Բ մաս
Ամերիկյան ամենահայտնի թերթերից «Նյու Յորք թայմսը» հունվարի
19-ի իր խմբագրականում տպագրել է երկրորդ մասը «Թուրքիան դատարանի առաջ» հոդվածի, որի առաջին մասը լույս է տեսել այդ թերթում 2005 թ. դեկտեմբերի 21-ին («Ազգում»ՙ դեկտեմբերի 23-ին): Ստորեւ թարգմանաբար երկրորդ խմբագրականը:
Թուրքիայում արձակագիր Օրհան Փամուքի ազատ խոսքի դատավարությունն անհեթեթ շրջադարձ կատարեց, երբ մեղադրող կողմն սկսեց քննել Եվրոմիության Թուրքիայի գծով հանձնախմբի Հոլանդիայի փոխնախագահ Յոոստ Լագենդիյքին, պարզելու համար, թե արդյոք նա անցյալ ամիս Ստամբուլում Փամուքի դատավարությանը գտնվելու օրերին չի՞ խախտել երկրի անմիտ օրենքները: Պրն Փամուքին մեղադրում են անցյալ դարաշրջանում հայերի եւ քրդերի դեմ (սանձազերծված) թուրքական կոտորածների մասին հրապարակայնորեն խոսելու եւ (դրանով իսկ) «թուրքականությանը» անպատվելու մեջ: Օրենքը նաեւ ոճրագործություն է համարում կառավարության եւ պետական կառույցների անպատվումը:
Պրն Լագենդիյքը դատավարությունից հետո խոսել էր լրագրողների հետ եւ իմիջիայլոց ասել, որ եթե Թուրքիայի քրդերը երկխոսություն չծավալեն կառավարության հետ, ապա բանակի ուժեղացման ռիսկը կմեծանա:
Որ նման ակնարկը կարող էր քրեական հետաքննության արժանանալ, եւ դրանով որոշվեր, թե պրն Լագենդիյքն անպատվել է բանակին, մի ավելորդ անգամ խոսում է այն տրամադրությունների մասին, որոնք սպառնում են Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին եւ Եվրոմիությանն անդամակցելու նրա հնարավորություններին:
Պրն Լագենդիյքի դեմ դատական հայց հարուցելու հնարավորության հետեւում կանգնած է ազգայնական իրավաբանների միեւնույն խումբը, որ պրն Փամուքին էր դատի տվել: Ըստ լուրերի, այդ խումբը նաեւ այլ գրողների, լրագրողների եւ մտավորականների դատական հայցերի հետեւում է:
Թուրքական ազգայնական զգացմունքները հիմնավորվում են այն համոզմամբ, որ քրդական անջատողականությունն ու քաղաքական մահմեդականությունը մահացու սպառնալիքներ են ուղղված Թուրքիայի գոյության դեմ: Վերջին տարիներին, սակայն, Եվրոմիությանն անդամակցելու դրդմամբ, կառավարությունը մի շարք բարեփոխումներ է իրականացրել, որոնցից կարելի է նշել քրդերի փոքրամասնական իրավունքների եւ զինվորականության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ընդլայնումը: Ավելին, այդ բարեփոխումները տեղի են ունեցել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք, որի կուսակցությունը արմատներ ունի քաղաքական մահմեդականության մեջ եւ որին զինվորականությունը կարող էր պաշտոնից հեռացնել Թուրքիայի ոչ վաղ անցյալում:
Թուրքական ինքնությունն ու կառույցներն անպատվելու քրեական հանցագործություն համարող օրենքն այդ ժամանակաշրջանի ուժեղագույն մնացորդներից է, եւ այդ իրավական դրության կողմնակիցներն օգտագործում են այն պայքարելու բարեփոխումների ներկա ալիքի դեմ: Թուրք օրենսդիրները կարող են եւ պարտավոր են փոխել օրենքը: Մինչ այդ, Եվրոմիությունն ու Միացյալ Նահանգները պետք է հստակեցնեն, որ բարեփոխումներն ավելի կարեւոր են, քան հին ուժերին այդ բարեփոխումներով նեղացնելը: