Անկախության նվաճումից հետո թվում էր, թե հայերենի ճիշտ կիրառումը պետք է հրամայական դառնա գոնե պաշտոնական ոլորտում: Սակայն գրեթե 15 տարի անց այստեղ վիճակը կարծես ավելի անմխիթար է:
Բնական է, որ Հայաստանում նոր տնտեսական եւ քաղաքական համակարգերի հաստատումը բազմաթիվ նոր բառերի եւ հասկացությունների պահանջարկ է առաջացրել: Եվ այդ պահանջարկը մեզ դրդեց 1998-2005 թթ. ստեղծել անգլերեն-հայերեն-անգլերեն բառարանների շարք տնտեսագիտության, գործարարության, իրավաբանության, քաղաքագիտության, դրամամիջոցների եւ դրամագործության կարեւորագույն բնագավառներում:
Ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Ո՞վ է ավելի շատ ազդում լեզվական դաշտի վրա: Գերակշռությամբՙ նախ հեռուստատեսությունը, ապա մամուլը, օրենքների ու պաշտոնական այլ փաստաթղթերի լեզուն եւ պաշտոնյաների խոսքը: Տխուր իրողություն է, որ այս չորսը հայերենի աղտոտման հիմնական աղբյուրներն են: Կան նաեւ բազմաթիվ գործարարներ, որոնք գրավիչ լինելու նպատակով իրենց ընկերություններին տալիս են օտարալեզու անվանումներ:
Սակայն անդրադառնանք վերը նշված չորս աղտոտողներին: Սկսենք պետական կառույցների անվանումներից: Արդյոք հայերե՞ն է «Էկոնոմիկա» բառը, եթե արդեն կան «տնտեսություն» եւ «տնտեսագիտություն» բառերը: Սակայն կա «էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություն»: Ի դեպ, այս դեպքում «ֆինանսներն» էլ «հանրային դրամամիջոցներն» են: Հետեւաբար նախարարության ճիշտ անվանումն է «տնտեսության եւ հանրային դրամամիջոցների նախարարություն»: Կամ հայերե՞ն է «կադաստր» բառը, որը նշանակում է «ցուցակ», եւ ճի՞շտ չէր լինի այս պետական վարչությունը կոչել «անշարժ գույքի հաշվառման վարչություն»: Նման օրինակները բազմաթիվ են:
Իսկ օրենքների լեզո՞ւն: Բավական է բացեք որեւէ ՀՀ օրենք եւ կգտնեք բազմաթիվ օտար բառեր: Վերցրեք, օրինակ, քաղաքացիական օրենսգիրքը, եկամտահարկի օրենքը կամ հաշվապահական հաշվառման հաշվային պլանը: Սուբյեկտ, օբյեկտ, կոնոսամենտ, սերտիֆիկատ, սերվիտուտ, հիփոթեք, պրինցիպալ, բենեֆիցիար, օֆերտա, ակցեպտ, պարագրաֆ, ֆրախտ, ռոյալթի, գուդվիլ, հեջավորում. վերջ չկա օտար բառերին: Եվ սա այն պարագայում, երբ այդ բառերի մեծ մասի հայերեն համարժեքներն արդեն ավելի քան 10 տարի ստեղծված են եւ առկա են բառարաններում: Մնում է միայն չզլանալ եւ բացել համապատասխան մասնագիտական ժամանակակից բառարանը: Այլ ոչ թե օգտագործել ռուսականացված արտասանությամբ անգլերեն, ֆրանսերեն եւ այլ բառերը:
Անցնենք հեռուստատեսությանը: Հաղորդումների անվանումների զգալի մասն օտարաբանություն է: Համոզվելու համար բավական է վերցնել հեռուստատեսային ծրագրերի ցանկը: Ռեպորտաժ, թայմ աութ, կուբ, էքսպրես, լեգենդներ, ջազ լայվ, պոդիում, տրիբունա, պրո արտ, բիզնես, մեծ բոքս, թոք շոու, սինեմանիա, հորոսկոպ, մարկետ-շոու, բլից. արդյոք այս բառերը հայերե՞ն են: Իսկ անվերջ հնչող «բիզնես» բառը հայերեն արդեն շատ վաղուց «գործարարությունն» է: Վերջերս բոլոր ալիքներով լսում ենք «հիփոթեք» բառը, որը հայերեն նշանակում է «գույքի գրավադրման փոխառություն»: Երկար է, բայց հասկանալի է եւ հայերեն: Ամենավերջին հայտնագործություններն են լոբբի, լոբբիինգ, լոբբիստ (երկու «բ»-ի պահպանումը թեեւ հասկանալի է, սակայն հակասում է հայերենի օրենքներին) «հայերեն» բառերը: Ասում են, օրենքն էլ պատրաստվում են անվանել «օրենք լոբբիզմի մասին»: Այն պարագայում, երբ այս բառերը հստակորեն սահմանված են անգլերեն-հայերեն-անգլերեն Օքսֆորդի քաղաքագիտության բառարանում (շահախումբ, շահախմբություն, շահախմբական): Ի վերջո, եթե այս օրենքը գրողներին դուրս չեն գալիս եղած տարբերակները, թող առաջարկեն իրենցը, այլ ոչ թե եղած օտարաբանությունների ծովին ավելացնեն նորերը: «Էքսկլյուզիվ ֆրանչայզ»ՙ սա լրագրողներից մեկի «գլուխգործոցն» է: Այդ երկու բառերի հայերեն համարժեքներն էլ կան մեր բառարաններումՙ բացատրություններով հանդերձ: Եվ նման «գլուխգործոցները» մամուլում ոչ թե բացառություն են, այլ օրինաչափություն:
Անդրադառնանք պաշտոնյաների լեզվին: Բերեմ միայն մեկ օրինակՙ հեռուստատեսությամբ ելույթ ունեցող պաշտոնյաների զգալի մասն արտասանում է Եվրոմիություն: Բնական է, որ բազմիցս լսելով (իսկ այս բառն օգտագործողների մեծ մասը պաշտոնյաներ են) այս սխալըՙ մյուսները սկսում են այդպես էլ արտասանել, թեեւ ճիշտը Եվրամիությունն է, քանի որ «ո» տառով բառերը հայերենում չեն միացվում*:
Հեռուստատեսությամբ հնչող լեզվական սխալները հատկապես վարակիչ են եւ վտանգավոր հաճախակի կրկնվելու պատճառով. կրկնվող սխալներն արմատավորվում են: Օրինակՙ գրեթե բոլոր հեռուստալրագրողներն ասում են «ձեզ սպասվում է» ինչ-որ բան, «ձեզ սպասում է»-ի փոխարեն: Ով առաջինն ասաց սա, չգիտեմ, բայց համաճարակն արագ տարածվեց բոլոր հեռուստաալիքներով: Ծխախոտի դեմ հայտնի նախազգուշացման նման կարելի է որոշ օրենքներ հրապարակելիս եւ որոշ պաշտոնյաների ելույթը հեռարձակելիս տողատակին գրել «Նախազգուշացնում ենքՙ տվյալ օրենքը/ելույթը վնասակար է հայերեն լեզվին»: Ի դեպ, օգտվելով որոշ օտար բառերի «օրինականացումից», օտար անուններ սիրող գործարարները կարող են իրենց ընկերությանը տալ, օրինակ, բարեհունչ «ռոյալթի» անունը (որը նաեւ նշանակում է թագավորական արժանապատվություն, վեհություն, վսեմություն), առանց լեզվի տեսչությունից վախենալու, քանի որ, ըստ եկամտահարկի օրենքի, այս բառը հայերեն է: Կամ էլ նույն հաջողությամբ ընկերությունը կոչել մի այլ պաշտոնական փաստաթղթում կիրառվող «հայերեն»ՙ «գուդվիլ» անունով (որը նաեւ նշանակում է բարի կամք, բարյացակամություն, բարեհաճություն):
Ինչպե՞ս կարելի է պայքարել այս ամենի դեմ: Օտար բառերի սիրահար գործարարների դեմ պայքարի ձեւը պարզ է. տուգանում են: Ավելի դժվար է պայքարելը պետական կառույցների, հեռուստատեսության եւ մամուլի խոտան արտադրանքի դեմ: Սակայն այստեղ էլ լուծում կա: Հայտնի է, որ յուրաքանչյուր օրինագիծ եւ ենթաօրենսդրական փաստաթուղթ իրավական փորձաքննության է ենթարկում արդարադատության նախարարությունը: Կարծում եմ, որ մինչեւ հրապարակվելը պետական կառույցի ստեղծած յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ենթարկվի նաեւ լեզվական փորձաքննության:
Որպես մի մարդ, որը վերջին 15 տարին նվիրել է մի քանի բնագավառում անգլերեն-հայերեն-անգլերեն բառարանների ստեղծմանը, կարող եմ պնդել, որ հայերենն այնքան ճկուն է, որ յուրաքանչյուր օտար բառի դիմաց կարելի է առաջարկել ոչ միայն մեկ, այլեւ անգամ մի քանի համարժեք հայերեն բառ, որոնք ճշգրտորեն արտահայտում են հասկացության իմաստը եւ ամենակարեւորըՙ հասկանալի են:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱԲԵԿՅԱՆ
(*) Այս օրինակում խմբագրությունը համաձայն չէ հեղինակի հետ: