Ընդդիմացող փողոցային առեւտրականներին սպասում է 10-20 հազար դրամ տուգանք
Քաղաքապետարանի երեկվա ճեպազրույցի հյուրը առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանն էր: Նա նորություններ էր բերել, որոնք նախագահական վերջին դիտողություններից հետո պիտի արդյունավետ դարձնեն իրենց գործունեությունը:
Փետրվարի 1-ից գործողության մեջ է մտել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը: Թաղապետարանների, ոստիկանության, գյուղնախարարության, առողջապահության, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունների տեսչական կազմակերպությունները հերթական արշավը կնախաձեռնեն փողոցային առեւտրի դեմ: Փողոցային ընդդիմացող առեւտրականների տուգանքի չափը 300-400 դրամից դարձել է 10-20 հազար դրամ: Այսինքն, իրենց վաստակածն ամբողջությամբ կամ մասամբ պիտի հանձնեն օրենքի պաշտպաններին: Հիշեցնենք, որ փողոցի փոխարեն առեւտրականներին առաջարկվում էին մինի շուկաները, որոնց մեծ մասն այդպես էլ չկայացավ:
Օրենքով արգելվելու է նաեւ հեղուկ գազի շրջիկ վաճառքը շարժական ցիստեռններով: Ստուգումներից հետո հեղուկ գազ կվաճառվի միայն հատուկ ստացիոնար կետերում, որոնց տեղերը որոշվում են:
Մյուս նորույթը քաղաքապետի որոշումն է` 2006-2007 թվականներին առեւտրի եւ սպասարկման բոլոր օբյեկտները, կրպակները, կրպակաշարերը, տաղավարները հաշվառելու վերաբերյալ: Անպատեհ տեղերում, սիզամարգերի վրա, բանուկ խաչմերուկներին կից տեղադրվածները կապամոնտաժվեն: Նախագծով սահմանված տարածքները գերազանցածները եւս կվերադարձվեն նախկին դիրքին:
Թափառող շների հանդեպ վերաբերմունքով երեւանցիները 2 բանակի են բաժանվել:
Երեւանցիների մի մասը պնդում է, որ այո, պետք է սպանել ու ոչնչացնել նրանց, ինչպես մինչ այժմ արվել է, մյուս մասը դա բարբարոսություն է համարում: Երկրորդ խումբն առաջարկում է պարզապես բռնել ու ստերիլիզացնել նրանց, ինչպես վարվում են քաղաքակիրթ երկրներում: Կարեն Գեւորգյանի ասելով, անցած տարի իրենք 2 անգամ մրցույթ են հայտարարել թափառողների խնդիրը երկրորդ սկզբունքով վճռելու համար: Սակայն մրցույթի ոչ մի հայտ չի ստացվել: Այս օգոստոսին մտադիր են նոր մրցույթ հայտարարել` այս անգամ միաժամանակ ներկայացնելով 2 սկզբունքներն էլ:
Այս պահին թափառող շների հարցով ոչ մի կառույց չի զբաղվում: Նրանց ճակատագիրը թերեւս որոշում է դաժան ցուրտը` առանց մարդկային միջամտության լուծելով քաղաքային իշխանությունների համար տարիներ գլխացավանք դարձած խնդիրը:
Կ. Դ.