Զինծառայողներ Մովսես Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ մեղադրված երեք երիտասարդների ընթացիկ գործի իրավական կողմը եւ նախկին հացադուլավոր Ռազմիկ Սարգսյանի առողջական վիճակը ներկայացնելու համար երեկ «Մեդիա» սրճարանում հանդիպում էր կազմակերպվել: Ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի փաստաբանները, նրանց գործի շուրջը հավաքված ՀԿ-ների ներկայացուցիչները հայտնեցին, որ 150 օրից ավելի հացադուլի մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանը դադարեցրել է հացադուլը եւ այժմ գտնվում է Նուբարաշենի մեկուսարանի բուժմասում: Այս մասին «Ազգը» մանրամասն հայտնել էր հունվարի 11-ի հրապարակման մեջ: Նրանց խոսքերով, այս հարցում բազմաթիվ ՀԿ-ներից, միջազգային կազմակերպություններից եւ քաղաքացիներից բացի իրենց ներդրումն են ունեցել արդարադատության նախարարն ու իր խոսնակը:
«Զինվորի պաշտպանության կոմիտե» (ԶՊԿ) մայրերի նախաձեռնող խմբի նախագահ Գոհար Արմենակյանի խոսքերով, արդարադատության համար մղվող իրենց պայքարն այս դեպքում բաղկացած է 2 մասից: Առաջինի դեպքում իրենք նպատակ ունեին հասնել Ռազմիկ Սարգսյանի հացադուլի դադարեցմանը, վերականգնել նրա առողջական վիճակը եւ բերել նրան «նվազագույն մարդկային վիճակի», որը փաստորեն հաջողվեց: Բանախոսները նշեցին, որ մեկուսարանի բուժմասի պայմանները բավարար չեն Ռազմիկի առողջական վիճակի լիարժեք վերականգնման համար եւ նրան հարկավոր է ստացիոնար բուժում քաղաքացիական հիվանդանոցում: Այդուհանդերձ, երիտասարդի վիճակն այժմ «տանելի է», ստանում է գլյուկոզա եւ վիտամիններ ու թեեւ հեռու է «նորմալ վիճակ» ասվածից, բայց գոնե վերականգնման հույս կա: Ներկաների հավաստմամբ, Ռազմիկի համար դեկտեմբերին արված համալիր հետազոտությունները պետք է շարունակվեն, քանի որ տղան երիկամների, գլխի եւ ողնաշարի լուրջ խնդիրներ ունի: «Հատկապես անհրաժեշտ կլինի կրկնել էնցեֆալոգրաֆիան եւ յամաեռը, քանի որ զարմանալի զուգադիպությամբ երկու սարքավորումներն էլ հետազոտության անցկացումից հետո փչացան, եւ ժապավենները չտրամադրվեցին», նշում է «Հույս» ՀԿ-ի նախագահ Կարեն Հակոբյանը: Ինչ վերաբերում է պայքարի երկրորդ փուլին, ապա տկն Արմենակյանի խոսքերով, իրենց նպատակն է հասնել արդարադատության հենց արդարադատության համակարգում եւ ոչ թե փողոցային պայքարի ձեւով:
Անդրադառնանք երկու հարցերի, որոնց հետ կապված ամբաստանյալների շահերի պաշտպանները դիմել են դատախազություն` քրեական գործ հարուցելու համար: 3 երիտասարդների փաստաբան Զարուհի Փոստաջյանը հայտնեց, որ իր պաշտպանյալների նկատմամբ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնողները «թույլ են տվել քրեորեն հետապնդելի արարքներ»: Նրա խոսքերով, Ռազմիկ Սարգսյանն այսօր ունենում է ցնցումներ, որոնք «ոչ թե հացադուլի, այլ խոշտանգումների եւ բռնությունների հետեւանք են»: Այս առիթով փաստաբանը երիտասարդների հանդեպ բռնություններ իրականացնողների նկատմամբ քրեական գործ հարուցելու համար դիմել է դատախազությանը, որը մերժել է: Կողմը դիմումը բողոքարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, որի նիստը կկայանա այսօր:
«Ազգը» նախապես հայտնել էր, որ երիտասարդների գործով վերաքննիչ դատարանում ընթացող դատավարությունը դեկտեմբերի 2-ին անորոշ ժամկետով հետաձգվել էր, երբ ուշագնաց եղան Ռազմիկ Սարգսյանն ու նրա մայրը: Դատարանի այս որոշումը եւս փաստաբանները բողոքարկել են գլխավոր դատախազությունում, ինչը կրկին մերժվել է: Փաստաբան Փոստաջյանին, օրենքի համաձայն, խորհուրդ է տրվել իր պաշտպանյալի, ինչպես նաեւ դատաքննության ընթացակարգին վերաբերող միջնորդություններն ուղղել վարույթն իրականացնող մարմնին` վերաքննիչ դատարանին: Վերջինս էլ այս առիթով նշում է, որ վերաքննիչ դատարանը «ցավոք հրաժարվում է իրականացնել արդարադատություն»: Զարուհի Փոստաջյանն ընդգծում է, որ դատավարության անժամկետ հետաձգման փոխարեն դատարանը պետք է կասեցներ գործը, մեղադրյալին ազատեր նախնական կալանքից` հնարավորություն տալով բուժվելու եւ մասնակցելու դատավարությանը:
Գ. Գ.