«Հայաստանը փոխում է իրանական գազը ռուսականի հետ» հոդվածում ասվում է, որ Մոսկվան ռազմավարական դաշնակից Հայաստանին վերջնագիր է ներկայացրել կամ գազի գինը բարձրացվում է մինչեւ 110 դոլար, կամ Հայաստանը «Գազպրոմին» է փոխանցում իր գազային ենթակառուցվածքները եւս մեկ տարի գազը էժան գներով ստանալու դիմաց: «Կոմերսանտի» տեղեկացմամբՙ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է վերջնագիրն ու պատրաստ է ռուսական կողմին փոխանցել Իրան-Հայաստան կառուցվող գազատարի բաժնետոմսերի 45 տոկոսը: Այս լուրը հրապարակելով «Կոմերսանտը» հղում է արել ՀՀ նախագահի աշխատակազմի մի պաշտոնյայի: Նույն լրատվամիջոցում խոսվում է նաեւ Հայաստանի հաղթաթղթի մասին, այն էՙ Հայաստանը կարող է հարց բարձրացնել Գյումրու մոտ տեղակայված ռազմակայանի վարձակալման վճարի մասին (ներկայում անգամ կոմունալ ծախսերը Հայաստանն է հոգում), որը հնարավոր կլինի ամեն տարի ճշտել փոխհարաբերությունների բարեկամական լինելու չափից ելնելով:
Սակայն համաձայն ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի Իրան-Հայաստան գազատարի բաժնետոմսերի 45 տոկոսը ռուսական կողմին առաջարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Բացի այդ, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքսը», խոսնակը հայտարարել է. «Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, վերջնական որոշումը կկայացվի փետրվարի կեսերին»:
Ն. Պ.