Երեկ մայրաքաղաքի Շահումյան հրապարակում հանդիսավորությամբ երթուղի մտան Ռուսաստանի Պավլովո քաղաքից բերված 50 «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսներ:
50 ավտոբուսների ընդհանուր ծախսը (փոխադրումներով եւ գազի սարքավորումների տեղադրմամբ) կազմել է 250 հազար դոլար, 2 անգամ ավելի էժան «Բոգդան» մակնիշի ավտոբուսներից:
Գազով աշխատող այս լիակատար նոր փոխադրամիջոցների ուղեվարձն էլ էժան է` 70 դրամ: Սակայն սա չի նշանակում, որ դիզելային վառելիքով աշխատող 100 դրամանոց «Բոգդանները» եւս իջեցնելու են ուղեվարձը: «Նրանց շահագործման ծախսերը մեծ են», ասում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Սահակյանը:
Նոր ավտոբուսների նոր վարորդները, սակայն, լավատեսորեն չէին տրամադրված նույնիսկ 70 դրամանոց ուղեվարձի հանդեպ: Նրանց համոզմամբ, մարդիկ նախընտրում են 100 դրամանոց արագընթաց միկրոավտոբուսները: 50 դրամ ուղեվարձի դեպքում միայն ավտոբուսները լիքն են եղել: Իսկ վարորդների աշխատավարձը գործարքային է լինելու, կախված փոխադրած ուղեւորների քանակից:
Աշոտ Սահակյանի ասելով` նոր ավտոբուսների նոր երթուղիները հաստատվել են երթուղային քարտեզի համաձայն: Դա նշանակո՞ւմ է, որ նոր ավտոբուսների մուտքով միկրոավտոբուսների որոշակի քանակ դուրս կմղվի երթուղիներից: Մեր այս հարցին պաշտոնակատարը ժխտական պատասխան տվեց: Մինչդեռ ոլորտի իրավասուները մշտապես հավատացրել են, որ տրանսպորտի կանոնակարգման քաղաքականությունը միկրոավտոբուսների աստիճանական կրճատումների ուղով է ընթանալու:
Թիվ 2, 12, 23, 34 ավտոբուսները կսպասարկեն Ռադիոկայմ- «Արաքս» մարզադաշտ /թիվ 2/, Աերացիա-Դավիթաշեն /թիվ12/, Էներգետիկների բանավան-Աբովյան պուրակ /թիվ 23/, 15-րդ թաղամաս-Ե/Գ կայարան /թիվ 34/ ներքաղաքային երթուղիները: Հերթական հիասթափությունն ապրած, տրանսպորտային ամենօրյա գողգոթայից բազմատանջ քաղաքի մյուս հատվածների ուղեւորները պիտի համբերեն, մինչեւ այս տարվա ընթացքում եւս 150 ավտոբուսների ներկրումը:
Թե ինչ սկզբունքով են ընտրվել երթուղիները, հայտնի չէ: Նորքի 7-րդ զանգվածում, ուր տասնյակ հազարավոր մարդիկ են ապրում, տրանսպորտային սպասարկումը, հատկապես առավոտյան եւ երեկոյան ժամերին, ամենաանհուսալի վիճակում է: Եվ այդ մասին մեկ անգամ չէ, որ ահազանգել են բնակիչները, խնդիրը բազմիցս բարձրացվել է նաեւ մեր թերթում: Երեւում է, տրանսպորտային քաղաքականության սկզբունքները որոշողները շարունակում են մնալ այս ասպարեզի մենատեր «գծերի տերերը»:
Ի դեպ, ավտոբուսների հանդիսավոր մուտքի արարողությանը ներկա փոխքաղաքապետ Սլավա Ավանեսյանը տեղեկացրեց, որ այս եւ գալիք տարվա ընթացքում Երեւան կներկրվեն նաեւ 50 տրոլեյբուսներ: Դրանք նոր չեն լինի, քանի որ նորերն անմատչելի են` 1 տրոլեյբուսի գինը 1 մլն եվրո է: Ռուսաստանից բերվելու դեպքում` հին տրոլեյբուսը կնստի 140-150 հազար դոլար:
Կ. Դ.