Զգուշացեք ինտերնետից, ինչպես գրիպից
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ լսվում էր Սիրուշ Հարությունյանի հայցն ընդդեմ «Արմենտել» ՀՁՓԲԸ-ի: Հայցվորը պահանջում էր անհիմն ճանաչել «Արմենտելի» 301 հազար դրամիՙ պայմանագրով չնախատեսված եւ չմատուցված ծառայության դիմաց վճարելու պահանջը: Բաժանորդի ներկայացուցիչ Իրեն Սարգսյանի ասելովՙ հայցվորն ընդամենն օգտվել է «Էքստեռնետ» պրովայդերի մատուցած ինտերնետ կապից (հոկտեմբերի 2-10-ը), արդյունքում պարզվել է, որ բաժանորդն իբր զանգել է Մեծ Բրիտանիա եւ Գվինեա-Բիսաու:
Դատարանի դահլիճում մոտ երեք տասնյակ նույն վիճակում հայտնված բաժանորդներ էին, որոնց նույնպես «Արմենտելը» բավական խոշոր գումարների հաշիվներ էր ներկայացրելՙ իբր Ավստրիա, Սոմալի, Մեծ Բրիտանիա եւ այլ երկրների հետ միջազգային հեռախոսակապով միացումների համար: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի ասելովՙ մոտ երկու տասնյակի չափ այդ կարգավիճակում գտնվող սպառողներ դիմել են իրեն: Իսկ հայցվորի լիազորած անձի դերում ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանն էր: Դատական նիստը նախագահող Սիմա Հովսեփյանը, պատասխանող կողմի անհամաձայնությունը ստանալով, օրենքով սահմանված կարգով արգելեց տեսագրել նիստի ընթացքը: Բնականաբար «Արմենտելի» ներկայացուցիչը հիմնավորված չհամարեց հայցըՙ ասելով, որ տեղի ունեցածը հայցվորի գիտակցված եւ չգիտակցված գործողությունների հետեւանք է, պրովայդերը պետք է տեղեկացներ սպառողին այդպիսի հնարավոր վիճակի մասին, «Արմենտելը» պատասխանատու չէ, քանի որ ինքն էլ մամուլով զգուշացրել է բաժանորդներին այդպիսի իրավիճակի մասին , եւ պահանջեց մերժել հայցը:
Հայցվորի ներկայացուցիչը ձեւակերպեց իր հարցը պատասխանողին, որը նրա եւ Արշակ Սադոյանի կողմից նիստի ընթացքում հնչեցվեց մի քսան անգամ, այն էՙ արդյոք բաժանորդը օգտվե՞լ է մեկ այլ ծառայությունից (բացի ինտերնետ ծառայությունից), գրանցված 6 ժամվա ընթացքում եղե՞լ է տվյալների փոխանակում, ի՞նչ կարգի տվյալներ են փոխանակվել, ի՞նչ տիպի ծառայություն է մատուցվել ընդհանրապես: Պատասխանող Մարիաննա Ղալեչյանի ձեւակերպումներում ասվում էր միայն միջազգային հեռախոսային կապի հաստատման եւ ավտոմատ միացման մասինՙ Երեւանից Լոնդոն եւ Գվինեա-Բիսաու: Արշակ Սադոյանը շարունակում էր նույն հարցը տալՙ տվյալներ փոխանակվե՞լ են, թե միայն զնգ-զնգ է եղել: Նա հիշեցնում էր թիվ 60 լիցենզիայի մասինՙ 1 րոպեն 1 դրամ սակագին ինտերնետ ծառայության համար, մինչդեռ միջազգային հեռախոսակապի արժեքը 360 դրամ է: Պատասխանը կրկին հստակ չէրՙ տվյալ երկրներից պատասխանե՞լ են միացմանը, տվյալներ փոխանակվե՞լ ենՙ «Արմենտելի» գործը չէ, բաժանորդն ինքն է գիտակցված կամ չգիտակցված հրահանգել համակարգչինՙ անցանկալի համարներով միջազգային կապի մեջ մտնելու:
Հայցվորի հարցն ավելի հստակեցվեց. արդյոք Երեւանից, Լոնդոնից եւ Գվինեա-Բիսաույից բացիՙ երրորդ կողմ (անձ) եղե՞լ է, մինչդեռ կապ գրանցվել է միայն Երեւանի եւ այդ երկրների միջեւ: «Արմենտելի» լիազորված մյուս ներկայացուցիչըՙ Հակոբ Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Արմենտելը» չի կարող եւ չի պարզում, թե ինչպիսի տվյալներ են փոխանակվում: Նիստը նախագահողի համառ պահանջը պարզելու, թե տեխնիկապես հնարավո՞ր է դաՙ ի վերջո, ավարտվեց պատասխանող կողմիՙ դատը հետաձգելու միջնորդությամբ, մինչեւ մասնագետները փորձաքննություն անցկացնեն եւ պատասխանեն այդ հարցին: «Էդ ձեր միջնորդությո՞ւնն է, թե իմ», զարմացավ Ա. Սադոյանըՙ ավելացնելով, թե անկախ փորձագետ է պետք»: Պատասխանողի այդպիսի միջնորդությունը դահլիճում որակեցին որպես դատը ձգձգելու փորձ եւ հակասող ավելի վաղ տրված պատասխաններին: Փաստորեն բանից անտեղյակ ինտերնետից օգտվող հայցվորին ներկայացվում է անհայտ կողմի հետ կապի մեջ մտնելու (խոսելու, էրոտիկ ֆիլմ քաշելու կամ չգիտես էլ ինչ անդրծովյան ծառայության) մի շատ թանկարժեք հաշիվ, որի հնարավորության մասին պետք է անպայման հայցվորը կարդար ինչ-որ տեղ լույս տեսած զգուշացումը եւ զգուշանար դրանից, ինչպես գրիպից... պարզապես անջատելով համակարգիչը: Ըստ Սադոյանիՙ տուժել է նաեւ պրովայդերը, իսկ նիստից հետո նա այսպիսի ենթադրություն արեց. «Արմենտելը» երեւի որոշել է շարժական կապից իր կորուստները հետ բերել այսպիսի արհեստական մեթոդով: Պատգամավորը դիմել է դատախազությունՙ հույս ունենալով, որ այստեղ կպարզեն, թե ով է այս խարդախության հեղինակը: Իսկ մյուս տուժած բաժանորդները սպասում են դատավարության ելքինՙ դրանով կողմնորոշվելովՙ դիմե՞ն դատարան, թե՞ ոչ:
Հ. Գ. Հայկ Ստեփանյանին նույն ավտոմատ միացումների արդյունքում «Արմենտելը» 390 հազար դրամի, Նաիրա Օհանյանինՙ 875 հազար դրամի հաշիվներ է ներկայացրել: Այդ կարգի հաշիվներ ստացել են ինտերնետից օգտվող մի քանի տասնյակ մարդիկ: Մինչեւ այժմ «Արմենտելի» դեմ երկու դատական հայց է եղելՙ բաժանորդների պարտությամբ: Նրանք շարունակելու են դիմել հաջորդ ատյաններ: Իսկ այս մի դատավարությունը հավանաբար որոշիչ կլինի, որպեսզի մյուս տուժածները որոշեն իրենց անելիքը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ