«Լոս Անջելես բիզնես ջոռնըլ» պարբերականի տեղեկացմամբ, հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի Տրասինդա կորպորացիան «Ջեներալ մոթորս» (GM) ընկերության մեջ իր բաժնեմասը նորից հասցրել է 9.9 տոկոսի, անցյալ դեկտեմբերին մինչեւ 7.8 տոկոս նվազեցնելուց հետո: Հունվարի 23-ին Քըրքորյանը բաց շուկայից գնել է GM-ի 5 միլիոն բաժնետոմս, յուրաքանչյուրը 21.40 դոլարի, ընդհանուր 107 մլն դոլար գումարով: Հենց հաջորդ օրը նա համաձայնել է գնել եւս 7 մլն բաժնետոմս, այս անգամ հատը 22.25 դոլարով, որի շուրջը կարգադրություն կկատարվի այսօր, հունվարի 27-ին: 7 մլն բաժնետոմսերի գինը կլինի 155.8 մլն դոլար: Այսպիսով, Քըրքորյանը ծախսել է 262.8 միլիոնՙ GM-ում իր բաժնեմասը 9.9 տոկոսի հասցնելու համար:
Անցյալ տարվա մայիսին էր, որ Քըրքորյանի Տրասինդան, որ սեփականատերն է կազինոների եւ MGM Mirage հյուրանոցների ցանցի, սկսեց գնել GM-ի բաժնետոմսեր: Այնուհետեւ, հոկտեմբերի կեսերին նա իր ողջ բաժնեմասը հասցրեց 9.9 տոկոսի, սակայն դեկտեմբերին բաժնեմասից 12 միլիոնը վերավաճառեց դաշնային եւ նահանգային հարկեր վճարելու համար:
Ավելորդ է ասել, որ Քըրքորյանի այս վերջին քայլին հետեւեց GM-ի բաժնետոմսերի գնի հավելում. չորեքշաբթի օրը դրանց գինը հասավ 23.85 դոլարի: Մանր ձկները միշտ հետեւում են մեծերին, հատկապես Քըրքի նման շնաձկներին: