«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2006-01-18 | #8, 2006-01-19 | #9, 2006-01-20


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀՐԱԺԱՐՎԵՑ «ՆԵՎԹՉԻԻ» ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԵՐԵՎԱՆ

Հայ ֆուտբոլասերները զայրացած են

Մոսկվայում անցկացվող «Համագործակցության գավաթի» խաղարկությունում ՀՀ չեմպիոն Երեւանի «Փյունիկի» կիսաեզրափակիչ մտնելը մեծ ոգեւորություն էր առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում: Եվ դա բնական էր, քանի որ մոսկովյան նախորդ 13 մրցաշարերին մասնակցած Հայաստանի թիմերից եւ ոչ մեկին չէր հաջողվել նման արդյունքի հասնել: Հունվարի 20-ին կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպման նկատմամբ մեծ հետաքրքրասիրությունը պայմանավորված էր առավելապես այն բանով, որ մրցակիցը Բաքվի «Նեւթչին» էր, որին նախորդ տարի քառորդ եզրափակիչում փյունիկցիները զիջել էին 0-2 հաշվով: Այսինքնՙ հիանալի հնարավորություն էր ստեղծվել մեր ֆուտբոլիստների համար ձգտելու ռեւանշի հասնելու, մանավանդ որ անցյալ տարվա պարտությունից հետո թե՛ ֆուտբոլիստները, թե՛ ակումբի ղեկավարությունն ու ՀՖՖ նախագահը բազմիցս հայտարարել էին, որ առիթը ներկայանալու դեպքում թիմը կփորձի վրեժխնդիր լինել:

Եվ ահա առիթը ներկայացել էր: Սակայն կարծես սառը ցնցուղ լիներ երեկ առավոտյան տարածված այն լուրը, որ «Փյունիկը» հրաժարվել է «Նեւթչիի» հետ հանդիպումից անվտանգության նկատառումներից ելնելով եւ վերադարձել է Երեւան: Երեկոյան այս առնչությամբ «Փյունիկի» մարզադպրոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որում ակումբի փոխնախագահ Կարեն Հարությունյանն ու գլխավոր մենեջեր Անդրանիկ Ծատուրյանը լրատվամիջոցներին հատկացրին «Փյունիկ» ակումբի պաշտոնական հայտարարությունըՙ փորձելով նկարագրել ստեղծված իրավիճակը: Ըստ Կարեն Հարությունյանի, հաշվի առնելով նախորդ տարի թիմերի հանդիպման ժամանակ եւ խաղից հետո տեղի ունեցած միջադեպերը, նաեւ «Շախտյորի» հետ մրցախաղի ժամանակ ադրբեջանցի ֆուտբոլասերների սպառնալիքները, դրանից բխող հետեւանքներից խուսափելու համար մինչեւ խաղի ավարտվելն սկսել են բանակցել մրցաշարի կազմկոմիտեի հետ: Ակումբի ներկայացուցիչները պահանջել են, որ կամ փոխվեն կիսաեզրափակիչի զույգերը, կամ էլ գրավոր երաշխիքներ տրվեն, որ «Նեւթչիի» հետ հանդիպման ժամանակ եւ ավարտից հետո կապահովվի թիմի ֆուտբոլիստների եւ երկրպագուների անվտանգությունը: Չստանալով դրանք, թիմը վերադարձել է Երեւան:

Ընդհանուր առմամբ ըմբռնումով վերաբերվելով «Փյունիկ» ակումբի ղեկավարության գործողություններին, այնուամենայնիվ, հայտնենք մեր նկատառումները: Արդեն այժմ թե՛ լրագրողներից, թե՛ ֆուտբոլասերներից շատերի մեջ այն կարծիքն է ձեւավորվել, որ փյունիկցիները պարզապես վախենում էին «Նեւթչիից» կրկին պարտվելուց եւ քննադատության թիրախ դառնալուց, ուստի դիմեցին այդ քայլին: Երկրորդ, որքան էլ որ փորձում են հարցը չքաղաքականացնել, սակայն պարզից էլ պարզ է, որ այնուամենայնիվ, քաղաքական ենթատեքստն առկա է: Այդ դեպքում, կարծում ենք, ճիշտ կլիներ որոշումն ընդունելիս գոնե խորհրդակցել երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հետ: Զարմանք է պատճառում նաեւ այն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ այս հարցում, ըստ հավաստիացումների, որեւէ կերպ չի միջամտել եւ իր դիրքորոշումը չի արտահայտել:

Սպորտը մնում է սպորտ, եւ, իհարկե, չպետք է այն խառնել քաղաքականության հետ: Միջազգային մրցասպարեզներում Հայաստանի եւ Ադրբեջանի մարզիկների հնարավոր մրցավեճերն առաջիկայում էլ չեն բացառվում: Եթե առաջնորդվենք միայն անվտանգության ապահովման երաշխիքներով, ապա ստացվում է, որ նման բոլոր դեպքերում մեր մարզիկները պետք է հրաժարվե՞ն մրցումներից: Աշնանը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեր մինչեւ 19 տարեկանների հավաքականը հանդիպելու է Ադրբեջանի ֆուտբոլիստների հետ: Գուցե արդեն այժմ հայտարարե՞նք, որ հրաժարվելու ենք հանդիպումից:

Ինչեւէ, «Փյունիկը» հրաժարվեց մրցաշարից եւ թիմին պարտություն գրանցվեց: Ըստ ՌԴ ֆուտբոլային միության պաշտոնական կայքի հնարավոր է այլեւս «Փյունիկը» չհրավիրվի «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: Բացի այդ նշվում է, որ կազմկոմիտեն, այնուամենայնիվ, գրավոր երաշխիքներ տվել է, սակայն «Փյունիկն» արդեն Մոսկվայում չէր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4