«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը տեղեկացնում է, որ «Հայոց ցեղասպանությունը» վերնագրով նորՙ մեկժամյա վավերագրական ֆիլմ է ցուցադրվելու Ամերիկայի հանրային բոլոր հեռուստակայաններով (PBS TV) ապրիլի 17-ին, ինչին «Ազգը» հակիրճ անդրադարձել էր նախապես: Ֆիլմը թողարկման է պատրաստել «Էմմիի» մրցանակակիր պրոդյուսեր Էնդրու Գոլդբերգը «Օրեգոն փաբլիք բրոդքասթինգի» համագործակցությամբ: Տեքստը կարդում է դերասանուհի Ջուլիանա Մարգուլիեսը: Ըստ տեղեկատվության, ֆիլմում հարցազրույցներ են Պրինստոն համալսարանից Էլիզաբեթ Ֆրիերսոնի, Պուլիցերյան մրցանակակիր, հեղինակ Սամանթա Փաուերի, Ռուր համալսարանից (Գերմանիա) Ֆիքրեթ Ադանիրի, Մինեսոտա համալսարանից Թաներ Աքչամի, Սաբանչի համալսարանից (Թուրքիա) Հալիլ Բերքթայի, Միչիգանի համալսարանից դոկտ. Ֆաթմա Մուգե Գոչեքի, Ցեղասպանությամբ զբաղվող գիտնականների միջազգային ասոցիացիայի (Երուսաղեմ) փոխնախագահ Իսրայել Չառնիի, Գերմանիայից Թեսա Հոֆմանի, մրցանակակիր հեղինակ Փիթեր Բալաքյանի, Զորյան ինստիտուտից (Կանադա) Վահագն Տատրյանի, Կոմիտաս ինստիտուտից (Մեծ Բրիտանիա) Արա Սարաֆյանի եւ Չիկագոյի համալսարանից պրոֆ. Ռոն Սյունիի հետ:
Ֆիլմում, որի նկարահանումները կատարվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Թուրքիայում եւ Սիրիայում, ընդգրկված են նաեւ ներկայիս Թուրքիայում ապրող քրդերի եւ թուրքերի հիշողությունները իրենց նախնիներից լսած Հայոց ցեղասպանության պատմությունների վերաբերյալ, 1894-96 թթ. համիդյան կոտորածները, այլ պատմական մանրամասներ, ինչպես նաեւ հայտնի թուրք, հրեա, ամերիկացի եւ եվրոպացի գիտնականների տեսակետները ընդհանրապես Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին:
Դժբախտաբար, շարունակում է Հարութ Սասունյանը, հավասարակշռությունը պահպանելու թյուրըմբռնումով վավերագրական ֆիլմը պատրաստողները ֆիլմում ներառել են նաեւ իրենց ժխտողական մոտեցումներով հայտնի թուրք նախկին դիվանագետ Գունդուզ Աքթանի եւ թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի խիստ վիրավորական արտահայտությունները: Հատկանշական է, գրում է Սասունյանը, որ Հոլոքոսթի վերաբերյալ ֆիլմ պատրաստողները «հավասարակշռությունը պահպանելու» խնդիր չեն ունենում:
Այնուամենայնիվ, ավարտում է նա իր հոդվածը, չնայած թերություններին ֆիլմը մեծապես նպաստում է Հայոց ցեղասպանության թեման իրազեկելու ամերիկյան հասարակությանը:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ