«Մենք իրավունք չունենք թեւաթափ լինելու: Պետք է օգնել ժողովրդին` ապրել, հավատալ», այսպես է բնորոշում մտավորականի գործը մեր ամենահեղինակավոր, ամենահետեւողական հրապարակախոսը, մեր մեծ բանաստեղծուհին` Սիլվա Կապուտիկյանը: Նրա չորս ստվարածավալ ուղեգրական-հրապարակախոսական գրքերին 2002 թվականին ավելացավ եւս մեկը` «Իմ կածանը` աշխարհի ճանապարհներին» խորագրով, որտեղ ուղեգրությունները պատմում են բանաստեղծուհու Լոս Անջելես, Հալեպ, Բեյրութ, Թեհրան ու Սպահան, Ստամբուլ ու Երուսաղեմ կատարած այցելությունների, այդ վայրերում ապրող հայ համայնքների կյանքի, ոգորումների, հոգեբանության մասին:
Գրքում տեղ են գտել նաեւ 21-րդ դարի առաջին երկու տարիների հրապարակախոսական ելույթները, որոնցում նա սկզբունքային մտավորականի իր դիրքերից խոսում է մեր տագնապներից, մեր ժողովրդի համար ստեղծված այն վիճակից, որում ժողովուրդը հայտնվել է` հայրենի ղեկավարության անձեռներեցության, ագահության, անձնապաստանության նաեւ` դրսեկ գաղափարներին ստրկանալու պատճառով: Եվ այստեղ շատ է սազում Ռամկավար ազատական կուսակցության պատվավոր նախագահ Հայկաշեն Ուզունյանի ուղերձը` ուղղված Սիլվա Կապուտիկյանին.
«Բազմաթիվ մեր մտավորականներուն մեջ դուն եղար այն քիչերեն, որոնք քաջություն եւ հանդգնություն ունեցան հավատարիմ մնալու իրենց կոչումին»:
Եվ ինչ իմանար Հայկաշեն Ուզունյանը, թե ինչքան դժվար է ստեղծված իրավիճակում իր կոչումին հավատարիմ մնալը, երբ հայտնվում էին ինքնաբույծ լրագրողներ, որոնք բանաստեղծուհուն ու ժողովրդին սթափեցնող հրապարակախոսին փորձում էին ձեռ առնել, ծաղրուծանակի ենթարկել` դրանով իսկ փորձելով գետնին հավասարեցնել հայ մտավորականի հեղինակությունը, այսինքն` նրանք կատարում էին վերնախավի, եթե չասենք` դրսից թելադրվող պատվերը:
Նրանք նույնիսկ չէին ամաչում բանաստեղծուհու անուրանալիորեն մեծ վաստակից, տարիքից, հեղինակությունից, իր` ժողովրդի ցավերից խոսող, այդ ցավերում տապակվող հոգու ճիչերից: Մենք ապագայում էլ խորին ամոթով ենք հիշելու այս փաստը, որն ուղղված էր մեր մտավորականությանը այժմյան հոգսերից ու ցավերից անջրպետելու, նրա ազդեցությունը արժեզրկելու գործին:
Չնայած որ ի՞նչ կարող է անել այս կամ այն ծախու գրչակը կամ իշխանավորը հրապարակախոսի արդար ցասումի, կտրուկ բնորոշումների դեմ, որոնք պատմության համար վկայում են դեռ, է՜, Խորենացուց ու Փարպեցուց եկող, ասես մշտապես կրկնվող մեղադրանքները.
«Հայաստանն այսպես քարուքանդված, մեր հոգեւոր կյանքն այսպես աղճատված, մեր ժողովուրդն այսպես թեւաբեկ ու ձեռքը օտարին պարզած, մեր արժանապատվությունը այսպես արհամարհված...
... Մեր մշակույթն այսպես արհամարհված, մեծաբերան փողատերերի բարեհաճությանը թողած, մեր թատրոնները, օպերան, կինոն այսքան հետին կարգերը մղած:
Չտեսնեի, թե ինչպես է դատարկվում մեր Հայաստանը, ու մեր ժողովուրդը, որին մենք անհամար զրկանքների գնով կաթիլ-կաթիլ ժողվել, երեքուկես միլիոն էինք դարձրել, հիմա փականները բացված Սեւանի ջրերի նման հոսում-գնում է դեպի աշխարհի բացերը ոչ միայն հաց ու աշխատանք չունենալու պատճառով, գնում է` հիասթափված հայրենիքից, նրա առաջնորդներից, նրանում տիրող կեղծիքից ու անարդարություններից: Թուրքի երազն է, որ կատարվում է. պարպվում է Հայաստանը հայերից»:
Վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում հաճախ է հնչել այդ հարցը` «Ինչո՞ւ եք լռում դուք` մտավորականներդ»: Ասում են, եւ սխալ են ասում: Չենք լռում, եւ քիչ չեն այն մարտնչող հոգիները, որոնք չեն վախենում ճշմարտությունն ասել, դառն ճշմարտությունը, քանզի լռելը հանցագործություն են համարում: Եվ նրանց, ահա, իր օրինակով, իր ոգով առաջնորդում է Սիլվա Կապուտիկյանը. «Արտագաղթը մեզ համար մահ է, մեր հողի ինքնակամ զիջումն է Թուրքիային... Ազգային ժողովում 7-8 տարի է` ամեն մի երկրորդական հարց քննարկվում է, բայց գոնե մեկ անգամ արտագաղթի հարցը լուրջ քննարկման թեմա չդարձավ: Ես գտնում եմ, որ դա պատմական հանցագործություն է մեր սերնդի, մեր ղեկավարության համար, եւ պատմությունը երբեք դա մեզ չի ների»: «Իսկ վերջին դեպքերը` դեղորայքի թանկացումը, ծննդաբերող կնոջից 15 հազար դրամ պահանջելն այնպիսի մի մարդատյաց նորամուծություններ են, որ արդեն սկսում ես հավատալ, որ այդ քայլերը դրսից թելադրվող դավադրություն է մեր ժողովրդի նկատմամբ, մեր ազգի հավելյալ ցեղասպանությունը հետապնդող ծրագրեր, որոնց լուռումունջ ընդառաջ են գնում մեր հայրենի համարվող ղեկավարները... Մեզ հիմա հարկավոր է փրկության կոմիտե եւ ոչ թե սնղչիներից կազմված կառավարություն»:
Հրապարակախոսի տագնապի ու ցավի ճիչը գնալով խորանում են, բայց չեն հասնում հուսահատության, քանզի նա լավ գիտի մեր ժողովրդի ներուժը, որքան էլ այն մթագնված լինի ու թվա սպառված վատ քաղաքագետների ու կառավարողների ճիգերի կամ անգործության արդյունքում:
«Ինչքան էլ ճշգրիտ լինի ուծացման անողոք թվաբանությունը, կա, այնուամենայնիվ, ինչ-որ բան, որ վեր է իրից ու ճշգրտությունից, անվանենք դա ոգի, ներքնատեսություն, հավատ, կենաց բնազդ, եւ այդ ինչ-որ բանն ասում է, որ մեր ժողովուրդը պետք է ապրի, ... պետք է հասնի իր արդարությանը... Եվ քանի որ այդպես է, մենք ապրելու ենք, եւ ինչպես պատմության բոլոր անհնարին թվացող շրջադարձերին, այնպես էլ հիմա պիտի գտնենք հնարը ապրելու ոչ որպես խաթարված, աշխարհի չորս ծագերը նետված մնացորդաց, այլ որպես ձույլ մի զանգված, ձիրքերի ու ստեղծումի իր ողջ ներուժությունը պահպանած հավաքականություն»:
Եթե այսպես չմտածեր Սիլվա Կապուտիկյանը, նշանակում է` իզուր էր չլռելը, մեծաբերան լրագրողներին ու պետական այրերին թիրախ դառնալը, որը, սակայն, ոչինչ էր իր ժողովրդի բախտի համար ելած մտավորականի խղճի ձայնը լռեցնելու ճիգերում:
1979-ի գարնանը Հայաստան այցելած լիտվացի մեծ բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը գրել է. «Ես խոր հարգանքով նայում էի հայ ժողովրդի հիանալի դստերը, որն իր տաղանդով փառաբանել է հայրենիքը եւ հայերեն խոսքը` Հայաստանի սահմաններից շատ հեռու: Սիլվայի պոեզիան դուրս է եկել, ինչպես ասում են, լայն աշխարհ: Ամենուր հյուրընկալ բացվում են նրա առաջ դռները, ամենուր նա իրեն զգում է ինչպես տանը, ամենուր նա իրենց մարդն է: Իսկ որքան աշխատանք է պահանջվել` նվաճելու համար այդ ճանաչումը, որքան կամք ու համառություն... Չխոսելով դեռ տաղանդի մասին: Այդպիսի ճանաչումը պարգեւ է ծառայում միայն իսկական տաղանդին եւ համառ աշխատանքին... Ինչպե՞ս չհարգես այդ կնոջը, որը մեծ բանաստեղծների կողմից դարերով փայլեցված հարազատ բանաստեղծական խոսքը բարձրացրել է մինչեւ մեծ Արարատի ճերմակ գագաթները: Այս բոլորը ես մտածեցի այն գարնանը Հայաստանում: Այդ գարնանը մի մռայլ, ամպամած օր եղավ, որ հնչեց իբրեւ դիսոնանս սպիտակ եւ վարդագույն ծաղկունքի ուրախ սիմֆոնիայի մեջ...ապրիլի 24-ը: Այդ օրը մարդկանց անվերջանալի թափորը ծաղիկներով ու պսակներով ձգվում էր Երեւանի փողոցների ու հրապարակների երկարությամբ, խոր լռությամբ ուղղվում դեպի բարձր բլուրը, որ վառվում է հավերժական կրակը եւ վեր է խոյանում ցեղասպանության զոհերի փառահեղ, ողբերգականորեն հիանալի հուշարձանը: Այդ օրը պոկված բոլոր հայկական ծաղիկները ռեքվիեմ են անմեղ զոհերին, ովքեր ոչ այնքան հեռավոր անցյալում ընկան գազանացած դահիճների ձեռքից: Մենք Սիլվայի հետ միասին նույնպես այդ օրը պսակ դրեցինք հուշարձանին: Եվ իհարկե, Սիլվան այդ պահին չէր կարող չմտածել իր ժողովրդի ողբերգական ճակատագրի մասին, որը տառապանքների ուղիներով բանաստեղծական Վանի արյունով ողողված հարթավայրերից նրա ընտանիքը բերել էր Երեւանի փողոցները...
Այդ օրը Սիլվան նվիրեց իր գիրքը` «Խճանկար հոգու եւ քարտեզի միջօրեականներից»: Գիրքը խորապես ցնցեց ինձ եւ միաժամանակ հիացրեց իր թարմությամբ... Այդպիսի գիրք գրելու համար պետք է դժվար, դրամատիկ կյանք ապրես եւ նրա բոլոր իրադարձություններն անցկացնես սրտիդ միջով»:
Հպարտանալ է պետք մեծ հայուհով եւ ուրախանալ, որ նա մեր ժամանակակիցն է:
ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ