«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2006-01-20 | #10, 2006-01-21 | #11, 2006-01-24


ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԷԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ Է ՊԵՏՔ

Մանրիկ, խառնիխուռն ծրագրեր, որոնք քաղաքի զարգացումը տանում են քաոսային հունով: Մոտավորապես այսպես բնորոշեց հանրապետության նախագահը քաղաքապետարանի գործունեությունն անցած շաբաթավերջին այստեղ անցկացված խորհրդակցության ժամանակ. «Չկա որեւէ վերլուծություն, թե ինչպես է զարգանում քաղաքը, այն, ինչ արվում է, ընդհանրապես ինչ ազդեցություն է ունենում քաղաքի զարգացման վրա: Եթե այդ վերլուծությունը չանեք եւ չկապեք ձեր ծրագրերի հետ, կստացվի, որ ուղղակի մեխանիկական աշխատանք եք կատարում»:

Մենք արդեն սովորել ենք այն իրողությանը, որ ժամանակ առ ժամանակ անդրադառնալով այս կամ այն բնագավառին, հանրապետության նախագահն այսպիսի սպանիչ գնահատականներ է տալիս: Բայց այն ընթացքում, երբ նա զբաղված էր այլ բնագավառներով, հիշատակվածները հասցնում են իրենց սեւ գործն անել այս կամ այն ասպարեզում, չինովնիկ եւ շարքային քաղաքացի հարաբերություններում վստահության անդառնալի կորուստներ կրել:

Ճշմարտությունն այն է, որ քաղաքը մեկ ամբողջական միավոր չընկալելու արատավոր սկզբունքը գործունեության արդեն ավանդական գործելաոճ է դարձել ոչ միայն ներկա, այլեւ նախորդ քաղաքապետների պաշտոնավարման օրոք: Եվ այս տեսանկյունից նախագահի գնահատականները նույնիսկ մեղմ ու զիջողամիտ կարելի է համարել: Փորձեք թվարկել մեկ կամ մի քանի բարեփոխում, որ անկախացումից հետո կատարվել են քաղաքային իշխանության իրավասության տակ գտնվող որեէ ասպարեզում` լինի տրանսպորտի, փողոցային առեւտրի, սանմաքրման, բարեկարգման: Խառնիխուռն կրպակների կուտակումներ, ու սրճարանների հոծ բազմություն, կանաչազերծ արված ու բետոնապատ զբոսայգիներ, վաղուց մոռացված էկոլոգիական խնդիրներ, մայթերն ու փողոցները գրաված անհասկանալի հսկա շենքեր: Այսպես է այսօր ներկայանում բարենորոգված Երեւանը անկախության տարիներից հետո: Եվ դժվար է ասել, այդ փոփոխությունների լավը քանի տոկոս եղավ, եւ ինչքան տուժեցին մարդիկ ու քաղաքը դրանց հանկարծահաս, համառ ներխուժումից:

Նախագահը խիստ քննադատեց նաեւ հողերի աճուրդների կազմակերպումը: «Երեւանում մարդ չեք գտնի, որ հավատա, թե աճուրդներն արդար են անցկացվում: Այստեղ մեծ անելիքներ ունեք, եւ այս տարի աճուրդների գործընթացի կարգավորումը գերակայություն է լինելու: Թույլ չենք տալու դրանք անցկացնել այնպես, ինչպես մինչեւ հիմա է: Հողային օրենսգրքում կկատարվեն համապատասխան փոփոխություններ, նաեւ նախագահի վերահսկողական ծառայությանը հանձնարարված է աճուրդների մասով մշակել մեխանիզմ, որը կբացառի խարդախությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ եւ այլ ձեւերով կատարվող ապօրինությունները», նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի նկատողությունը որքան ճիշտ, նույնքան էլ ուշացած կարելի է համարել: Երեւանի մեծ ու փոքր կենտրոններում այլեւս աճուրդի ենթակա գայթակղիչ պատառներ չկան, կռիվը ծայրամասերում է վաղուց արդեն: Այդ ընթացքում աճուրդային ապօրինություններն այնքան են լցրել իրենց այգիներից ու տունուտեղից զրկված մայրաքաղաքցիների հիասթափության բաժակը, որ վստահությունը վերականգնելու համար չափազանց երկար ժամանակ ու ջանքեր են պետք:

Չի կարելի ասել, թե պաշտոնյաները մոռացել են հիշատակված խնդիրները: Ամենեւին այդպես չէ: Փառք Աստծո, տարին մի քանի անգամ բոլոր քաղաքապետների իշխանության ժամանակ քաղաքապետարանի կամ նույնիսկ կառավարության որոշումների լույսի ներքո փողհարվել են դրանք, պարտադիր կարգով ժամկետներ նշվել ու ժամանակացույցներ կազմվել: Քաղաքապետարանի մտքի մարզանքները դրանից այն կողմ չեն անցել, եւ իրական պատկերը մնացել է նույնը: Տպավորությունն այն է, որ տարիներ շարունակ քաղաքապետարանը ժամավաճառությամբ է զբաղվել` սուր ճոճելով աներեւույթ թշնամիների դեմ: Աներեւույթ այդ թշնամիները ե՛ւ իրավական դաշտի անկատարությունն են, ե՛ւ լծակների բացակայությունը` առկա խնդիրներին գործնական լուծում տալու համար, ե՛ւ վերադաս իշխանավորների, մեծ ու փոքր օլիգարխների ճնշումները: Սակայն այս բոլոր թվարկումները քաղաքապետարանի անկատար գործողությունների խոչընդոտի հետեւանքն են միայն:

Ինչպես երկրի, տնտեսության համար կարեւորագույն հարցերի, այնպես էլ Երեւանի նորմալ, առողջ կենսագործունեությունն ապահովելու համար քաղաքական կամք է հարկավոր: Այդ բոլոր խնդիրները ձյունի պես կհալվեին, եթե վերին ցանկությունն ու կամքը մի քիչ ավելի վճռական լինեին: Երեւանի իրական զարգացումը, սակայն, տարիներ շարունակ կարկամել է մեծ ու փոքր շահերի մշտական բախումներից, ընթացել անորոշ ու տարտամ հունով, եւ ունեցանք այն, ինչ ունենք:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4