«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2006-01-25 | #13, 2006-01-26 | #14, 2006-01-27


ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀՀ երիտասարդական հավաքականը մրցաշարը կսկսի նախնական փուլից

Այսօր Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում Երեւանի ժամանակով ժամը 15-ին կսկսվի ֆուտբոլի Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանության արարողությունը: Ընդամենը 16 րոպեում ընտրական մրցաշարի մասնակից 50 հավաքականները (առաջնության կազմակերպիչ Ավստրիայի եւ Շվեյցարիայի հավաքականներն ազատված են ընտրական մրցաշարից) կբաշխվեն 7 խմբերում: Դրանցից մեկում կընդգրկվի 8 թիմ, մյուսներում` 7-ական: Խմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները իրավունք կստանան հանդես գալու եզրափակիչ փուլում:

Մինչ վիճակահանությունն ազգային հավաքականներն ըստ իրենց վարկանիշների բաշխվել են 7 զամբյուղներում: Հայաստանի հավաքականը նախավերջին զամբյուղում է: Ահա զամբյուղների կազմը:

1-ին զամբյուղ

Հունաստան, Հոլանդիա, Անգլիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեդիա:

2-րդ զամբյուղ

Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Խորվաթիա, Թուրքիա, Լեհաստան, Ռումինիա:

3-րդ զամբյուղ

Ռուսաստան, Սերբիա, Դանիա, Նորվեգիա, Ուկրաինա, Բուլղարիա, Սլովակիա:

4-րդ զամբյուղ

Բոսնիա, Իռլանդիա, Բելգիա, Լատվիա, Իսրայել, Շոտլանդիա, Սլովենիա:

5-րդ զամբյուղ

Հունգարիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Ուելս, Լիտվա, Ալբանիա, Իսլանդիա:

6-րդ զամբյուղ

Վրաստան, Մակեդոնիա, Բելառուս, Հայաստան, Կիպրոս, Հս. Իռլանդիա, Մոլդովա:

7-րդ զամբյուղ

Լիխտենշտեյն, Ադրբեջան, Անդորրա, Ֆարերներ, Ղազախստան, Մալթա, Լյուքսեմբուրգ:

Վիճակահանությամբ առաջինը կբաշխվեն 7-րդ զամբյուղի թիմերը: Ընդ որում արդեն որոշված է, որ «A» խմբում ընդգրկվելու են 8 հավաքականներ, մյուսներում` 7-ական: 7-րդ զամբյուղից հանված առաջին հավաքականը կընդգրկվի «A» խմբում, երկրորդը հանված հավաքականը` «B» խմբում եւ այսպես շարունակ: 8-րդ հավաքականը կրկին կընդգրկվի «A» խմբում: Այնուհետեւ նույն սկզբունքով խմբերում կբաշխվեն նաեւ մյուս զամբյուղներում տեղաբաշխված հավաքականները:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են տարբեր զամբյուղներում եւ բացառված չէ, որ վիճակահանությամբ կընդգրկվեն միեւնույն խմբում:

Մոնտրեում տեղի կունենա նաեւ երիտասարդական հավաքականների վիճակահանությունը, որոնք մասնակցելու են Եվրոպայի 2007 թ. երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2006/07 թթ. ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարն անցկացվելու է նոր մրցակարգով: Եվրոպական 52 երկրներից ընտրական մրցաշարին չեն մասնակցի Ֆարերների հավաքականը եւ առաջնության կազմակերպիչ հոլանդացիները: Նոր մրցակարգի համաձայն, ընտրական մրցաշարը կանցկացվի երկու փուլով: Հայաստանի երիտասարդական հավաքականը որպես ցածր վարկանիշ ունեցող թիմ, մրցաշարը կսկսի նախնական փուլից: Այս փուլում 16 հավաքականները վիճակահանությամբ զույգեր կկազմեն եւ սեփական ու մրցակցի դաշտերում կայանալիք հանդիպումների արդյունքներով կորոշեն հաղթողներին: Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկվել է «D» զամբյուղում Ուելսի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Վրաստանի, Մոլդովայի, Մակեդոնիայի եւ Հս. Իռլանդիայի ընտրանիների հետ: Վիճակահանությամբ մեր ֆուտբոլիստներին կարող է բաժին ընկնել «E» զամբյուղում ընդգրկված Մալթայի, Էստոնիայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Լյուքսեմբուրգի, Անդորրայի, Լիխտենշտեյնի հավաքականներից որեւէ մեկը:

Խմբային մրցաշարի 42 մասնակիցները վիճակահանությամբ կբաժանվեն 14 խմբի` յուրաքանչյուրում 3-ական հավաքական: Մինչ վիճակահանությունը հավաքականներն ըստ վարկանիշի կբաշխվեն 3 զամբյուղներում: Ուժեղագույնները` Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Դանիայի, Գերմանիայի, Սերբիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Իսպանիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Նորվեգիայի ընտրանիները կընդգրկվեն «A» զամբյուղում: «B» զամբյուղում կընդգրկվեն Լեհաստանի, Անգլիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Հունաստանի, Իսրայելի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Բոսնիայի, Ավստրիայի եւ Լիտվայի հավաքականները: Իսկ «C» զամբյուղում կբաշխվեն Շոտլանդիայի, Լատվիայի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Կիպրոսի, Ալբանիայի եւ նախնական փուլի 8 զույգերը:

14 խմբերի հաղթողները վիճակահանությամբ զույգեր կկազմեն եւ կորոշեն եզրափակիչի 7 մասնակիցներին, որոնց կմիանա առաջնության կազմակերպիչ Հոլանդիայի երիտասարդական հավաքականը: Նախնական փուլի հանդիպումները պետք է անցկացվեն մինչեւ հուլիսի 15-ը: Իսկ խմբային մրցաշարի հանդիպումները, որոնք անցկացվելու են մեկ շրջանով, կայանալու են օգոստոսի 16-ին, սեպտեմբերի 2-3-ին եւ 5-6-ին: Նշենք, որ սկսած 2007 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնություններն անցկացվելու են 2 տարին մեկ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4