«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2006-01-18 | #8, 2006-01-19 | #9, 2006-01-20


«ՓՅՈՒՆԻԿ» ԱԿՈՒՄԲԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Փյունիկ» ակումբի ղեկավարության ընդունած որոշումըՙ Մոսկվայում ընթացող «Համագործակցության գավաթի» կիսաեզրափակիչում չմասնակցել Բաքվի «Նեւթչիի» հետ հունվարի 20-ին կայանալիք հանդիպմանը, բնականաբար, հարուցել է մարզասերների, զանգվածային լրատվամիջոցների, ամենատարբեր շրջանակների հետաքրքրությունը:

Այս առթիվ «Փյունիկ» ակումբը ներկայացնում է պաշտոնական հայտարարությունՙ զերծ մնալու համար ամեն տեսակի, այդ թվում եւ քաղաքական շահարկումներից:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեռեւս անցյալ տարիՙ չնայած «Համագործակցության գավաթի» կազմկոմիտեի տված անվտանգության բանավոր երաշխիքներին, նույն մրցաշարում տեղի ունեցած «Փյունիկ»-«Նեւթչի» հանդիպումն անցավ անցանկալի միջադեպերով, որոնք կարող էին անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մարզադաշտ եկած մարզասերների համար:

«Փյունիկ»-«Շախտյոր» հանդիպումից հետո, երբ պարզ դարձավ, որ կիսաեզրափակիչում կրկին հանդիպելու են «Փյունիկը» եւ «Նեւթչին», ակումբի ղեկավարությունն անմիջապես դիմեց «Համագործակցության գավաթի» կազմակերպիչներինՙ կամ փոխելու կիսաեզրափակիչի ձեւաչափը, կամ տալու անվտանգության գրավոր երաշխիքներ: Պատճառը շատ ակնհայտ էր, քանի որ դեռեւս «Փյունիկ»-«Շախտյոր» հանդիպմանը, որը կայացավ «Նեւթչի»-«Պախտակոր» հանդիպումից հետո եւ որին ներկա էին մեծ թվով ադրբեջանցի երկրպագուներ, արդեն իսկ հնչում էին հայտարարություններ կյանքի եւ մահվան պայքարի, հաշվեհարդար տեսնելու մասին: Բացի այդ, բոլոր ռուսալեզու ադրբեջանական կայքերում անմիջապես տարածվեցին նույն բովանդակության հայտարարություններ: Մեզ հայտնի դարձան նաեւ տեղեկություններ, որ թե՛ ադրբեջանական, թե՛ հայ համայնքների մեծ թվով ներկայացուցիչներ պատրաստվում են «Օլիմպիական» մարզահամալիրում «վերացնել» նախորդ տարվա միջադեպերի հետեւանքները:

Չստանալով համապատասխան գրավոր երաշխիքներ, «Փյունիկ» ակումբի ղեկավարությունըՙ չնայած մարզական հետաքրքրությանը, գիտակցելով նաեւ հնարավոր արձագանքները, միանշանակ որոշեց չմասնակցել հանդիպմանըՙ այն չքաղաքականացնելու, որեւէ սադրանքի հրահրման պատճառ չդառնալու, հանդիպումը մարզասերների, ֆուտբոլասերների եւ հայկական համայնքի համար վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներից զերծ պահելու համար:

Կարծում ենք, որ ակումբի ղեկավարության որոշումն ըմբռնումով կընկալեն թե՛ մարզասերները, թե՛ «Համագործակցության գավաթի» կազմակերպիչները, թե՛ կազմակերպիչ ու մասնակից երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները, այնպես էլ ՀՖՖ ղեկավարները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4