5-6 ժամ Հայաստանում նորմալ ինտերնետ չկար
Երեկ առավոտյան, ժամը 10-ից Հայաստանի ինտերնետ բաժանորդները խափանումներ են նկատել: Պարբերաբար 10-15 րոպեով ընդհատվել է ինտերնետ կապը: Ինչպես տեղեկացրեց «Էքստերնետ» պրովայդեր ընկերության տեխնիկական կառավարիչ Տարոն Ասատրյանը, «Արմենտելից» խոստացել են խնդիրների մասին տեղեկացնել էլեկտրոնային նամակով, սակայն երեկ մինչ ուշ երեկո ոչ մի նամակ էլ չեն ստացել: Տարոն Ասատրյանը հույս հայտնեց, որ գուցե առավոտյան ինչ-որ բան կիմանան:
«Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նույնպես հավաստիացրեց, որ խնդիրն «Արմենտելից» է: Նա նշեց, որ «Արմենտելից» տեղեկացրել են, թե օրվա ընթացքում, ժամը 11-12-ն ինչ-որ գործեր են անելու, ինչի հետեւանքով գուցե կապի խափանում նկատվի, սակայն խոստացել են, որ ժամը 12-ից հետո ամեն ինչ կկարգավորվի:
Երեկոյան փորձեցինք զրուցել նաեւ «Արմենտելի» որեւէ պատասխանատուի կամ մասնագետի հետ: Աշխատանքային ժամն ավարտված էր, գիշերային հերթապահն ասաց, որ որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել: Սակայն հետո նշեց. «Պրոբլեմն Ուկրաինայում լուծում են, պարզ չէ, թե որքան կտեւի», հետո էլ կեսկատակ-կեսլուրջ ավելացրեց, որ այս ատոմային դարում ամեն ինչ հնարավոր է:
3-4 ամիսը մեկ կրկնվող նման լուրջ վթարները, որոնք կաթվածահար են անում հայաստանյան ինտերնետ կապը, ստիպում են մտածել, որ չունենք այլընտրանքային կապուղի կամ ունեցածը չի բավարարում հայաստանյան բաժանորդների պահանջներին: Ըստ համակարգչային մասնագետների, ակնհայտ է, որ արբանյակային կապուղին չի կարող լուծել այս չափի հզորությունների խնդիրը, եւ միայն մեկ կապուղով ինտերնետային հոսքն ապահովելը ռազմավարական անվտանգության երաշխիք լինել չի կարող:
Դժգոհություններից հերթականն այն է, որ «Արմենտելի» համապատասխան ծառայություններն օպերատիվ տեղեկատվություն չեն տրամադրում ո՛չ անհատ բաժանորդներին, ո՛չ էլ խոշոր ընկերություններին: Համենայն դեպս, վերոհիշյալ երկու կազմակերպություններն էլ հստակ տեղեկություններ չունեին կատարվածի մասին: Ամեն ինչից բացի, մի՞թե հնարավոր չէ պրոֆիլակտիկ աշխատանքներն իրականացնել գիշերները կամ տոն օրերին եւ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը չխաթարել հազարավոր բաժանորդների աշխատանքը:
Ինչ արած, սա էլ մենաշնորհի հերթական հետեւանքներից է...
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ