Վեյք Ան Զեեի շախմատի մրցաշարի 10-րդ տուրում մեծ հետաքրքրություն էր առաջացրել աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովի եւ Լեւոն Արոնյանի մրցավեճը: Ցավոք, Արոնյանը սեւ խաղաքարերով չկարողացավ լրջորեն դիմադրել մրցակցին եւ պարտվեց: Այս հաղթանակի շնորհիվ Թոփալովը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրա օգտին գրանցված է 7,5 միավոր: Իսկ Արոնյանը նահանջեց: Նա 4,5 միավորով 8-10-րդ տեղերն է բաժանում Սերգեյ Տիվյակովի եւ Պետեր Լեկոյի հետ:
10-րդ տուրում եւս երկու պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Բաքրոն պարտության մատնեց Կամսկուն, իսկ վան Վելին առավելության հասավ Պետեր Լեկոյի նկատմամբ: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Անանդը սեւերով ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ եւ 7 միավորով ընթանում է 2-րդ տեղում: Իսկ Մամեդյարովը 8-րդ պարտիան ավարտեց խաղաղ ելքով: Ադրբեջանցի շախմատիստն առայժմ հաղթանակ չի տոնել: 3-4-րդ տեղերը 6-ական միավորով բաժանում են Բորիս Գելֆանդն ու Մայքլ Ադամսը: Գելֆանդը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ, իսկ Ադամսը միավորը բաժանեց Սոկոլովի հետ պարտիայում: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Տիվյակովն ու Իվանչուկը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ