Հունվարի 25-ի կեսգիշերին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակությունը: «Զվարթնոց» օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորեցին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Լրագրողների հետ կարճատեւ զրույցի ընթացքում Սերգեյ Իվանովը նշեց, որ Հայաստան է ժամանել պլանային այցով եւ մտադիր է Հայաստանի պաշտպանության նախարարի, ինչպես նաեւ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրը: Ուշ երեկոյան Ս. Իվանովը եւ Ս. Սարգսյանը հանդիպեցին լրագրողների հետ եւ պատասխանեցին հարցերին: Սերժ Սարգսյանը նշեց, որ «այցի ընթացքում բանակցություններ են վարվել ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ պատվիրակությունների կազմով, եւ եկել են մի ընդհանուր եզրակացության, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը զարգանում է կայուն տեմպերով որեւէ լուրջ խնդիր չկա»: Սերգեյ Իվանովը նշեց. «Ինչպես այս այցը, այնպես էլ նախորդները, ծավալուն էին ծրագրային առումով, եւ մեզ հաջողվեց քննարկել մի շարք հարցեր կապված երկկողմ համագործակցության եւ անվտանգության պաշտպանության վերաբերյալ, նաեւՙ տարածաշրջանային խնդիրներին ու այն տարածաշրջաններին, որոնք սահմանակից են ե՛ւ ՀՀ-ին, ե՛ւ ՌԴ-ին»:
Ս. Իվանովը նաեւ այցելել է Գյումրիում գտնվող զինվորական ռազմակայան, ծանոթացել է ռազմական պատրաստվածությանն ու հնարավորություններին, որտեղ էլ նախատեսվում է Վրաստանի տարածքից ՌԴ ռազմակայանի տեղափոխումը: Պրն Իվանովը նշեց, որ «գոյություն ունի Վրաստանի հետ կնքած համաձայնագիրՙ մինչեւ 2007 թ. վերջը Վրաստանի տարածքից դուրս կբերվի այդ ռազմակայանն ու այդ գործընթացը դեռ շարունակվում է: Առաջիկայում Ռուսաստանի կառավարությունը կքննարկի, կներկայացնի Պետդումայի հաստատմանը եւ նոր միայն կիրականացվի տեղափոխումը»:
Սերգեյ Իվանովը տեղեկացրեց, որ նախկինում ձեռք բերված համագործակցության շրջանակներում ներկայումս ՌԴ-ի բուհերում անվճար ռազմական ուսումնառություն են ստանում 500 հայազգի կուրսանտներ ու սպաներ, որն էլ կնպաստի հետագա երկկողմ ռազմական ու անվտանգության համագործակցությանը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ