Ուսումնական ձեռնարկի շնորհանդես
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Օրհուսի կենտրոնի աջակցությամբ լույս է տեսել «Անձի էկոլոգիական կուլտուրան» ուսումնական օժանդակ ձեռնարկը: Երեկ գրքի շնորհանդեսին ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները կարեւորեցին նմանօրինակ եզակի հրատարակության առկայությունը եւ հույս հայտնեցին, որ անպայման շարունակություն կունենա: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինն իր խոսքում նշեց, որ դեռ վաղնջական ժամանակներում, երբ մարդը շատ էր տարբերվում այսօրվա մարդուց, ներդաշնակ էր բնության հետ, իսկ այսօրվա գիտատեխնիկական զարգացումները ոչ միայն բաժանել են նրանց, այլեւ վնասում են բնությանը: Պրն Պրյախինի դիտարկմամբՙ խնդիրը հնարավոր է լուծել միայն էկոլոգիական նոր մշակույթի ներմուծման շնորհիվ, ինչին կնպաստի այս ձեռնարկը:
Դասագիրքը նախատեսված է բարձր դասարանցիների եւ բուհերի ուսանողների համար: Համահեղինակներն են պրոֆեսորներ Արմեն Հովսեփյանը եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շրջակա միջավայրի ճարտարագիտական պաշտպանության ամբիոնի վարիչ, ԱԺ պատգամավոր Ոստանիկ Մարուխյանը: Մասնագետների գնահատմամբՙ ձեռնարկը, համակողմանի վերլուծություն պարունակելով, օգտակար կլինի նաեւ կառավարման ոլորտի, օրենսդիր մարմինների ներկայացուցիչների, լրագրողների համար: Պրն Պրյախինը տեղեկացրեց, որ վրացի գործընկերները ձեռնարկը վրացերեն թարգմանելու պատրաստակամություն են հայտնել:
«Բնությունը կատակներ չի ընդունում, նա միշտ ճշմարտացի է, մշտապես լուրջ, մշտապես խիստ», Յոհան Վոլֆգանգ Գյոթեի այս խոսքերն են դասագրքի նախաբանում: Հուսանք, ձեռնարկի ընթերցողներն այս խոսքերն ի գիտություն կընդունեն:
Թ. Մ.