Մանրամասներ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից
Հայաստանը գործնականում կատարել է այն պարտավորությունները, որոնք ստանձնել էր Եվրոպայի խորհրդի առջեւՙ վավերացրել ենք բոլոր համաձայնագրերը, ընդունել ենք հարկավոր օրենքները. մնացել են նրանք, որոնց ընդունումը պայմանավորված է եղել նախորդ սահմանադրության սահմանափակումներով: Առաջիկայում լուրջ անելիք ունենք դատական համակարգի եւ տեղական ինքնակառավարման օրենսդրական բարեփոխման ոլորտներում: Ահա այսպիսի եզրահանգման կարելի էր գալ ԵԽԽվ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի` Ազգային ժողովում հրավիրած ասուլիսից:
ԵԽԽՎ-ում Հայաստանի հանրաքվեին եւ Ադրբեջանի ընտրություններին Տ. Թորոսյանը մանրամասն չանդրադարձավ` դրանք արդեն լուսաբանվել էին հայկական մամուլում, միայն նկատեց. «Այն, ինչ ասվել էր մինչեւ Ստրասբուրգ գնալը, նույնությամբ կրկնվեց»: Այն է` Հայաստանի հանրաքվեի հարցը վեհաժողովի բյուրոյի զեկույցում որպես սովորական ընտրական գործընթաց ներկայացվեց, եւ որեւէ բանաձեւ կամ որոշում չընդունվեցին:
Պատվիրակության ղեկավարը մի քանի մանրամասն ներկայացրեց: Ստեփան Դեմիրճյանը թեեւ առաջիններից մեկն էր հերթագրվել զեկույցի համար, բայց նրան հերթ չհասավ, քանի որ քարտուղարությունը խմբերի միջեւ հավասարակշռություն պահպանելու համար երբեմն տեղափոխություններ է անում: Օրինակ` Արմեն Ռուստամյանը, սոցիալիստների խմբից այլ հերթագրված չլինելու պատճառով, ավելի վաղ է ելույթ ունեցել: Իսկ Ս. Դեմիրճյանը այդ պահին այս կամ այն խմբում անդամագրված չէր, եւ այդ պատճառով հայտնվել էր ցուցակի վերջում:
Հայաստանը ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովում դեռեւս 2004 թվականից պատգամավոր ուներ (երկուսը): Այս նստաշրջանում Տ. Թորոսյանը ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ, եւ հաջորդ` ապրիլյան նստաշրջանին, եթե Ս. Դեմիրճյանը ցանկություն հայտնի, կարող է լրացնել հանձնաժողովի թափուր տեղը: Ադրբեջանցիներն այս հանձնաժողովում կորցրել են տեղերը եւ նոր ընտրված մեկ պատգամավոր ունեն: Դիտարկման հանձնաժողովում Հայաստանի հարցով 2-րդ զեկուցող է նշանակվել ԵԽԽՎ-ում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Միկկո Էլոն, եւ հավանաբար նրա ղեկավարած խումբը կայցելի Հայաստան այս ամառ, իսկ զեկույցը կներկայացվի հոկտեմբերին, այսինքնՙ նախորդ զեկույցից 2 տարի հետո: Դա տրամաբանական է, որովհետեւ նոր սահմանադրական փոփոխություններով պայմանավորված` որպես հենք բավական օրենսդրական աշխատանք կա կատարելու եւ պարտավորությունների մնացած հատվածում տեղաշարժ արձանագրելու համար:
Ապրիլին ԵԽԽՎ նստաշրջան կներկայացվի նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փախստականների վերաբերյալ զեկույցը, որի նախաձեռնողը ադրբեջանցիներն են եղել` իրենց փախստականներին վերաբերող զեկույց առաջարկելով. այն տարածաշրջանային դարձնելու նախաձեռնությունը Տ. Թորոսյանինն է եղել: Զեկուցողի (հոլանդացի Լեւո Պլատֆոյդ) այցի ժամկետները ճշտվում են:
Մեծ հետաքրքրություն առաջացրած տոտալիտար համակարգերը դատապարտող զեկույցի քննարկումներն, ըստ Տ. Թորոսյանի, հաճախ հիշեցնում էին թշնամական բանակների պայքար: Հավասարակշիռ մոտեցում չի եղել, այլ խնդիրն ուղղակի դատապարտելն ու բանաձեւ ունենալն է եղել, քանի որ ակնհայտ է` փոքր խմբով հնարավոր չէ ուսումնասիրել ողջ Խորհրդային Միության կոմկուսի հսկա արխիվները:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ