«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2006-01-25 | #13, 2006-01-26 | #14, 2006-01-27


ՀԱՐԿԱՎՈՐ Է ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Յուրաքանչյուր թռչունի պետք է նայել իբրեւ վարակ բերողի եւ տարածողի

Թռչնագրիպի վերաբերյալ գիտնականների վերջին բացահայտումներից մեկն այն է, որ այս վիրուսի մի տարբերակը հեշտությամբ փոխանցվում է նաեւ ագռավներին: Սա տհաճ անակնկալ է Երեւանի համար, որ վերջին տասնամյակում սանիտարական վիճակի աննախադեպ վատթարացման պատճառով ագռավների հոծ երամներով է լցվել: Դրանց սիրած բնակատեղին գլխավորապես քաղաքի կենտրոնն է, եւ որքան էլ զվարճալի թվա` կառավարության ու խորհրդարանի տանիքները:

Արարատյան հարթավայրի տարածքում, նախկին Բաղրամյան շրջանին պատկանող արձակ դաշտերում, ագռավանմանների մեծ խմբեր են թափառում: Ամեն երամում ագռավների թիվը 400-5000-ի է հասնում: Հաճախ նրանք հասնում են Թուրքիա, կերակրվում եւ վերադառնում: Անվանի թռչնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Մարտին Ադամյանը, որ նաեւ թռչնագրիպի խնդրով հանրապետական օպերատիվ շտաբի 13 անդամներից է, պնդում է, որ վարակի արագ փոխանցողներ համարվող ջրլող թռչունների չվող տեսակների հետ պետք է ուշադրության կենտրոնում պահել նաեւ ցամաքային թռչուններին` ագռավներին, սերմնաքաղներին, կաչաղակներին, սարյակներին, նույնիսկ ճնճղուկներին: Նրանք կարող են վիրուսի մեխանիկական կրողներ լինել, ախտահարվել սովորական շփումների միջոցով: Ագռավանմանների 5-6 տեսակ լեշակերներ եւ ամենակերներ են, այսինքն, կարող են սնվել նաեւ թռչնագրիպի վիրուս կրող սատկած թռչունի լեշով:

«Ռելե» գործարանի հարեւանությամբ տեղավորված «Արմենտելի» բարձրահարկ շենքի տանիքում, նաեւ սրտաբանության ինստիտուտի, օպերային թատրոնի տանիքներում ապրում են մեծաքանակ թխակապույտ աղավնիներ: Ոչ ոք չգիտի նրանց առողջական վիճակի մասին: Սրանք եւս իրենց սնունդը հայթայթում են` թռչելով հյուսիս, հարավ, արեւելք, արեւմուտք, բաց դաշտեր, որտեղ ուտելիք կա: Այդ ընթացքում նրանք եւս կարող են անցնել Թուրքիա, շփվել որեւէ չուի հիվանդ թռչունի հետ եւ դառնալ վիրուսի ֆիզիկական կրող: «Ես կարծում եմ, որ կարելի է կազմակերպել քաղաքային թռչունների առողջական վիճակի պարբերական ստուգումներ, պետք է բարձրանալ այդ բազմահարկերի տանիքները, թռչուններից մի քանիսին վերցնել եւ հետազոտել, եւ առաջին հերթին նրանց դիակները ստուգել, որոնք անպայման կլինեն, որովհետեւ թռչունները սատկում են նաեւ ամենատարբեր այլ հիվանդություններից»: Թռչնաբանն առաջարկում է այցելել եւ ստուգել նաեւ քաղաքամերձ աղբանոցները, ուր ինչպես ջրլողների, այնպես էլ ցամաքային թռչունների խառը երամներ են հանդիպում: Մասնավորապես Նուբարաշենի աղբանոցի հաճախակի այցելուներն են աղավնիները, ագռավանմանները, հայկական որորները (ջրաճահճային տեսակներ): Սրանք սնվում են աղբով եւ ամեն տեսակի մանր կենդանիներով:

«Թռչնագրիպի պատճառով վայրի թռչունների որսարգելքի այս շրջանում պետք է խստացնել նաեւ տուրքերն ու տուգանքները, որպեսզի որսորդները չհամարձակվեն որսագողությամբ զբաղվել», իբրեւ կանխարգելիչ գործողությունների հաջորդ կարեւոր քայլ նշում է թռչնաբանը:

«Բայց անկախ ամեն ինչից, այս պահին Հայաստանում վիրուս չի հայտնաբերվել, գուցե ի վերուստ մեզ տրված է, որ մենք չպե՞տք է թիրախ դառնանք», ասում է Մարտին Ադամյանը եւ խորհուրդ տալիս չհավատալ ամեն ասածի ու ասեկոսեի, «որովհետեւ հավաբուծական ֆերմաներում անկումներ միշտ էլ եղել են, տասնյակներով եւ հարյուրավորներով»: Հայաստանում մոտ մեկ տասնյակ թռչնաֆաբրիկաներից ստացվող ամենօրյա տեղեկությունների համաձայն, այսօր թռչունների անկման տոկոսը ոչ բարձրացել, ոչ էլ իջել է: Սակայն կա մի վտանգավոր իրողություն: Հավերի ժանտախտը, որից այսօր արձանագրվում են անկումները, ճիշտ է, վարակիչ չէ մարդու համար, բայց կարող է դառնալ այդպիսին, եթե հիվանդության շտամը վերածվի H5N1 այլափոխման: Դա միանգամայն հնարավոր է, որովհետեւ վիրուսն ինքը խիստ դյուրաշարժ է, կարող է փոփոխվել ֆիզիկական, քիմիական եւ բնական տարբեր ազդեցություններից:

Վիրուսի ագրեսիվ տարբերակը, որ վտանգավոր է մարդու համար, կարելի է ստանալ նաեւ լաբորատոր պայմաններում: Հավերի պատվաստումը չի փրկում նրանց վարակակիր դառնալու սպառնալիքից: Վիրուսը կարող է փոխանցվել նաեւ կատուներին, շներին, խոզերին: Գիշատիչ թռչունների մեջ վիրուս դեռ հայտնաբերված չէ:

Գյուղատնտեսական թռչունների` հավերի, սագերի, բադերի, հնդկահավերի անխնա կոտորածը նաեւ էկոլոգիական խնդիր է առաջացնում: Դեռ մինչեւ Թուրքիայում թռչնագրիպի հայտնաբերումը մեզ մոտ արդեն ծայրահեղ միջոցներ գործի գցվեցին: Թռչնաֆերմաների մոտ պահակություն անող որսորդներին հանձնարարված էր սպանել ֆերմայի շրջակայքում պատահաբար հայտնված ամեն մի վայրի թռչունի: Ռամսարի կոնվենցիային (այն պաշտպանում է վայրի, մասնավորապես ջրլող թռչուններին) Հայաստանը միացել է 1993 թվականից: Արտակարգ իրավիճակում հապճեպ որոշումներ կայացնելով` մենք խախտել եւ չի բացառվում, որ էլի կխախտենք միջազգային պայմանագիրը:

Եթե դիտարկենք ողջ աշխարհի կտրվածքով, թռչնագրիպի զոհերը չնչին թիվ են կազմում` 6 միլիարդ մարդու մեջ վիրուսի զոհ է դարձել 79 մարդ: Մարդը վարակվում է անմիջական շփումից, սակայն առայժմ մարդը մարդուց վարակվելու ոչ մի դեպք էլ հաստատված չէ: Հետեւաբար ոչ թե խուճապ, այլ ընդամենը զգոնություն է պետք: Նրանց, ովքեր իսկապես տագնապահար են եղել, գիտնականը խորհուրդ է տալիս պարզապես խստորեն պահպանել անձնական հիգիենայի տարրական կանոնները, ինչպես սովորական գրիպի դեպքում: Յուրաքանչյուր առարկայի վրա կարող է լինել այդ վարակը: Ամենօրյա սննդի մեջ կարելի է օգտագործել նաեւ կանխարգելման ժողովրդական միջոցներ` սոխ, սխտոր եւ այլն:

Անկախ ամեն ինչից, եթե հավերը կոտորվեն նույն եռանդով, ինչ այսօր կատարվում է Հայաստանի մի քանի սահմանամերձ գյուղերում (Ջանֆիդայում մի քանի օր առաջ 10 հազար թեւավոր ոչնչացվեց), կարճ ժամանակ անց հավն ու ձուն թանկարժեք նրբախորտիկ կդառնան, ինչպես իշխանը կամ թառափը:

Աշխարհն իր համար նոր տառապանք ու զբաղմունք է գտել` թռչնագրիպի սպառնալիքը: Փորձագետների մեծ մասը պնդում է, որ թռչնագրիպի համաճարակը կարող է անխուսափելի լինել մարդկության համար` խլելով 5-150 մլն մարդու կյանք: Գլոբալ համաճարակը, ըստ Համաշխարհային բանկի փորձագետների, 1 տարում աշխարհի տնտեսությանը կարող է հասցնել 800 մլրդ դոլարի վնաս, իսկ մեր փոքրիկ երկիրը կմնա փլատակների տակ:

Թռչնագրիպի վիրուսն արդեն հյուրընալվել է մեր մերձակա հարեւաններին, նաեւ Հայաստան դրա այցելության հավանականությունը չի կարելի չափազանցություն համարել: Դեպի հարավ ու աֆրիկյան երկրներ ջրլող թռչունների չուն, որոնք այս վիրուսի գլխավոր փոխանցողներն ու վարակակիրներն են համարվում, նաեւ Հայաստանի վրայով է անցնում: Այնպես որ, իսկապես զգոն լինենք:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4