Շաբաթավերջին Մոսկվա ժամանած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման օրակարգում էին երկկողմ հարաբերությունները եւ առաջին հերթին ռուսական գազի նոր, բարձր գինը, որին Երեւանում համաձայն չեն: «Ստրանա» էլեկտրոնային հրատարակությունը ենթադրում է, որ նախագահներն արծարծել են նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Իրանի միջուկային ծրագրի հարցերը: Այս կապակցությամբ պարզաբանումներ է տալիս ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, «Սոգլասիե» հիմնադրամի փոխնախագահ Անդրանիկ Միհրանյանը:
- Կարո՞ղ է արդյոք Քոչարյանը հասնել 1000 խմ-ի դիմաց գազի 110 դոլարանոց նոր գնի վերանայմանը: Հայաստանը չի՞ վերակողմնորոշվի արդյոք դեպի Իրանը որպես գազի հիմնական մատակարարի:
- Հայաստանն այսօր չի կարող վերակողմնորոշվել դեպի Իրանը, քանի որ կառուցվող Իրան-Հայաստան գազամուղը գործելու է միայն 2007 թ., այսինքնՙ դեռ պետք է ապրել ավելի քան 2 տարի: Բացի դրանից, այդ գազատար «խողովակի» տրամագիծը շատ փոքր է: Դրանով մատակարարվելիք գազը չի բավարարի նույնիսկ Հայաստանի կարիքներին: Միայն 4 տարում մատակարարումների մակարդակը կհասնի 2,3 մլրդ խմ-ի, ինչը կբավարարի բուն Հայաստանի կարիքները: Այնպես որ, առայժմ խոսք չկա տարանցման մասին:
Մյուս կողմից, հուսով եմ, որ ոչ միայն մինչեւ ապրիլի 1-ը, այլեւ դրանից հետո էլ ռուսական կողմը հնարավորություն կգտնի հայկական կողմին փոխհատուցելու գազի գնի տարբերությունը: Ըստ էության, ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսը Հայաստանին անհատույց օգնություն է հատկացնում 70-100 միլիոն դոլարի չափով: Եվ եթե Ռուսաստանն ուզում է պահպանել ռազմավարական գործընկերությունը, տարածաշրջանում իր ներկայությունը, ռազմակայանները, ազդեցությունը, ապա շուկայական հարաբերությունները չխախտելով եւ ամենուրեք միատեսակ գներ չհաստատելով հանդերձ, գազի գնի տարբերությունը կարող է փոխհատուցել հենց պետության եւ ոչ թե «Գազպրոմի» միջոցներով: Դա միանգամայն հնարավոր է:
Բայց եթե դա այնուամենայնիվ տեղի չունենա, ապա վախենում եմ, որ Ռուսաստանում Հայաստանի տարին անցնի ոչ այնքան լավ պայմաններում, քանի որ Հայաստանում հասարակական տրամադրությունները կարող են զարգանալ Ռուսաստանի հանդեպ բացասական դինամիկայի օգտին: Թեկուզ այն պատճառով, որ պարտքերի դիմաց Ռուսաստանի ստացած գործարանները չեն աշխատում, նոր աշխատատեղեր չեն ստեղծվում: Տնտեսական ամբողջ ներկայությունը միայն Հայաստանի էլեկտրական ցանցերն են եւ Հրազդանի ՊՇԷԿ-ը, Ռուսաստանի վերահսկողության տակ անցնող ատոմակայանը, մասամբՙ նաեւ «Խնայբանկի» գնումը: Մինչդեռ նոր աշխատատեղերի ստեղծում եւ արդեն գոյություն ունեցող արտադրությունների ընդլայնում տեղի չեն ունենում:
- Ժակ Շիրակն առաջարկեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնել Ֆրանսիայում: Առաջին, ինչո՞ւ Մոսկվան հանդես չի գալիս նման առաջարկություններով: Եվ երկրորդ, որքանո՞վ է իրատեսական այդ հանդիպումը:
- Նախ եւ առաջ, արդեն արտգործնախարարների հանդիպում է կայացել Լոնդոնում: Այստեղ եւս ոչ թե Մոսկվայում է, այլ Լոնդոնում: Մինսկի խմբի համանախագահները, այդ թվում նաեւ Ռուսաստանը, առաջարկեցին փոխզիջողական եւ փոխընդունելի հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման որոշակի սխեմա, եւ ահա արտգործնախարարները պետք է նախապատրաստեն նախագահների հանդիպումը: Միանգամայն հնարավոր է, որ այդ հանդիպումը տեղի ունենա Ֆրանսիայում: Ճիշտ է, անկեղծ ասած, ես խիստ կասկածում եմ: Դեռ 6 տարի առաջ ենթադրվում էր, թե ԱՄՆ նախագահը պետք է հաղթող դառնա յուրօրինակ «փոքր Քեմպ Դեւիդ» կազմակերպելով եւ հասնելով Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղ համաձայնություններին: Բայց այն ժամանակ եւս համաձայնագրի ստորագրումը ձախողվեց: Բայց հիմա որոշակի լավատեսություն ունեն թե՛ համանախագահները, թե՛ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները: Բայց տեսնենք: Ենթադրվում է, որ այս տարի կստորագրվեն համաձայնեցված եւ փոխզիջողական ինչ-ինչ համաձայնագրեր: Ու թեեւ ես անձամբ որոշակի հոռետեսություն ունեմ, բայց եթե ստորագրվեն, ապա դա կլինի որոշակի ճեղքում:
- Բայց նման համաձայնագրերի ստորագրումը վտանգ չէ՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ապագայի համար:
- Ամեն ինչ կախված կլինի ստորագրվելիք համաձայնագրերի բովանդակությունից: Եթե դրանց բովանդակությունը չհակասի Հայաստանի շահերին, ապա, բնականաբար, դա կլինի հաղթանակ եւ ոչ թե ձախողում:
- Այդ դեպքում, որպեսզի փաստաթուղթը չհակասի Հայաստանի շահերին, զիջումների պետք է դիմի Ադրբեջա՞նը:
- Այստեղ խոսքը ոչ թե նվազագույն զիջումների, այլ հայկական կողմի միանշանակ եւ մշտական հայտարարության մասին է, որ Ղարաբաղը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի մասը: Ըստ էության, ահա թե ինչի մասին է խոսքը: Իսկ դա ինչպե՞ս կձեւակերպվի: Ենթադրվում է ձեւակերպում հանրաքվեի միջոցով: Հնարավոր միակ տարբերակն այն է, որ համաձայնագիր ստորագրվի որոշ ժամանակ անց հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, որի արդյունքները պարտադիր պետք է ճանաչեն բոլոր կողմերը եւ միջազգային հասարակայնությունը: Հենց սա է միակ ընդունելի փոխզիջումը:
- Կարելի՞ է հիմա ասել, թե Հայաստանը փորձում է դառնալ ԱՄՆ-ի «լավագույն դաշնակիցը» եւ որ հակաիրանական գործողության դեպքում, օրինակ, իր երկինքը կտրամադրի ամերիկյան օդուժին:
- Կարծում եմ, Հայաստանը նման քայլի չի դիմի ոչ մի պարագայում: Սաՙ առաջին: Եվ երկրորդ, ամերիկացիներին անհրաժեշտ չի լինի Հայաստանի երկինքը, քանի որ դեպի Իրան բավարար մուտք ունեն թե՛ Ադրբեջանով եւ թե՛ հարեւան այլ երկրներով: