«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2006-01-20 | #10, 2006-01-21 | #11, 2006-01-24


ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏԵՍՆԵԼ, ՔԱՆ ԲԱԶՄԻՑՍ ԼՍԵԼ...

«Ազգը» հոդված էր հրապարակել նոտարական գրասենյակներում վճարումների համար կտրոններ չտրամադրելու, ժամերով հերթում սպասելու, տեղեկատվության տրամադրման նաեւ մանրատառ փակցված նյութերի վերաբերյալ: Հոդված ում արծարծված բանավոր դժգոհությունների մասին տեղեկացրինք արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Նախարարը ընդունեց, որ այդ բնագավառում անելիքներ դեռ կան, չնայած շատ բաներ փոխվել են... Նախարարի հանձնարարությամբ նոտարների վարչության պետ Մարիամ Գաբոյանը «Ազգ» օրաթերթի լրագրողի հետ ստուգողական շրջայց կատարեց Կենտրոնի հինգ նոտարական գրասենյակներ:

2005 թ. հանրապետությունում գործող 45 նոտարական գրասենյակներում աշխատող բարձրագույն կրթությամբ 70 նոտար կատարել է 387886 նոտարական գործողություն (2004-ինՙ 318833), որոնց դիմաց գանձվել է մոտ 629 մլն 161 հազար դրամ (2004-ինՙ 606536000) պետական տուրք: Նոտարական բաժինը ստուգել է Երեւանի նոտարական տարածքներում աշխատող 8 նոտարների աշխատանքային գործունեության օրինականությունը. Նոր Նորքի նոտար Մուրադ Մակարյանը, Շենգավիթի տարածքից Սվետլանա Հովակիմյանը աշխատանքային տույժի են ենթարկվել (3-6 ամիս զրկվել աշխատելուց), իսկ Վանաձորի նոտար Նելլի Գյուլզադյանը նախարարի ներկայացրած հայցով դատարանի որոշմամբ ազատվել է աշխատանքից:

Տկն Գաբոյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ դեռ շատ անելիքներ կան, օրինակ, հաճախ խուլ ու համրերին մի կերպ են կարողանում հասկացնել, մինչդեռ անհրաժեշտ են համապատասխան սուրդո-թարգմանիչներ, որոնք կաշխատեն նոտարների հետ: Նաեւ ֆլամանդերեն, ճապոներեն, չինարեն, հնդկերեն լեզուներից համապատասխան թարգմանիչների կարիք կա: Այդ հարցով դիմել են կառավարությանը, արդեն գործում են ֆլամանդերեն եւ ադրբեջաներեն լեզուներին տիրապետող 2 թարգմանիչներ:

Նոտարական գրասենյակներ դիմողներից առյուծի բաժինը ժառանգությանն է վերաբերում, 75000-ըՙ ստորագրություններին ու համաձայնագրին, 41000-ըՙ պատճեններին, 38000-ըՙ լիազորագրերին, 30000-ըՙ ներկրված ավտոմեքենաների պայմանագրերին, 19000-ըՙ գրավի փաստաթղթերի ձեւակերպմանը եւ այլն: Իսկ կուտակվող հերթերը տկն Գաբոյանը բացատրեց, որ նոտարը իրավունք ունի 3 օր փաստաթղթերը ուսումնասիրելու, ու պետք է նոտարի հետ նախապես պայմանավորվեն, որպեսզի հերթեր չառաջանան: Իսկ պետտուրքի ու նոտարի ծառայության դիմաց գանձվող գումարների համար, բացի մատյաններում գրանցելուց ու ստորագրել տալուց, նաեւ քաղաքացիներին տրվում է (մեկ մշակված ձեւի) անդորրագիր: Տկն Գաբոյանը նշեց նաեւ, որ ամեն չորեքշաբթի, ժամը 16-ից ունի ընդունելություն եւ թողեց իր հեռախոսահամարըՙ 582356, որպեսզի դժգոհությունների դեպքում տեղեկացնեն անգամ իրեն:

Ստուգողական այց կատարելով նոտարական 5 գրասենյակներումՙ պատկերը այսպիսին էրՙ Բաղրամյան առաջին փակուղի 14ա հասցեում գտնվող նոտարիատը բազմամարդ էր երեք նոտարների առկայությամբ: Սա հենց այն նոտարն է, որ իրականացնում է նաեւ ժառանգության հարցերը: Նոտարական պալատի նախագահ, նոտար Ալվարդ Մելքոնյանը 3 ժամվա ընթացքում ընդունել էր 25 քաղաքացու 3-4 գործով, նույնն էր նաեւ մյուս երկու նոտարների մոտ: Տկն Մելքոնյանը նշեց, որ նոտարների աշխատանքի մասին թյուր կարծիքներ տարածում են վերջերս ի հայտ եկած անձինք, ովքեր ցանկանում են մասնավոր նոտարական գրասենյակներ բացել եւ ամեն կերպ փորձում են խոչընդոտել իրենց աշխատանքներին: Բոլոր 5 գրասենյակներում կային վճարման դիմաց տրվող կտրոններ: Կորյունի 21, Իսահակյան 18, Տերյան 83, Մաշտոցի 29 նոտարական գրասենյակներում ընդամենը 2-3 մարդ կար, ու կատարվել էր 2-4 գործարք մինչեւ ժամը 13-ը: Բացի նորաբաց Տերյան 83 նոտարիատից, մյուս նոտարական գրասենյակներում փակված էին անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն խիստ մանր ու խիտ տպագրված: Տկն Գաբոյանը հանձնարարականներ տվեց, որ կարճ ժամանակով այդ փաստաթղթերը ավելի մեծ տառերով փակցվեն հարմար տեղերում: Տկն Գաբոյանը նաեւ տեղեկացրեց, որ ընթացքում է ժառանգության բանկի ստեղծման ծրագիրը, որից հետո շատ ավելի կհեշտանան գործառույթները ու հերթեր չեն գոյանա:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4