Անկախ սեփականության ձեւից մեղանչողները կզրկվեն պետպատվերից
Առողջապահության նախարարի` անցած տարվա դեկտեմբերի 27-ի հրամանով հաստատվեց առաջնային օղակի անվճար սպասարկման կարգը բոլոր քաղաքացիների համար, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից: Բացառություն է կազմում միայն ատամնաբուժական ծառայությունը: Այն անվճար կլինի սոցիալապես անապահով խմբերի համար` պետպատվերի շրջանակներում: Մինչեւ 7 տարեկան երեխաների սպասարկումը եւս անվճար կիրականացվի:
Անցած տարվա նույն շրջանի համեմատ 2006 թվականի առաջին 26 օրերին մարդկանց այցելությունները պոլիկլինիկաներ աճել են 47, տնային կանչերը` 24, իսկ լաբորատոր-գործիքային հետազոտությունները` 50 տոկոսով: Այս ցուցանիշները քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը գնահատեց իբրեւ պոլիկլինիկաներում անվճար բուժօգնության սկզբունքին վերադառնալու արդյունք:
Ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունների գծով առողջապահական բյուջետային հատկացումները 15 տոկոսով ավելացել են: Պետության ամանորյա նվերը, թերեւս, սա պիտի համարել: Տարիներ շարունակ բնակիչները դադարել էին դիմել առողջության առաջնային պահպանմանը կոչված այս կարեւոր օղակին` խորացնելով ու բարդացնելով առկա հիվանդությունները, եւ անկասկած, վճարովի պոլիկլինիկաների պատճառած վնասը վիթխարի է:
Անվճար պոլիկլինիկան նախ եւ առաջ նշանակում է կանխարգելիչ միջոցառում, հիվանդությունների վաղ հայտնաբերում եւ ամենակարեւորը` հնարավորություն` խուսափելու ե՛ւ պետության, ե՛ւ քաղաքացու վրա շատ ավելի թանկ նստող ստացիոնար բուժօգնությունից:
Անվճար դարձած առաջնային օղակի ամենակարեւոր դերակատարներ են դառնում տեղամասային մանկաբույժը, թերապեւտը եւ ընտանեկան բժիշկը, քանի որ նեղ մասնագիտական օգնությունը, լաբորատոր գործիքային հետազոտությունները կարող են իրականանալ միայն նրանց ուղեգրերի առկայությամբ: Ստացիոնար համակարգում եւս պետպատվերային անվճար սպասարկման հիմք դառնում են նշված մասնագետների ուղեգրերը: Արդյոք նրանցից ոմանք, չարաշահելով իրենց դիրքը, չե՞ն զլանա այդ ուղեգրերը տրամադրել ակնկալելով մաղարիչ կամ դրամական «փոխհատուցում»: Արմեն Սողոյանը կարծում է, որ նման մտավախությունն այնքան էլ տեղին չէ: Ընտանեկան բժիշկների համակարգի ներդրման ամենաակտիվ գործընթացը սպասվում է գալիք տարի: Եթե այդ մասնագետներն իրենց անբարենպաստ լույսի տակ ներկայացնեն, հաջորդ տարի բնակիչները հաստատ չեն ընտրի նրանց:
Պոլիկլինիկաներում, ըստ նոր կարգի, վճարովի կլինեն միայն վարորդական իրավունք ստանալու համար բժշկական հանձնաժողովի աշխատանքը, սննդային եւ նման օբյեկտների աշխատողների բժշկական հետազոտությունները: Վերջին դեպքում վճարում է ոչ թե աշխատողը, այլ գործատուն: 18 եւ ավելի բարձր տարիքի, սոցիալական հատուկ խմբերում չընդգրկված անձանց համար տնային պայմաններում բժշկի նշանակմամբ` բուժքրոջ աշխատանքը եւս վճարովի կլինի: Նույն կարգավիճակի անձանց աշխատանքի ընդունվելու համար իրականացվող նախնական հետազոտությունները եւ արտերկիր մեկնելու համար առողջական վիճակը հավաստող տեղեկանքները եւս վճարովի են: Մնացած բոլոր ծառայությունները, անկետաների բացումից մինչեւ խորհրդատվություններն ու կոնկրետ բուժական գործողություններն արդեն անվճար են լինելու:
«Եթե որեւէ քաղաքացուց դրամ պահանջեն, նա կարող է անմիջապես դիմել քաղաքապետարանի առողջապահության վարչություն` 51-42-58 հեռախոսահամարով (պոլիկլինիկաների ճնշող մեծամասնությունը քաղաքապետարանի ենթակայության տակ է) կամ դիմել առողջապահության նախարարության «թեժ գծին»: Մենք պատրաստ ենք բոլոր բողոքներին ընթացք տալ: Եթե որեւէ կազմակերպություն կխախտի հրամանը, կարող է զրկվել պետպատվերից»:
Անվճար աշխատելու սկզբունքը վերաբերում է բոլոր պոլիկլինիկաներին, անկախ սեփականության ձեւից: Նորույթը վերահսկող նոր օղակի ստեղծումը Արմեն Սողոյանը նպատակահարմար չհամարեց, «քանի որ համակարգում այսօր 10-ից ավելի վերահսկող կազմակերպություններ կան, եւ բուժհիմնարկների ղեկավարներն իրենց գործն անելու փոխարեն զբաղված են նրանց ընդունելով ու ճանապարհելով»:
9,2 ԱՄՆ դոլար 3 բժշկական կենտրոնների
Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններում եւ համալսարանական կլինիկաներում ներդրումային ծրագիր է իրականացվում` 9,2 մլն ԱՄՆ դոլարի շրջանակներում: «Սուրբ Աստվածամայրում» այս տարի կավարտվեն վերանորոգման եւ նոր սարքավորումներով հագեցման աշխատանքները, «Սուրբ Գրիգոր Lուսավորիչում» կսկսվեն շիննորոգման աշխատանքները:
Վարկից բաժին է հասել նաեւ պոլիկլինիկաներին: Ծրագրի շրջանակներում կատարվում են նաեւ տեղամասային մանկաբույժների, թերապեւտների, ընտանեկան բժիշկների անվճար վերապատրաստումներ:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ