«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2006-01-27 | #15, 2006-01-28 | #16, 2006-01-31


ԻՐԱՆԸ ՄԱԿ-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԲՈԼՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրանն, ինչպես հունվարի 28-ին Նյու Յորքից տեղեկացրել է «Իռնայի» թղթակիցը, գրավոր դիմել է ՄԱԿ-ին, պահանջելով դատապարտել աշխարհում ժողովուրդների, էթնիկ ու կրոնական խմբավորումների դեմ կատարված բոլոր ցեղասպանությունները եւ գիտականորեն ուսումնասիրել դրանք, որպեսզի չկրկնվեն մարդկության դեմ կատարված այս սարսափելի հանցագործությունները:

Նամակում ընդգծվել է, որ ցեղասպանությունների գիտական ուսումնասիրությունն արգելող քաղաքական որոշումները լուրջ խոչընդոտ են դրանց կանխարգելման համար եւ վտանգում են կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:

Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին ԱՄՆ-ի ճնշման տակ ՄԱԿ-ն ընդառաջել էր Իսրայելին, հունվարի 27-ը հռչակելով Հոլոքոսթի օր: Դրանով անընդունելի էր համարվել փաստի ամեն մի վիճարկում: Փաստորեն ՄԱԿ-ին Իրանի հասցեագրած նամակն ուղղված է վիճարկումների արգելման, ինչպես նաեւ իբրեւ ցեղասպանություն Հոլոքոսթի այսպես կոչված եզակիության հիմնավորման դեմ:

Ի դեպ, մինչ Իսրայելը նախաձեռնություն էր ցուցաբերում, որ հունվարի 27-ը ՄԱԿ-ում հռչակվի Հոլոքոսթի օր, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ի լուր աշխարհի կասկածի տակ էր դնում հրեաների ցեղասպանությունը: Իրանի ՄԱԿ-ին հասցեագրած նամակը լրացնում է Ահմադինեժադի ժխտողականությունը: Նամակին էլ, ըստ երեւույթին, կլրացնի Հոլոքոսթի թեմայով առաջիկա գիտաժողովը, որը հրավիրվելու է Թեհրանում:

Հատկանշական է, որ իրանական կողմն այդ գիտաժողովին հրավիրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերին, իսկ Իրանի արտգործնախարարության խոսնակ Համեդ Ռեզա Ասաֆին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է. «Թեհրանում նախատեսվող Հոլոքոսթի գիտաժողովին մասնակցությունը լավ կլինի Բլերի համար: Նա կարող է հանդես գալ զեկուցմամբ: Եթե ցանկանա, թող պաշտպանի Հոլոքոսթը: Մենք նրան ժամանակ կտանք ընթերցելու զեկուցումն այնքան, որ մասնակիցները կարողանան ծանոթանալ նրա տեսակետներին»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4