«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2006-01-27 | #15, 2006-01-28 | #16, 2006-01-31


ԻՐԱՆԸ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ Է ՄԱԿ-Ի ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻՆ

Սակայն դա նրան չի խանգարում, որ պատժի Թուրքիային

Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության սրումը որպես կանոն հանգեցնում է թուրք-իրանական հարաբերությունների սրմանը: Դա հատկապես նկատելի է դառնում, երբ Թուրքիան հակաիրանական նկրտումներում պաշտոնական Վաշինգտոնին աջակցելու հակումներ է ցուցաբերում: Իրանական կողմը դրա դեմ ձեռնարկում է հակաքայլեր եւ դառնում մեղադրանքների թիրախ Անկարայի համար:

Մեղադրանքների առումով հատկանշական է թուրքական «Վաթան» թերթի հունվարի 26-ին հրապարակած հոդվածը, որտեղ նշվում է. «Անկարան սառը վերաբերմունք ցույց տվեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Թուրքիա այցելելու խնդրանքին, ի պատասխան Թեհրանը որոշեց «ձյան գերության» դատապարտել Թուրքիային, կրճատելով իրանական գազի մատակարարումները»:

Թեեւ Թուրքիայի արտգործնախարարությունից «Վաթանին» նշել են, որ ներկայումս Իրանը հայտնվել է Թուրքիայի աջակցության խիստ կարիքի մեջ, հազիվ թե փորձի հակադրվել, այնուամենայնիվ, Անկարայի հետնաբեմերում դիվանագիտական շրջանակները մատնացույց են արել նախագահ Ահմադինեժադի խնդրանքին թուրքական կողմի ոչ դրական արձագանքը: Վերոհիշյալ շրջանակների համաձայն, այդ վերաբերմունքի պատճառով Իրանը զայրացել է: Նրան զայրացնող երկրորդ պատճառը, վերջիններիս հավաստմամբ, Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի Իսրայել այցելելու պատրաստակամությունն է:

Կիսատ ճշմարտությունն իբրեւ ապակողմնորոշման միջոց ավելի ազդեցիկ է, քան բացահայտ կեղծիքը: Ինչո՞վ է պայմանավորված ճշմարտության կիսատությունը: Իրանը հիրավի հունվարի 1-ից կրճատել է Թուրքիա մուտք գործող գազի ծավալները: Կրճատումները հունվարի 16-ին հասել են 80 տոկոսի: Այսպիսով, Իրանից օրական 26 մլն խմ իրանական գազ ստացող Թուրքիան սկսել է բավարարվել 5 մլն խմ-ով միայն:

Ամսվա կեսերին բուռն բանակցություններից հետո իրանական կողմն ընդառաջելով թուրքական կողմի խնդրանքին, մատակարարվող գազի ծավալները բարձրացրել է 10 մլն խմ-ի, սակայն հունվարի 24-ին նորից է կրճատել, նվազեցնելով 6,8 մլն խմ-ի: Գազի ծավալների կրճատումն Իրանում նախ պատճառաբանվել է տեխնիկական անսարքությամբ, ապա եւ ցուրտ եղանակի պատճառով ներքին շուկայում պահանջարկի կտրուկ ավելացմամբ: Ի վիճակի չլինելով լրացնել պակասորդը, որն օրական 9 մլն խմ է, Թուրքիայի էներգետիկայի նախարարը դիմել է արտակարգ միջոցառումների, կրճատելով իր հերթին երկրի 18 ջերմաէլեկտրակայաններին եւ արդյունաբերական խոշոր ձեռնարկություններին տրամադրվող գազի ծավալը:

Ավելին, հունվարի 23-ին կրճատումից առաջացած ճեղքվածքը ռուսական գազով փակելու համար հեռախոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է դիմել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թեեւ Պուտինն ընդառաջել է, սակայն ռուսական գազը մուտք է գործում Թուրքիա Ուկրաինայի տարածքով, իսկ գազի գների բարձրացման պատճառով ծանր կացության մեջ գտնվող ուկրաինացիներն, ըստ թուրքական աղբյուրների, ապօրինի յուրացնում են պաշարների զգալի մասը:

Այսպիսով, Թուրքիան կանգնում է էներգետիկ ճգնաժամի առջեւ: Ե՞րբ կհաղթահարվի դա, հայտնի չէ: Սակայն ՄԱԿ-ի պատժամիջոցների սպառնալիքին դիմակայող Իրանը եթե պատժում է Թուրքիային, ապա դա պետք է պայմանավորել ոչ թե նախագահ Ահմադինեժադի այցելության խնդրանքի անտեսմամբ, այլ Վաշինգտոնի հակաիրանական գործողություններին Անկարայի դրական արձագանքով:

Ի դեպ, այդ արձագանքը պետք է վերագրել ոչ այնքան Իրանի հարցում ԱՄՆ-ին ընդառաջելու Էրդողանի կառավարության, որքան երկրում գործադիր իշխանություններին դեռեւս վերահսկող ազգային անվտանգության խորհրդի պատրաստակամությանը: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ էրդողանի հունվարի 17-ի ելույթին, որտեղ նա նախազգուշացնում էր Վաշինգտոնին. «Բռնությունը չի կարող լինել Միջին Արեւելքի ճակատագիրը: Արյունահեղության քաղաքականությունն ինքնապաշտպանության դրսեւորում չէ, ոչ էլ հակամարտությունների կարգավորման միջոց: Բռնությունը թուլության նշան է: Մեզ լրջորեն հուզում է հարեւան երկրների տարածքային ամբողջականությունն ու կայունությունը»:

Հունվարի 18-ին Անկարա է այցելում Եվրոպայում ամերիկյան ուժերի հրամանատարի տեղակալ, բանակի գեներալ Չարլզ Ուոլդը: Նա թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբում մատնացույց է անում «աշխարհին սպառնացող Իրանի միջուկային ծրագիրը», ապա եւ ավելացնում. «Պետք է ինչ-որ բան ձեռնարկել: Մենք մտադիր չենք գրավել Իրանը, սակայն չենք բացառում նպատակային հարվածներով Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման հավանականությունը»:

Թուրքական կողմը նաեւ Ուոլդին է զգուշացնում, որ Իրանն այդ հարվածներին համարժեք քայլերով կպատասխանի Փարիզում, Լոնդոնում եւ Նյու Յորքում: Սակայն հունվարի 23-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով քարտուղար Ստեֆան Հադլիի հրավերով Վաշինգտոն է մեկնում ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Յիղիթ Ալփոգանը: Նա Հադլիի, ապա եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպումներից հետո հայտարարում է. «Միջուկային զենքին տիրապետող Իրանն անհանգստության աղբյուր կլինի նաեւ Թուրքիայի համար»:

Ալփոգանի հայտարարությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Թուրքիան, անկախ Էրդողանի նախազգուշացումից, Իրանի միջուկային օբյեկտներին նպատակային հարված հասցնելու հարցում հակված է աջակցելու Վաշինգտոնի նկրտումներին: Քանի որ այդ հակվածությունը հակասում է բարձր մակարդակի այցելության տրամաբանությանը, ուստի միանգամայն անտրամաբանական է դառնում Թուրքիա այցելելու խնդրանքով Մահմուդ Ահմադինեժադի դիմումը Սեզերին:

Այս ամենը հիմք է տալիս պնդելու, որ խնդրանքի մասին թուրքական «Վաթան» թերթի հրապարակումը պետք է վերագրել ցանկատեսության, պայմանավորելով դա Իրանի միջուկային օբյեկտներին նպատակային հարված հասցնելու հարցում Վաշինգտոնին աջակցելու Ալփոգանի պատրաստակամությունը քողարկելու միտումներով:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4