«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2006-01-25 | #13, 2006-01-26 | #14, 2006-01-27


ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Բրյուսելում հրատարակվող «Բրասըլզ ջոռնըլ» թերթի հունվարի 16-ի համարում լրագրող Պոլ Բելիենը «Ծանոթացեք Բրյուսելի քաղաքապետի հետ: Նա մահմեդական է» խորագրի ներքո գրում է, որ ներկայումս Եվրոպայի մայրաքաղաք համարվող այդ երկրում շրջանային խորհրդարանի 26 սոցիալիստ ներկայացուցիչներից (ամենամեծ կուսակցությունը) տասնչորսը մահմեդականներ են, որոնցից տասը` Մարոկկոյից, երկուսը` Թուրքիայից, մեկը` Թունիսից եւ մեկն էլ Գվինեայից:

«Մահմեդականների ազդեցությունը Բելգիայի քաղաքականության վրա շոշափելի հետեւանքներ է ունենում, գրում է նա, քարտուղար Քիրը (օրինակ) ցանկանում է քանդել 1,5 միլիոն հայ քրիստոնյա քաղաքացիների 1915 թ. թուրքական ցեղասպանության հուշարձանը»: Ըստ նրա, որը հասարակական հուշարձանների պահպանության պատասխանատուն է, «այսպես կոչված հայկական ցեղասպանությունը կայսերապաշտների» հորինած խաբկանքն է: Անցյալ տարի, շարունակում է հոդվածագիրը, Քիրը բողոքարկել եւ դատական հայց էր ներկայացրել երկու լրագրողների դեմ, որոնք քննադատել էին նրան 2004 թվի մայիսին մի ցույցի մասնակցելու համար, որը պահանջում էր քանդել վերոհիշյալ հայոց հուշարձանը: Լրագրողները նրան ներկայացրել էին որպես «ցեղասպանությունը ժխտողի»: 2005 թվի նոյեմբերի 14-ին դատարանը վճռել էր նրա դեմ հավաստելով, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ոճրագործություն էր: Դատավճիռը Էմիր Քիրին ներկայացված «ցեղասպանությունը ժխտողի» լրագրողների որակումը արդարացի էր գտել եւ համարել, որ դա կծառայի հասարակական բարօրությանը եւ կնպաստի ցեղասպանության ժխտման վերաբերյալ ընդունված օրենքի դրույթների իրականացմանը: Քիրը բողոքարկել է դատավճիռը:

Չնայած ցեղասպանության ժխտումը Բելգիայում դիտվում է որպես քրեական հանցագործություն, Բելգիայի արդարադատության նախարար Լորետ Օնքելինքսը նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ «հավելյալ պատմական եւ իրավական ուսումնասիրություններ են» անհրաժեշտ պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստանում 1915 թվին: Ակնհայտորեն, մահմեդականների քվեների «հետեւից ընկնելը» դրդում է բելգիական կառավարությանը կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: «Հետաքրքրական է, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի բելգիական կուսակցություններից հարցականի տակ դնելու նաեւ Շոան (հրեաների ցեղասպանությունը)` ավելի շատ մահմեդականների քվեներին տիրանալու համար», հարցով էլ ավարտում է իր հոդվածը Պոլ Բելիենը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4