Բարդ էր երեկ, ավելի բարդ է այսօր Հայաստանում առողջական խնդիր ունեցող մեկին գտնել, ով բժշկի դիմելիս առաջին հերթին չմատծի, թե որքան գումար է պետք նրա մասնագիտական ծառայություններից օգտվելու համար: Իհարկե, աշխատանք է ու պիտի հավուր պատշաճի հատուցվի բժշկի գործն էլ: Այլ խնդիր է, որ մեր երկրում բնակչության մեծ մասն անվճարունակ է, բժշկի եւ ընդհանրապես աշխատավարձով տուն չի պահվի, իսկ պոլիկլինիկական ծառայությունն այս տարվա հունվարի մեկից ի պաշտոնե անվճար է, իրականում` ճիշտ հակառակը: Ինչ-որ առումով իրավիճակը հասկանալի էՙ հրամանը նոր է, բժիշկ-հիվանդ հարաբերություններըՙ վաղուց մշակված, եթե չասենքՙ հաստատագրված: Բայց երեկվանից բոլոր պոլիկլինիկաները, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանի հավաստմամբ, տեղեկացված են նոր աշխատակարգին, ինչը սակայն հազիվ թե լիովին բացառի պոլիկլինիկական ծառայությունների դիմաց վճար պահանջելու մինչ այժմ առկա պրակտիկան: Սակայն այս տարի առաջին օգնության համար բյուջեից հատկացվել է այնքան գումար, որքան 2002-ին հատկացվել էր ողջ առողջապահության ոլորտինՙ 14.3 միլիարդ դրամ: Սա արվել է առաջնային անվճար բուժօգնություն ապահովելու համար, սակայն ըստ առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանի, քիչ չեն եղել որոշ բաժինների եւ տնային ծառայությունների չարաշահումները: Հիվանդներից փող պահանջելու դեպքերն առողջապահության ոլորտի մասնագետներիՙ բնակչությանը եւս մեկ անգամ տեղեկացնել-պահանջելու հիմքն են, որպեսզի պոլիկլինիկական ծառայությունների համար չվճարեն:
Բայց կա այդ ծառայությունների մի խումբ, որը դուրս է անվճար համակարգից: Սննդի օբյեկտներում եւ առհասարակ աշխատանքի անցնելու, արտասահման մեկնելու, վարորդական իրավունք ստանալու համար բուժզննումները վճարովի են: Անվճար չեն նաեւ 18 տարին լրացած, սոցիալական կամ հատուկ խումբ չընդգրկված քաղաքացիների տնային պայմաններում բժշկի նշանակմամբ բուժքրոջ ծառայությունները: Ատամնաբուժական ծառայությունն անվճար է միայն մինչեւ 7 տարեկան անձանց համար:
Միայն թվարկված առաջնային բուժօգնության համար վճարելու ակնկալիք կա, իսկ երաշխիքներ չունեն նաեւ ոլորտի պատասխանատուները, ինչպես դրանք չկան ծննդաբերական ծառայության դեպքում: Այսօր երեխայի ծնունդն արժենում է մինչեւ 500 դոլար: Ոլորտի առողջացման համար պատասխանատուներն ակնկալում են նաեւ հայաստանաբնակների աջակցությունըՙ իրավունքների պաշտպանության տեսքով:
Նախարարությունում պատրաստ են բոլոր լծակներն օգտագործել կարգազանց բժիշկների դեմ պայքարումՙ անգամ պետպատվերի իրավունքից զրկելով եւ լիցենզիան դադարեցնելով: Բնակչությունից ակնկալում են համագործակցություն, այսինքնՙ զանգ-տեղեկացում նախարարություն:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ