«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2006-01-20 | #10, 2006-01-21 | #11, 2006-01-24


«ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ Է ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ»

Նշում է պետգույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը

Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի հետ մեր հարցազրույցը սկսեցինք «Ինչո՞վ էր պայմանավորված անցյալ տարվա գործունեության համար վարչապետից «լավ» ստանալը» հարցից:

- Աշխատանքով: 2005 թ.-ը մեզ համար հատկանշական է եղել այն առումով, որ վարչությունը շեշտն ավելի շատ դրել է պետական գույքի կառավարման գործառույթների իրականացման վրա: Այդ առնչությամբ մշակել ենք որոշման նախագծեր, որոնք ընդունվել են կառավարության կողմից եւ մեզ համար գործունեության հիմք են դարձել: Մասնավորապես, պետական գույքի հաշվառման եւ գրանցամատյան վարելու կարգը, որը հնարավորություն տվեց ստեղծելու պետական գույքի հաշվառման բազա: Հաշվառել ենք 4247 միավոր անշարժ գույք, 3357 միավոր տրանսպորտային միջոց, 579 ընկերության բաժնետոմս:

Կանոնակարգվել են վարձակալության տրված պետական գույքի առնչությամբ ծագող իրավահարաբերությունները: Ունեինք առանց իրավական դաշտի հստակեցման վարձակալության տրված պետական գույք, ինչը հնարավորություն չէր տալիս պայմանագրերը գրանցելու: Կառավարության որոշմամբ, անպարտաճանաչ վարձակալները կարող են պետության իրավունքը տվյալ գույքի նկատմամբ գրանցելուց հետո վճարել չվճարված պարտքը, որից հետո կնքել նոր պայմանագրեր: Հաշվառել եւ համայնքներին ենք հանձնել անավարտ շինարարության օբյեկտներ, որոնք հիմնականում չունեին հաշվեկշռային արժեքներ եւ գտնվում էին աղետի գոտում: Համայնքներին են հանձնվել նաեւ մասնավորեցման դրված 150 փոքր օբյեկտներ:

Կադաստրի պետական կոմիտեի հետ ստեղծված մեր համատեղ հանձնաժողովը հաշվառել է համայնքների տարածքներում գտնվող 1152 բացվածքները (շենքերի առաջին հարկերի տարածքները), որից 1113-ը հանձնվել է համայնքներին: Վարչությանն է մնացել 39 բացվածք:

- Մասնավորեցման ծրագրում փոփոխություններ արվե՞լ են:

- Դեռեւս գործում է 2001-2003 թթ. ծրագիրը, որտեղ փոփոխություններ են նախատեսվում: Այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք կատարեցինք, համադրեցինք ռեգիստրում գրանցված պետական եւ պետական բաժնեմաս ունեցող ընկերություններին առնչվող տեղեկությունները կառավարման մարմիններում առկա տեղեկությունների հետ եւ կատարեցինք համապատասխան ճշգրտումներ:

Դեռեւս 1998 թ.-ին քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված կազմակերպաիրավական ձեւեր ունեցող ընկերությունները պետք է լուծարվեին: Դրանք նախկին խորհրդային ձեռնարկություններ են, հատուկ նշանակություն ունեցող ձեռնարկությունները, որոնք դեռեւս շարունակում էին մնալ այդ վիճակում: Մշակեցինք քաղօրենսգրքին չհամապատասխանող կազմակերպա-իրավական ձեւ ունեցող եւ ընդհանրապես չգրանցված ընկերությունների լուծարման կարգը:

- Այս տարի քանի՞ օբյեկտ է մասնավորեցվել:

- Մասնավորեցման է ներկայացվել 69 ընկերություն, որից ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցվել է 37-ը, մրցույթովՙ 17-ը, աճուրդովՙ 3-ը: Մրցույթի դրված ոչ բոլոր ընկերություններն են մասնավորեցվել: Եթե մի քանի անգամ մրցույթը տեղի չի ունենում, կատարվում է ուղղակի վաճառք:

77 վարձակալության պայմանագրեր ենք կնքել: Մեզ է վերապահված նաեւ անհատույց օգտագործման պայմանագրեր կնքելու իրավասությունը: Վարձակալության դիմաց 192,8 մլն դրամի փոխարեն անցյալ տարի մուտքագրվել է 198,4 մլն դրամ: Աշխատել ենք հրապարակային: Մեր ինտերնետային էջը անընդհատ թարմացվել է, ինչպես նաեւ «Ազգ» օրաթերթում յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ հավելվածով աճուրդների մասին տեղեկատվություն ենք հրապարակել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4