«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2006-01-27 | #15, 2006-01-28 | #16, 2006-01-31


ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Արարատյան դաշտավայրը անապատի կվերածվի, կշատանան սիրտ-անոթային հիվանդությունները

Կլիմայաբան գիտնականները մոլորակը համակած եղանակային աղետալի անակնկալները տարբեր կերպ են մեկնաբանում: «Կլիմայի գլոբալ տաքացումը գնահատվում է հարյուրամյակների կտրվածքով: Միայն նախորդ հարյուր տարվա ջերմաստիճանային տատանումների վրա հենվելով կարելի է եզրակացություններ անել», ասում է բնապահպան տնտեսագետ Աստղինե Պասոյանը: «Լինում են շատ ցուրտ, լինում են շատ տաք տարիներ, կլիման միշտ պիկեր է ունենում, բայց դրանք ոչ մի նշանակություն չունեն, կարեւորը այդ պիկերի տատանումներն են հարյուրամյակի շրջանակում»:

Աշխարհի գիտնականների կանխատեսումներովՙ մեր հարյուրամյակի ընթացքում միջին տարեկան ջերմաստիճանը 1-2 աստիճանով պետք է բարձրանա: Դա նշանակում է նաեւ ծայրահեղությունների սրում` ավելի ցուրտ ձմեռներ, ավելի շոգ ամառներ: Դա նշանակում է նաեւ կլիմայական աղետների հաճախացում, տեղումների շատացում եւ կլիմայական գոտիների տեղաշարժեր:

Փոթորիկների, ցունամիների, ջրհեղեղների առատությունը, երաշտները, Գրենլանդիայի սառույցների հալվելը գիտնականների մի մասը աշխարհի մոտալուտ կործանման նախանշան է համարում: Մյուսները գտնում են, որ դրանք միշտ էլ եղել են, պարզապես ԶԼՄ-ների, հեռուստատեսության, ռադիոյի ու ինտերնետի շնորհիվ աշխարհը գերիրազեկ է դարձել, մարդիկ ավելի ցավագին են ընդունում դրանք: Մի հարցում միայն գիտնականները չեն վիճում` հանածո վառելիքի օգտագործման ընթացքում ջերմոցային գազերի (ածխածնի երկօքսիդի, մեթանի եւ ազոտի ենթօքսիդի) արտանետումներն ստեղծում են գլոբալ ջերմոցային էֆեկտ, որի պատճառով խախտվել ու շարունակում է խախտվել կլիմայական հավասարակշռությունը: Հենց դա էլ հանգում է կլիմայական մեծ ու փոքր աղետների:

Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում համաշխարհային հանրությունը պայքարելու ճիգեր է գործադրում: 1992 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում պետությունները համաձայնագիր ստորագրեցին դրա վերաբերյալ, իսկ 1997 թվականին ստորագրվեց Կիոտոյի հանրահայտ արձանագրությունը: Երկուսին էլ Հայաստանը միացել է: Նպատակը մեկն է` կրճատել հանածո վառելիքների` նավթի, գազի, ածուխի օգտագործումը: Սակայն ոչ բոլոր երկրները միացան այդ կոնվենցիաներին, իսկ նրանք, ովքեր միացան, շարունակում են արդյունահանել այդ հանածոները: Խնդրի լուծման այլընտրանքը` վերականգնվող էներգիայի (քամու, արեւի, փոքր ՀԷԿ-երի) աղբյուրների օգտագործումը, շատ ավելի թանկ է: Մարդկությունը շարունակում է ագահաբար շահագործել այդ հանածոները, քաջ գիտենալով, որ աղետներն ավելի սարսափելի ու մասշտաբային են լինելու, եթե ինքը չանցնի արեւի, քամու, այլընտրանքային էներգայի աղբյուրների օգտագործման:

Ինչ փոփոխություններ է կրել Հայաստանի կլիման համամոլորակային փոփոխությունների համատեքստում: Վերջին տարիներին այս խնդրով զբաղվում էր 40 գիտնականներից կազմված մի խումբ` ամենատարբեր մասնագետների ներգրավումով: Ուսումնասիրվել են Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտները, կլիմայական բոլոր գոտիները, կլիմայական փոփոխությունների ազդեցությունը այս տեսանկյունից ավելի խոցելի ասպարեզների` գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի վրա: Վերլուծվել է, թե ինչպիսի միջոցառումների է ունակ Հայաստանը` մեղմելու այդ փոփոխությունների ներգործությունը: Գույքագրվել է նաեւ ջերմոցային գազերի արտանետումների յուրաքանչյուր տոննան: Հայաստանում ջերմոցային արտանետումների 90 տոկոսը լինում է էներգետիկ վառելիքի այրումից: Գյուղատնտեսական պարարտանյութերի օգտագործման ժամանակ ազոտի երկօքսիդ է արտանետվում, տրանսպորտային արտանետումների ժամանակ` կապար եւ ածխածնի երկօքսիդ, բայց թունավոր արտանետումների առյուծի բաժինը պատկանում է էներգետիկային: Այս տարի կսկսվի այս ուսումնասիրությունների երկրորդ փուլը, քանի որ մեր երկիրը մյուսների նման պարտավոր է պարբերաբար թարմացնել տեղեկությունները:

Կիոտոյի արձանագրության շրջանակներում Հայաստանում արդեն փորձում են կոնկրետ ծրագրեր իրականացնել, որոնցից առաջինը Նուբարաշենի աղբավայրում մեթանի օգտահանման (ուտիլիզացիայի) կայանի կառուցումն է: Կայանի շնորհիվ պետք է կրճատվեն մեթանի արտանետումները:

Մեր կառավարությունն աջակցում է ճապոնական կառավարությանը` ներդրումներ անելու Նուբարաշենի աղբավայրում: Կլիմայի փոփոխության միջազգային քարտուղարությանը այդ արտանետումների կրճատման մասին Ճապոնիան կզեկուցի որպես իր կատարած աշխատանքներից մեկը, որ անհրաժեշտ է ծրագրի շրջանակներում իր վրա դրված պարտավորությունը (1990 թվականի մակարդակից արտանետումների 8 տոկոսով կրճատումը) կատարելու համար: Որպես զարգացող երկիր Հայաստանը նման պարտավորություններ չունի: Ճապոնիան իր վրա դրված պլանային պարտավորությունը նախընտրում է իրականացնել Հայաստանում, որովհետեւ դրա իրականացումը մեզ մոտ մի քանի անգամ ավելի էժան է, քան իրենց երկրում:

40 գիտնականների եզրահանգումների համաձայն, կլիմայական փոփոխությունների համապատկերում Հայաստանում եւս տարեկան միջին ջերմաստիճանը բարձրանում է, շատանում են տեղումները: Ըստ կանխատեսումների, գալիք հարյուր տարվա ընթացքում 1,2-2 աստիճանով կբարձրանա տարեկան միջին ջերմաստիճանը: Դա մի շարք անցանկալի հետեւանքներով է հղի` կիսաանապատային շատ գոտիներ, որոնց մեջ եւ Արարատյան դաշտավայրը, անապատի կվերածվեն: Ցանքատեսակների շատ տեսակներ կսկսեն աճել բարձր լեռնային գոտիներում: Կառատանան սիրտ-անոթային հիվանդությունները, մալարիայի տարածման բարենպաստ պայմաններ կստեղծվեն, քանի որ կավելանան ճահճացած տարածքները:

Ինչ վերաբերում է այս տարվա խստաշունչ ձմռանը, ապա ըստ Աստղինե Պասոյանի, այս իրողությունը չպետք է դիտել կլիմայական փոփոխությունների համատեքստում: Հայաստանը վերադարձել է իր պատմական ձմեռներին: Խորհրդային տարիներին, արդյունաբերության բուռն զարգացման պայմաններում, բնակավայրերի վրա արդյունաբերական առատ արտանետումները միկրոջերմոցային էֆեկտ են ստեղծել, եւ եղանակն արհեստականորեն տաքացել է: «Հիմա արդյունաբերություն չկա, բնությունը մաքրվել է, վերադարձել իր նախկին վիճակին»:

Այնպես որ, մեզ մնում է մի բան էլ ուրախանալ:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4