«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2006-01-18 | #8, 2006-01-19 | #9, 2006-01-20


«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԹՌՉՆԻ ՄԻՍՆ ՈՒ ՁՈՒՆ»

Ներկայացնելով թռչնագրիպի հակազդեցության ազգային ծրագիրը` հավաստիացրել է գյուղատնտեսության նախարարը

Թռչնագրիպի դեմ պայքարի ազգային ծրագրի ընդունմամբ այդ վարակի դեմ պայքարն անցնելու է վարչապետի անմիջական հսկողության ներքո: Այս մասին երեկ ներկայացնելով կառավարության ընդունած «Բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը» լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: Նրա հավաստիացմամբ, ազգային ծրագիրն ընդգրկում է այն ամենը, ինչ կապված է այս վարակի հետ: Ծրագիրը ստեղծվել է Համաշխարհային բանկի խորհրդատուների աջակցությամբ: Դա եղել է ՀԲ պայմաններից մեկը Հայաստանին թռչնագրիպի դեմ անհրաժեշտ վարկային եւ դրամային միջոցներ տրամադրելու համար: Ակնկալվում է, որ Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 4 մլն դոլար, եւ մեծ է հավանականությունը, որ այդ գումարը կլինի դրամաշնորհ: Այս մասին առավել մանրամասն կհաղորդվի այսօր նախատեսված Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարի մամուլի ասուլիսի ժամանակ:

Գյուղատնտեսության նախարարը հերթական անգամ հավաստիացրեց, որ Հայաստանում թռչնագրիպ չկա, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն այդ վարակի ներթափանցումը կանխարգելելու, ախտորոշելու եւ վնասազերծելու համար, կատարվում է ընտանի թռչունների վակցինացիա: «Ցանկացած պաշտոնյա, նախարար, գլխավոր բժիշկ կամ մեկ ուրիշը եթե փորձի թաքցնել վարակի առկայությունը, պատասխանատվության կենթարկվի», նշեց Դավիթ Լոքյանը: Երկրի նախագահն ու վարչապետն ամենօրյա հսկողության տակ են պահում այս խնդիրը եւ համապատասխան տեղեկատվություն ստանում են ոչ միայն գյուղնախարարությունից կամ առողջապահության նախարարությունից, այլեւ ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայությունից եւ արտակարգ իրավիճակների վարչությունից:

Նախարարի մտահոգության առարկան Հայաստանի թռչնաֆաբրիկաների վիճակն էր, կապված թռչնամսի եւ ձվի սպառման նվազման հետ: Մինչդեռ, նրա հավաստմամբ, ներկայումս Հայաստանում արտադրվում են ամենաանվտանգ թռչնի միսն ու ձուն: Սակայն, հունվար ամսվա տվյալներով, ըստ այդ ֆաբրիկաների ղեկավարներիՙ նախարարին տրամադրած տեղեկատվության, սպառման ծավալները նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել են 10-15 տոկոսով: Խնդիրը բարդացել է նաեւ նրանով, որ Վրաստանն է հրաժարվել ձու ներմուծել Հայաստանից: Փոքր-ինչ անց, սակայն, Դավիթ Լոքյանն ասաց, որ թռչնի մսի վաճառքը նվազել է 2 անգամ: Նախարարը հավաստիացրեց, որ ինքն ու իր ընտանիքը օգտագործում են թռչնի միս:

«Ազգի» այն հարցին, թե ի՞նչ է արվում Երեւանում վարակը կանխելու ուղղությամբ, քանի որ ոչ միայն առանձնատներում, այլեւ հաճախ նաեւ բազմաբնակարան շենքերում բնակվողները ընտանի թռչուններ են պահում, գյուղնախարարը պատասխանեց, որ Երեւանի համար նույնպես հատկացվել է վակցինացիա, արգելվել է Զեյթունի թռչնաշուկայի գործունեությունը: Մեր մյուս հարցն այն էր, թե ինչո՞ւ թռչնաֆաբրիկաների սեփականատերերը չեն դիմում աշխարհում ընդունված գնային զեղչերի օգնությանը: Դավիթ Լոքյանը հայտնեց, որ գնային քաղաքականությունը որոշում են տնտեսվարողները:

Գյուղնախարարը նաեւ հաշվետվություն էր ներկայացրել

Բացի կառավարության նիստում թռչնագրիպի դեմ պայքարի ազգային ծրագրի հաստատումից, Դավիթ Լոքյանը երեկ վարչապետին էր ներկայացրել իր ղեկավարած նախարարության հաշվետվությունը: Առաջ անցնելով նշենք, որ նա ստացել էր «լավ» գնահատական:

Գյուղատնտեսության նախարարության համար կարեւոր միջոցառումներից նշվեց գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագիրը, համաձայն որի սուբսիդավորման են ենթակա մինչեւ 5 հա հողատարածքներ ունեցողները: 1 հա-ի համար տրվող սուբսիդավորման գումարի չափը կկազմի 40 հազար դրամ: Դավիթ Լոքյանն առանձնացրեց նաեւ գյուղմթերքների վերամշակման զարգացման ծրագիրը, որն իրականացվելու է սահմանամերձ ու լեռնային 7 մարզերում եւ որի համար միջազգային կառույցներից ստացվել է մոտ 20 մլն դոլար: Տրվող վարկերի ժամկետները կլինեն 1-7 տարի, իսկ վարկերի չափըՙ 5-150 հազար դոլար: Նախատեսվում է ստեղծել այս ոլորտի 300 փոքր ձեռնարկություններ, այդ թվումՙ սառնարանային տնտեսություններ, սպանդանոցներ, մսի, պտղի վերամշակման եւ այլ ձեռնարկություններ:

Նախարարը կարեւորեց անտառատնկման աշխատանքները: Երեւանի շուրջը տնկվել է 280 հա անտառ, իսկ մինչ ծառատունկը վերականգնվել է ոռոգման համակարգը: Այդ տարածքներն են Նորքը, գաջի գործարանի մոտ գտնվող տարածքը, Արզնիի պուրակը:

Ըստ գյուղատնտեսության նախարարի, այս ոլորտն 2005 թ.-ին արձանագրել է 11 տոկոս աճ: Անցյալ տարի եղել է պտղի առատ բերք, ավելացել է գյուղմթերքների արտահանումը: Մասնավորապես ամեն տարի Հայաստանից 500 տոննայով ավելանում է պանրի արտահանումը: Անցյալ տարին այս առումով բացառություն չի եղել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4