«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2006-01-20 | #10, 2006-01-21 | #11, 2006-01-24


ՏԵՂԱՑԱԾ ԱՌԱՏ ՁՅՈՒՆԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԱՐԵՑ ՈՒՂԵՎՈՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ

Հակառակ իշխանավորների խոստումներին այս տարի եւս ոչինչ չփոխվեց

Ուրբաթ օրը տեղացած այս տարվա առաջին «լուրջ» ձյան ստեղծած խուճապային իրավիճակն ավելի վատթարացավ երեկվա ձյան պատճառով: Մինչ քաղաքապետարանից մեզ հայտնեցին, թե սանիտարական սեկտորները պատկանում են թաղապետարաններին եւ նրանք էլ պետք է իրականացնեն քաղաքի մաքրումը, մենք փորձեցինք անձամբ տեղեկանալ այս օրերին փողոցներում եւ համայնքներում իրականացված մաքրությանը: Հետաքրքրական է, որ քաղաքի ձյան մաքրմանը հետեւող քաղաքապետարանը չի նկատել, որ ուրբաթ օրվանից մինչ այսօր որեւէ նկատելի արդյունք չի գրանցվել:

Առատ ձյունը արդեն մի քանի օր կաթվածահար է արել քաղաքի երթեւեկությունը: Փողոցների թե՛ երթեւեկելի, թե՛ հետիոտնի համար նախատեսված հատվածները պատված են ձյան հաստ շերտով:

Բոլոր փոխադրամիջոցները դժվարանում էին շարժվել ճանապարհների չմաքրված ձյան պատճառով, դժվարանում էին տեղաշարժվել անգամ հետիոտները: Փողոցում պատահած քիչ երթուղայինները կա՛մ դժվարությամբ եւ շատ դանդաղ էին առաջ ընթանում, կա՛մ էլ ուղեւորները իջնում եւ հրում էին դրանք: Նույն տեսարանն էր նաեւ տաքսիների դեպքում. ուղեւորների հրելու շնորհիվ ավտոմեքենաները կարողանում էին ընթանալ: Քիչ չէին նաեւ խցանումները: Քաղաքի տրանսպորտային շարժն այս օրերին համեմատաբար լավ են իրականացնում տաքսի ծառայությունները:

Երեկվա դրությամբ փողոցները չէին ցնծում մաքրման աշխատանքներն իրականացնողների աշխուժությունից, մեզ հանդիպեցին ձյուն մաքրող միայն մի քանի մեքենաներ: Հանրապետության հրապարակում Կենտրոն համայնքի մաքրությունն իրականացնում էր «Կենտրոն-մաքրություն» ՓԲԸ-ի աշխատակազմը:

Ընկերության տնօրեն Գագիկ Բաղդասարյանը նշեց, որ իրենք ուրբաթ օրվանից աշխատել են եւ մոտ 30 ինքնաթափ, մաքրող, աղ եւ ավազ ցանող մեքենաներով փորձել են ինչ-որ չափով մաքրել համայնքի վարչական տարածքը: Նրա խոսքերով, իրենք արդեն 21 մեքենա ձյուն են հավաքել, բայց ամեն ինչ ավելի է վատանում նոր եկող ձյան պատճառով: Եթե ուրբաթ օրվանից մաքրել եք, ինչո՞ւ է պատկերն այսպիսինՙ «Ազգի» հարցին տնօրենը պատասխանեց, որ հնարավոր չէ կատարյալ մաքրել ամբողջը, բացի այդ, սառած ձյան պատճառով մեքենաների խոզանակները կոտրվում են: Իհարկե, կկոտրվեն, չէ՞ որ դժվար է ուրբաթ օրվա ձյունը հաջորդ օրերին մաքրելը:

Տնօրենը նաեւ կոչ արեց տնտեսվարող սուբյեկտներին եւս հնարավորության դեպքում մաքրել իրենց հարակից տարածքը:

Ձյան մաքրման համար ի՞նչ է արել Արաբկիր համայնքը. մեր հարցին թաղապետարանի կոմունալ բաժնի ղեկավարի տեղակալ Ալբերտ Համբարձումյանը հետաքրքրական պատասխան տվեց. «Ձյան հետ կապված մեր համայնքի բոլոր ղեկավարները հիմա դրսում են եւ մտածում են, թե ոնց առնեն էս ձյան դեմը»: Ղեկավարի տեղակալը նշեց, որ իրենք բավական հատվածներՙ Բաբայան, Շիրվանզադե փողոցները, մաքրել են»: Փաստորեն, պատասխանատուները նշում են, որ օր ու գիշեր իրենք աշխատում եւ մաքրում են փողոցները եւ անհասկանալի է դառնում, թե ինչու վիճակը չի բարելավվում:

Մի քանի թաղապետարանների աշխատանքներին էլ չկարողացանք ներկայանալ, քանի որ ոչ ոք չէր պատասխանում հեռախոսազանգերին: Հավանաբար նրանք էլ գնացել էին ձյուն մաքրելու մասին մտորելու:

Մինչ ձմեռային շրջանի թեւակոխումը մեր իշխանավորները բարձրաձայնում էին, թե մենք պատրաստ ենք ձմռանը, սակայն, ինչպես տեսանք, այս տարի եւս ոչինչ չփոխվեց:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4