Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարում եզրափակիչի առաջին ուղեգիրը վիճարկեցին Դավիթ Նալբանդյանն ու կիպրոսցի թենիսիստ Բաղդատիսը: Մրցախաղը բավական համառ բնույթ կրեց: Առաջին երկու խաղափուլերում Նալբանդյանն առավելության հասավ մրցակցի նկատմամբ (6-3, 7-5): Սակայն կիպրոսցի թենիսիստին հաջորդ երկու խաղափուլերում հաջողվեց հավասարեցնել հաշիվը (6-3, 6-4): Ամեն ինչ վճռվեց 5-րդ խաղափուլում: Հաղթելով 6-4 հաշվով, Բաղդատիսը մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Ֆեդեռեր-Կիֆեր զույգի հաղթողի հետ:
Կանանց մրցաշարում եզրափակիչի մասնակիցներն արդեն հայտնի են: Վճռորոշ խաղում գլխավոր մրցանակը կվիճարկեն Ժյուստին Էնեն-Արդենն ու Ամելի Մորեսմոն: Ժյուստինը պարտության մատնեց Շարապովային (4-6, 6-1, 6-4): Կիսաեզրափակիչ մյուս խաղում ուժերը չափեցին Ամելի Մորեսմոն եւ Կիմ Կլիյստերսը: Վերջինս վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը: Այսպիսով, Մորեսմոն եզրափակիչի ուղեգիր նվաճեց:
Եզրափակիչի մասնակիցները հայտնի դարձան նաեւ տղամարդկանց զուգախաղում: Բրայան եղբայրները պարտության մատնեցին Խանլի-Ուլյետ զույգին (6-3, 6-4): Նրանց մրցակիցը կլինի Դամ-Պայես զույգը, որը հաղթեց Ֆիրստենբերգ-Մատկովսկի երկյակին (6-2, 6-4):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ