ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում անցկացված «Տեմիրկանովի փառատոնի» շրջանակներում հնչել է երեւանցի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի կվարտետը: Ստեղծագործությունը «Շոստակովիչը, ժամանակը եւ ժամանակակիցները» ծրագրով ներկայացրել է Մոսկվայի Բորոդինի անվան քառյակը, որի նվագացանկը բաղկացած էր Միրզոյանի այդ գործից եւ խորհրդային մեծանուն կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի (1906-1975 թ.թ.) թիվ 1 եւ 8 կվարտետներից:
Բորոդինի անվան քառյակի առաջին ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանը համերգից հետո պրոֆեսորին հայտնել է, որ կվարտետի կատարումը փոթորկալից հաջողություն է ունեցել, ուղեկցվել «բիս», «բրավո» բացականչություններով: Համերգին ներկա մի ֆինն մասնագետ մոտեցել է Ահարոնյանին, ասելով, որ ինքը ծրագրում է Բորոդինի անվան քառյակի ելույթը Հելսինկիում եւ անպայմանՙ Միրզոյանի կվարտետի կատարմամբ:
Ըստ Ահարոնյանի, «այդ հզորագույն կվարտետը առաջիկայում հնչելու է նաեւ Մոսկվայում, տեղի կոնսերվատորիայի փոքր դահլիճի համերգի ժամանակ»:
Լարային խմբի համար այս ստեղծագործությունը Է. Միրզոյանը գրել է 1947 թվականին, որն այնուհետեւ մտել է աշխարհի լավագույն խմբերի համերգային ծրագրեր: 1963 թվականին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարության դահլիճում այն նվագելուց հետո, Է. Միրզոյանին եւ Կոմիտասի անվան քառյակին (Ավետ Գաբրիելյան, Սարգիս Ասլամազյան, Հենրիխ Թալալյան եւ Ռաֆայել Դավիդյան) մոտեցել է ԱՄՆ նախագահի օգնականը ... հաջորդ օրը Սպիտակ տանը նրանց ընդունել է Ջոն Քենեդին: