«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2006-01-18 | #8, 2006-01-19 | #9, 2006-01-20


ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայրենի ճարտարապետության կազմավորման եւ զարգացման ուսումնասիրության ազգանվեր ու շնորհակալ գործում իր խոշոր եւ անուրանալի ավանդն ունի 95 տարին բոլորած դոկտոր պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վարազդատ Մարտիրոսի Հարությունյանը:

Նա ծնվել է Վան քաղաքում եւ իր հազարավոր բախտակից հայրենակիցների հետ բռնել գաղթի ճանապարհը, ժամանակավորապես հաստատվելով Թիֆլիսում: Այստեղ ապագա գիտնականն ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա Երեւանում ընդունվել պոլիտեխնիկական ինստիտուտ, որը 1937 թ. գերազանց դիպլոմով ավարտել է եւ ստացել ճարտարապետի կոչում:

Դեռ ուսանողական տարիներին դրսեւորվել են Վ. Հարությունյանի սերը եւ ձգտումը դեպի հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձանների հետազոտումը: Դա 1939 թ. նրան բերեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական բաժնի ասպիրանտուրա, որն ավարտեցՙ գրելով եւ 1946 թ. պաշտպանելով թեկնածուական դիսերտացիաՙ «Դվինի ճարտարապետական հուշարձանները» թեմայով, որը հրատարակվեց առանձին գրքով 1950 թ:

Չկտրվելով գիտական-հետազոտական եւ մանկավարժական գործունեությունից, Վ. Հարությունյանը 1945 թվականից դրանք զուգակցել է ճարտարապետական հաստատություններում ղեկավար աշխատանքի հետ: 1945-1951 թթ. նա գլխավորել է Հուշարձանների պահպանության կոմիտեն, միաժամանակ լինելով ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի ճարտարապետական գործերի վարչության պետի տեղակալ: Այս աշխատանքները նրա համար հնարավորություն ստեղծեցին հանգամանորեն ծանոթանալու Հայաստանի ճարտարապետական հուշարձաններին, ինչպես նաեւ հանրապետությունում նախագծման եւ շինարարության հարցերին: Վ. Հարությունյանի ծառայություններին պետք է վերագրել Հայաստանում հուշարձանների պահպանության ու վերականգնման, ինչպես նաեւ հաշվառման գործի կազմակերպումը գիտական հիմքերի վրա դնելը:

Վ. Հարությունյանը մոտ կես դար եղել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնի վարիչը, առաջինն է մշակել հայկական ճարտարապետության եւ տեսության դասընթացների հիմունքները, մտցրել Հայաստանում խիստ անհրաժեշտ հուշարձանների վերանորոգման եւ վերականգնման գործի դասավանդումը, համապատասխան մասնագետներ պատրաստելով բացօթյա թանգարան մեր երկրի եւ սփյուռքի համար:

Իր հետազոտական աշխատանքի հենց սկզբից գիտնականը դրսեւորեց իրեն ոչ միայն հայկական ճարտարապետության իսկական գիտակ, այլեւ, որը շատ կարեւոր է, իսկական հայրենասեր: Նրա «Արուճի տաճարի թվագրման առթիվ» 1946 թ. ռուսերեն տպագրված աշխատանքը պատասխան էր Գ. Չուբինաշվիլուՙ հայկական մշակույթի հանդեպ կատարած ոտնձգություններին, որի համար այդ տարիներին քաղաքացիական խիզախություն էր պահանջվում:

Փորձ կուտակելով Հայաստանի ճարտարապետության քիչ ուսումնասիրված առանձին խնդիրների հետազոտության ասպարեզում, Վ. Հարությունյանը 1950 թ. Մոսկվայում (Ս. Սաֆարյանի հետ համատեղ) հրատարակեց «Հայկական ճարտարապետության հուշարձանները» գիրքըՙ հարուստ պատկերազարդումով եւ գիտական բարձր մակարդակով շարադրված:

Վ. Հարությունյանի գիտահետազոտական աշխատանքում արժեքավորն այն է, որ նա ուշադրություն է դարձնում հայկական ճարտարապետության չուսումնասիրված կամ քիչ ուսումնասիրված հարցերի վրա: Այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միջնադարյան Հայաստանի քաղաքաշինությունն ու աշխարհիկ ճարտարապետությունը, դարձան նրա երկարատեւ հետազոտությունների հիմնական բնագավառները, որոնց արդյունքները հեղինակը տպագրեց առանձին գրքերով եւ հոդվածներով: Այդ մենագրություններից «Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները» գիրքը եղավ ներդրում հայկական աշխարհիկ ճարտարապետության ուսումնասիրության գործում:

Վ. Հարությունյանի որպես գիտնականի նշելի գծերից է նաեւ այն, որ նա հիմնականում զբաղվելով Հայաստանի հին եւ միջնադարյան ճարտարապետության խնդիրներով, իր այդ աշխատանքն արդյունավետ զուգակցում է նաեւ հայկական ժամանակակից ճարտարապետության հարցերի հետազոտության հետ: Դրան են նվիրված ամսագրերում եւ թերթում լույս տեսածՙ Վ. Հարությունյանի հարյուրավոր հոդվածները, տպագրված զեկուցումները: 20-րդ դարի առաջին կեսի հայկական ճարտարապետությանն է վերաբերում նրա «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» մենագրությունը, տպագրված 1955 թ. ռուսերեն, Կ. Հովհաննիսյանի հեղինակցությամբ: Այս գիրքը եղավ Խորհրդային Հայաստանի ճարտարապետության կազմավորման ու զարգացման պատմական գործընթացի գիտական սիստեմավորման առաջին փորձը:

Վ. Հարությունյանի 1960-ական թթ. հետազոտությունների շարքում ամենանշանակալիցը «Քաղաքաշինությունը հին եւ միջնադարյան Հայսատանում» խոշոր մենագրությունն էր, որը հեղինակը 1964 թ. հաջողությամբ պաշտպանեց որպես դիսերտացիա Լենինգրադում եւ ստացավ ճարտարապետության դոկտորի գիտական աստիճան: Այս աշխատությանն է առնչվում նույն թվին տպագրված «Անի քաղաքը» գիրքըՙ նվիրված Հայաստանի երբեմնի մայաքաղաքին: Իսկ այսօրվա մայրաքաղաքին էր նվիրված 1968 թ. Մոսկվայում լույս տեսած «Երեւան» գիրքը (Մ. Հասրաթյանի եւ Ա. Մելիքյանի հեղինակցությամբ), որում առաջին անգամ ներկայացվում էր Երեւանի ճարտարապետությունը քաղաքի հիմնադրումից մինչեւ նրա 2750-ամյա հոբելյանը:

Սփյուռքի հայությանը եւ ընդհանրապես արտասահմանյան ընթերցողին Հայաստանի ճարտարապետական ժառանգությանը ծանոթացնելու գործում խիստ կարեւոր էր 1975 թ., Մեծ եղեռնի 60-ամյակին Բեյրութում լույս տեսած Վ. Հարությունյանի «Հայաստանի յուշարձանները» (Մորուս Հասրաթյանի մասնակցությամբ) շքեղ պատկերազարդ գիրքը հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով:

1987 թ. Վ. Հարությունյանը հրատարակեց «Հին աշխարհի ճարտարապետությունը» ուսումնական ձեռնարկըՙ հիմնականում գրված արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ կատարած սեփական դիտարկումների հիման վրա: 1988 թ. նա տպագրեց «Եկայք շինեսցուք» գիրքը, նվիրված Վազգեն Ա կաթողիկոսի գահակալության տարիներին Էջմիածին Մայր աթոռի շինարարական գործունեությանը:

Վ. Հարությունյանի գրչին են պատկանում մի շարք հանրամատչելի գրքույկներ, նվիրված հայկական ճարտարապետական ժառանգության պահպանմանը, Թ. Թորամանյանին, Էջմիածնի հուշարձաններին, Զվարթնոցին եւ այլն: Նա ակտիվորեն ե՛ւ որպես հեղինակ, ե՛ւ խմբագրական խորհրդի անդամ մասնակցում է հանրագիտարանների, Հայաստանի պատմությանը եւ ճարտարապետությանը նվիրված ակադեմիական բազմահատորյակների կազմմանը:

Վ. Հարությունյանի կեսդարյա ուսումնասիրությունների հանրագումարը եղավ 1992 թ. տպագրված «Հայաստանի ճարտարապետության պատմությունը» կոթողային մենագրությունը (գրքի ռուսերեն համառոտ տարբերակըՙ «Հայ ժողովրդի քարակերտ տարեգրությունը» խորագրով հրատարակվել է 1985 թ:

Ուշագրավ է, որ վերջին տարիներին, երբ զգալի նվազել են հայագիտության բնագավառում նոր աշխատությունների ստեղծումը եւ նրանց հրատարակումը, Վ. Հարությունյանը կրկնապատկված եռանդով ու երիտասարդական ավյունով մեկը մյուսի հետեւից տպագրում է ինչպես գիտական ուսումնասիրություններ (օրինակՙ «Սուրբ Էջմիածնի շինարար գահակալները»), այնպես էլ իր ուղեգրությունները, Հայաստանի վերջին կեսդարյա մշակութային կյանքի տարեգրությունը հանդիսացող հուշագրությունները: 1991 թ. նրան բախտ վիճակվեց լինել իր ծննդավայր Վանում, տեղում ուսումնասիրել հայկական ճարտարապետության գլուխգործոցներ Աղթամարի տաճարը, Անիի հուշարձանները, Կարսի եկեղեցին, Վարագավանքը, եւ իր դիտարկումները տպագրեց «Նախնեաց ոտնահետքերը» գրքում: Առանձնապես արգասավոր է Վ. Հարությունյանի գիտական գործունեության վերջին տասը տարին, որի ընթացքում նա գրեց եւ հրատարակեց 15 գիրք: Դրանց շարքում պետք է հատկապես նշել «Արվեստակից ժամանակակիցներս» (Երեւան, 2001 թ.) գիրքը, եւ մեծածավալ «Հայկական քաղաքաշինության եւ ճարտարապետության տեսության եւ պատմության հիմնախնդիրները» խորագրով ժողովածուն (Երեւան, 2004 թ.):

Վ. Հարությունյանը գիտահետազոտական եւ մանկավարժական բազմամյա գործունեությունը զուգակցում է հասարակական ակտիվ աշխատանքի հետ: Նշանակալից է նրա ավանդը Հայաստանի ճարտարապետների միությունումՙ 1960-ական թթ. նա չորս անգամ անընդմեջ ընտրվել է միության վարչության նախագահ: Վ. Հարությունյանը Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամավոր ընկերության ստեղծման նախաձեռնողներից է ու 1977 թվականից մինչեւ օրս ընկերության հանրապետական խորհրդի նախագահը:

1979 թ. Հայաստանի գիտությունների ակադեմիան Վ. Հարությունյանին շնորհեց Թ. Թորամանյանի անվան մրցանակՙ «Հայաստանի ճարտարապետությանը եւ տեսությանը նվիրված գիտահետազոտական նոր եւ մեծարժեք աշխատությունների համար»; Բեղմնավոր գիտական եւ հասարակական աշխատանքի համար Վ. Հարությունյանը պարգեւատրվել է մի շարք շքանշաններով ու մեդալներով, արժանացել Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման, պարգեւատրվել է «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Հայագիտության ասպարեզում ունեցած մեծ ավանդի ու բեղմնավոր աշխատանքի համար 1996 թ. պրոֆեսոր Վ. Հարությունյանը ընտրվեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս:

Այսօր էլ հայկական ճարտարապետության պատմության ու տեսության կենդանի դասական, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը եռանդով շարունակում է իր գիտական ու հասարակական արդյունավետ գործունեությունը, վայելելով ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակների մեծ հարգանքը:

ՄՈՒՐԱԴ ՀԱՍՐԱԹՅԱՆ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4