«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2006-01-20 | #10, 2006-01-21 | #11, 2006-01-24


ԿԱՐՃՎԵՑ ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԻ ԳՈՐԾԸ

Այդ մասին հունվարի 22-ի երեկոյան տեղեկացրեց թուրքական հանրային հեռուստատեսությունը: Ինչպես հայտնի է, հռչակավոր թուրք գրողը Շվեյցարիայում հրապարակված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիայում 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ է սպանվել: Նա այս խոսքերի համար մեղադրվել էր «թուրքերի ազգային ինքնասիրությունը հրապարակավ վիրավորելու մեջ», ինչի հետեւանքով Ստամբուլի շրջաններից Շիշլիի դատարանում նրա դեմ գործ էր հարուցվել:

Քանի որ նա շվեյցարական հանդեսին հարցազրույց էր տվել մինչեւ Թուրքիայում քրեական նոր օրենսգրքի ընդունումը, այսինքնՙ 2005 թ. հունիսի 1-ից առաջ, ուստի դատարանում նրա գործը քննելու համար պահանջվում էր արդարադատության նախարարի թույլտվությունը: Ահա հունվարի 22-ին նախարարությունը գրավոր դիմել է Շիշլիի երկրորդ ատյանի դատարան եւ զգուշացրել, որ քրեական նոր օրենսգրքի համաձայն թույլտվության իրավունք այլեւս չունի, իրավասությունը դատարանին է:

Հիմք ընդունելով արդարադատության նախարարության գրությունը, Շիշլիի դատարանը որոշել է կարճել Փամուքի գործը: Կարճման փաստը հունվարի 23-ի համարներում գոհունակությամբ են արձանագրում թուրքական թերթերը, նշելով, որ վերանում է Եվրոմիության հետ հարաբերությունների լարվածության եւս մեկ պատճառ, եւ եվրոպացիները զրկվում են խոսքի ազատության սահմանափակումների մեջ Թուրքիային մեղադրելու հնարավորությունից: Ի դեպ, Փամուքին սպառնում էր շուրջ 3,5 տարվա ազատազրկում:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4