«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2006-01-25 | #13, 2006-01-26 | #14, 2006-01-27


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱԿՈՐԴ» ՀԱՆԴԵՍԻ 17-ՐԴ ՀԱՄԱՐԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

«Քոնսիլեյշըն Ռիսորզիս» (ՔՌ) լոնդոնյան հասարակական կազմակերպության (ՀԿ) «Ակորդ» հանդեսի 17-րդ համարը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, երեկ ներկայացվեց «Անի» հյուրանոցում եւ բուռն քննարկման տեղիք տվեց: «Առաջնորդության սահմանները. Ընտրանին եւ հասարակությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղարար գործընթացում» խորագիրը կրող հանդեսը հրատարակվել է ռուսերենով եւ անգլերենով (թեեւ խոստացան թարգմանել նաեւ հայերեն), եւ դեռ պետք է ներկայացվի Բաքվում, Լոնդոնում եւ Ղարաբաղում:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանի խոսքերով, կազմակերպությունը փորձել է մի ամբողջական նյութ հավաքել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` ընդգրկելով 2 կողմերի քաղաքական, հասարակական գործիչների, լրագրողների, վերլուծաբանների տեսակետները: ՔՌ կազմակերպության կովկասյան ծրագրերի ղեկավար Ջոնաթան Կոենի խոսքերով, ծրագրի հիմնական նպատակը խնդրի մասին երկու կողմերի հասարակություններին տեղեկացնելը եւ այդ կերպ բանակցային գործընթացում նրանց ներգրավելն է: «Խաղաղարար գործընթացների փորձը ցույց է տալիս, որ առանց հասարակության լայն զանգվածների միջամտության բանակցությունները մնում են նախագահների մակարդակում եւ արդյունք չեն տալիս», հաստատեց համարի խմբագիր Լոուրենս Բրոերսը:

Վերլուծաբան Լեւոն Զուրաբյանը նշեց, որ հանդեսը համակարգված եւ հավասարակշռված ներկայացրել է կողմերի տեսակետները, գովելի է նաեւ համագործակցության փորձը. որոշ հրապարակումներ հեղինակել են հայ եւ ադրբեջանցի: Նա հանդեսի թերություններից համարեց արհեստական հարթեցման փորձը, երբ բոլոր հարթություններում մենք այս կոնֆլիկտը տեսնում ենք զուտ հայ-ադրբեջանական, թեեւ իրականում կարեւորը կոնֆլիկտի կառուցվածքը հասկանալն է: Պրն Զուրաբյանը նկատեց նաեւ, որ հանդեսում պակասում են որոշ կարեւոր փաստաթղթեր. օրինակ, 1994 թ. մայիսին հրադադարի մասին կնքված համաձայնագիրը` 3 կողմերի ստորագրությամբ: Հանդեսի մասին սա միակ կարծիքը չէր, եւ եթե կազմակերպիչները նշում էին, թե իրենք փորձել են ներկայացնել 2 կողմերի տեսակետները եւ հասնել նվազագույն համատեղելիության, ապա քննարկման մասնակիցները շատ հարցերում անհանդուրժող էին: Մասնավորապես ԼՂ նախագահի խորհրդական Արման Մելիքյանը նշեց, որ հանդեսում առաջադրված տեսակետները տանում են փակուղի: «Կա հստակ քաղաքական գիծ, որը հանգեցնում է նրան, որ կա հակամարտություն եւ որ պետք է հաշտվել», ասաց նա եւ դեմ լինելով այդ տարբերակին` հավելեց. «Դա նույնն է, որ մարդասպանության դեպքում դատավորն ասի` ինչ եղել է, ոչինչ, կարեւորը համաձայնության գալն է»: Նախագահի խորհրդականը խնդրի կարգավորման ճանապարհը տեսնում է միայն արդարադատության պահանջն ապահովելու դեպքում: Վերլուծաբան Հարություն Խաչատրյանը չընդգրկված փաստաթղթերի շարքին ավելացրեց եւս մի քանիսը եւ հավելեց. «Կարծես դիտմամբ ընտրված են այն փաստաթղթերը, որտեղ չկա Ղարաբաղի ստորագրությունը»: Այս առիթով խմբագիր Բրոերսը նշեց, թե պատճառը ծավալն է եւ հանդեսի ինտերնետային տարբերակն ավելի ծավալուն է: «Մենք չենք ուզում հասնել բարձրագույն ճշմարտության, այլ նվազագույն համատեղելիության, եւ որքան էլ առաջարկությունները վիճելի են, համենայն դեպս մոտեցումները կոնկրետ են», ամփոփեց խմբագիրը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4