«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2006-01-20 | #10, 2006-01-21 | #11, 2006-01-24


ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՊԱՆԻՐՆԵՐԸ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՈՒՄ ԵՆ ԱՅՍ ՍՆՆԴԱՏԵՍԱԿԸ

«Պանիրը միրգ կամ բանջարեղեն չէ, արտադրանք է, որի վաճառքը մյուս արտադրատեսակների նման պիտի վերահսկվի»

Սննդամթերքի տեսականու մեջ ամենամեծ ժողովրդականություն վայելում է պանիրը, օգտագործման ծավալներով հացեղենից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Պանիրը սննդի անհրաժեշտ բաղադրատարր ընկալվելուց բացի իբրեւ նրբախորտիկ է մատուցվում նաեւ մեզանում:

Եվրոպական եւ ամերիկյան շուկաներում պանրի գինն այսօր գերազանցում է կարագին: Կարագը պանրից թանկ է եղել միայն խորհրդային տարածքում, բայց դա մթերքի իրական արժեքը չի արտահայտել, այլ ուղղակի ստանդարտ, նշանակված գին է եղել: Խորհրդային տարիներին տնտեսվարող սուբյեկտները սեփականատերեր չէին, գործում էր մեկ ընդհանուր, հանրային սեփականություն, որի պարադոքսներից, տնտեսվարման չհիմնավորված սկզբունքներից մեկի արտահայտությունն էլ սա էր: Այսօր արդեն պանրի գինը կամաց-կամաց վերադառնում է իրական արժեքի սահմանին, առաջ անցնելով նաեւ կարագից, իրողություն, որ խորհրդային գներին սովոր սպառողի մեջ տհաճ տարակուսանք է արթնացրել:

Վերջին շրջանում, երբ սննդամթերքի այլ տեսակների հետ պանրի վաճառքն էլ հսկողությունից դուրս եկավ, այն հայտնվել է կիրառման տեսանկյունից վտանգավոր ու կասկածելի մթերատեսակների ցանկում: Փողոցում վաճառքի ներկայացված գյուղացիական մթերքների մեջ իր հաստատուն տեղն ունի տնական պանիրը: «Եթե գյուղացիական պանիրները եւս պետության կողմից ընկալվեն իբրեւ արտադրական մթերքներ եւ հարկվեն, այդ ժամանակ շուկայում աստիճանաբար կպակասի անորակ կաթնամթերքի քանակը: Վաճառքի արգելքը ոչ մի հարց չի լուծում: Օրենքները նույն ձեւով պիտի գործեն բոլորի համար: 30 կամ 50 կով ունեցող մենատնտեսը չպետք է առանց համապատասխան տեխնոլոգիական սարքավորումների ու կանոնների առկայության, անօրինական կարգով, արտոնյալ պայմաններով, առանց եկամտահարկի, շահութահարկի վճարման իր արտադրանքը հանի շուկա», շուկաներից, փողոցային վաճառքից պանրի դուրսմղման այսպիսի լուծում է առաջարկում Լոռու մարզի «Դուստր Մելանյա» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Հարությունյանը:

Ոչ ոք ոչ ստուգում, ոչ էլ կարող է երաշխավորել շուկայում ներկայացված ամենաբազմազան պանիրների որակը: Ստվերային արտադրողը ոչ թե մթերքի որակը բարելավելու, առողջ հոտ եւ ժամանակակից ֆերմա ունենալու, արտադրության տեխնոլոգիաները կատարելագործելու, այլ շահույթը մեծացնելու խնդիր ունի միայն: Տեխնոլոգիական բոլոր կանոնների պահպանմամբ պանիր արտադրող տնտեսվարողը չի կարող մրցակցել նրա հետ:

Ոչ վաղ անցյալում մեր գիտնականների ջանքերի շնորհիվ պանրի արտադրությունն այնքան էր զարգացած, որ, օրինակ, անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կաթի պրոբլեմային լաբորատորիայում ներդրվել էր այնպիսի պանրատեսակների արտադրություն, որոնք օժտված էին աղեստամոքսային հիվանդությունների կանխարգելման ու բուժման հատկություններով: Այժմ իրականությունը 180 աստիճանով շեղվել է բնական ընթացքից: Շուկաներում պատահական վաճառքի ներկայացված պանիրներից հեշտությամբ կարող ես վաստակել ստամոքսի եւ աղիքային հիվանդություններ:

Վերահսկողության բացակայության պայմաններում խիստ իրական է դառնում հիվանդ կենդանու կաթից ստացված, վարակված պանիր գնելու հավանականությունը: Հատկապես վտանգավոր են բրուցելոզ ու տուբերկուլյոզ հիվանդությունները, որոնք հեշտությամբ փոխանցվում են մարդուն: «Եթե համեմատում ենք խորհրդային տարիների հետ, ապա հատկապես խոշոր եղջերավոր անասունների հիվանդությունների վերահսկողությունն այսօր շատ ավելի թույլ է, չնայած անցած տարվանից գյուղերում ու մարզկենտրոններում մշտապես աշխատող անասնաբույժների հաստիքներ առանձնացվեցին», ասում է Ռուբեն Հարությունյանը:

Առանց որակը հիմնավորող փաստաթղթերի, առանց համապատասխան սերտիֆիկատի պանրի որակը նույնիսկ մասնագետը չի կարող անմիջապես գնահատել, ուր մնաց սովորական գնորդը: Նույն կերպ շուկայի բժիշկները եւս ի վիճակի չեն վերահսկելու իրենց վաճառակետերում առկա պանիրների ողջ տեսականին: Դրա համար երկար ժամանակ եւ բավականին հետազոտություններ են պետք, այն էլ լաբորատոր պայմաններում: Դա տեղերում պետք է իրականացնեն անասնաբուժական ծառայությունները, որոնց մեծամասնությունը, բնականաբար, հետազոտման լաբորատոր հնարավորություններ չունի: Պանիրների ճնշող մասը հասունանում է ամիսների ընթացքում, ֆիզիկական աշխատանքի եւ էներգետիկ մեծ ծախսերով: Հարկային դաշտից դուրս, ստվերում հանգիստ առեւտուր անող ո՞ր մենատնտեսի ազնվությանը կարելի է հավատ ընծայել, եթե նա խարդախում է պետության հետ իր հարաբերություններում:

Երբեմն շուկայի վաճառողները, դյուրահավատ գնորդի վստահությունը շահելու համար իրենց ապրանքը ներկայացնում են իբրեւ այս կամ այն պանրագործարանի արտադրանք: Երբ նրանցից մեկին խնդրեցի ներկայացնել հիշատակված գործարանի հաշիվ-ապրանքագիրը, նա նույնիսկ գաղափար չուներ դրա վերաբերյալ:

Սովորաբար կաթի առատ շրջանում գյուղացիների ու կաթնամթերք արտադրողների միջեւ սրվում է արդեն սովորական դարձած հակասությունը կաթի իրական գնի եւ գյուղացուն տնտեսվարողի առաջարկած թվերի վերաբերյալ: Կաթի հավաքման կետերում 1 լիտրի միջին գինը 80-100 դրամ է: Այս հանգամանքը եւս Ռուբեն Հարությունյանը փորձում է բացատրել շուկայում տիրապետող, անանուն, չճանաչված, գյուղացիական անկոչ պանիրների առկայությամբ: «Քանի դեռ շուկան սպասարկում են գյուղացիական պանիրները, կաթի գինը չի մոտենալու իրական արժեքին: Միգուցե չափազանցված թվա, բայց այսօրվա պայմաններում կաթի 1 լիտրի գինը պիտի հասնի 150-180 դրամի սահմանին, իսկ պանրինը` 2200-ից 2500 դրամի: Դա ֆանտաստիկա չէ, այլ կաթի արտադրության նվազագույն ծախսերի հաշվարկ: 100 դրամանոց կաթը գյուղացիական ֆերմերական տնտեսությունները քանդելու ճանապարհ է: Եթե այսպես շարունակվի եւս 5 տարի, գյուղացիական տնտեսությունները կփոշիանան: Որովհետեւ 1 կամ 2 անասուն ունեցող անհատ մենատնտեսը երբեք շուկան չի կարող ապահովել արտադրանքի նորմալ որակով ու քանակով:

Առաջին հերթին շուկաներում պետք է ուշադրության կենտրոնում պահել ամեն տեսակ պանիրների վաճառքը, որովհետեւ դրանք միրգ ու բանջարեղեն չեն, դա արտադրություն է, արտադրանք, որ պիտի վերահսկվի: Միայն այս հանգամանքը կարող է առողջացնել պանրի արտադրության եւ վաճառքի շուկան»:

Ավանդաբար հաց ու պանրի սիրահար հայ սպառողը, որը գեթ մի քիչ նախանձախնդիր է սեփական առողջությունը շուկայական նորահայտ վտանգներից հեռու պահելու հարցում, բնականաբար, պիտի սահմանափակի իր ախորժակը, գնելով ավելի նվազ քանակի թանկարժեք պանիրներ, որոնք գործարանային եւ ամենակարեւորը` ստուգված արտադրանք են: Այս դեպքում «թանկից էժանը չկա» ժողովրդական իմաստությունը ճիշտ իր տեղում է:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4