացման, գործընթացին առնչվողների իրավունքների եւ պարտականությունների հարցերին:

Ծրագրի իրականացումից հետո կատարված հարցման արդյունքում, ղեկավարի խոսքերով, 73 տոկոսը ծրագրի իրականացումը համարել է օգտակար: Բանախոսները հայտնեցին, որ ձեռնարկը իրազեկման տեսանկյունից դրական է գնահատել նաեւ Եվրոխորհրդի դիտորդական առաքելությունը, որի զեկույցը կհրապարակվի օրերս:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4