Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պարտականություններն այսուհետեւ կիրականացնի Վահան Տեր-Ղեւոնդյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակից ստացված հաղորդագրությունը, Ռոբերտ Քոչարյանի հունվարի 21-ի հրամանագրով Արեգ Հովհաննիսյանն ազատվել է Լիբանանում Հայաստանի դեսպանի պարտականություններից: Ինչպես տեղեկացանք ԱԳՆ լրատվական ծառայությունից, Արեգ Հովհաննիսյանը կվերադառնա ԱԳՆ, այնուհետեւ կորոշվի նրա հետագա նշանակման հարցը:
Այդ պաշտոնում նշանակված Վահան Տեր-Ղեւոնդյանը պատմական գիտությունների թեկնածու է: 1991-92 թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, 1993-95 թթ. եղել է Ֆրանսիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը: 1995-98 թթ. աշխատել է որպես Հայաստանի դեսպան Արգենտինայում, համատեղությամբՙ նաեւ Ուրուգվայում եւ Բրազիլիայում:
1998 թ. դեկտեմբերից մինչեւ 2003 թ. Վահան Տեր-Ղեւոնդյանը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը, այնուհետեւ աշխատել է որպես ՀՀ արտգործնախարարի խորհրդական: Ղեւոնդյանն ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի եւ արաբերենի: