Մնաց մատակարարվող գազի գնի խնդիրը
Երեկ երեկոյան, ժամը 22-ի դրությամբ Ռուսաստանից մատակարարվող գազը Վրաստանով տարանցումից հետո պիտի մուտք գործեր Հայաստան: «Հայռուսգազարդ» ընկերության տեղեկացմամբ, թեեւ գազը Վրաստան էր մուտք գործել դեռեւս կիրակի, բայց Վրաստանի գազահամակարգում գազի ճնշումը պիտի հասցվեր այն մակարդակի, որն ունի Հայաստանի գազահամակարգը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի բացել փականները եւ գազը թողնել Հայաստան:
«Հայռուսգազարդ» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանի խոսքերով, այսօր հավանաբար կվերականգնվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի աշխատանքը, եւ զուգահեռաբար կսկսվի գազի պահեստավորումը: Գազամատակարարման հարցը կարծես լուծվեց, սակայն ռուսական գազի գինը Հայաստանի համար մնում է քննարկվող:
Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 29-ի ժամը 11-ի դրությամբ ավարտվել էին «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքները, որից անմիջապես հետո սկսվել էր գազատարով գազի մղման աշխատանքը: Ռուսական աղբյուրների համաձայն, Մոսկվայի ժամանակով ժամը 15-ի մոտակայքում գազատարով գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր: Պատճառաբանությունն այն էր, թե տեխնոլոգիական խնդիրների պատճառով ստեղծվել էր իրավիճակ, որում գազատարը կարող էր ամբողջությամբ սառչել:
Ինտերֆաքս գործակալության տեղեկացմամբ, «Կավկազտրանսգազ» ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Զինովեւը հավաստիացրել է, որ գազամատակարարումը Հայաստան եւ Վրաստան ընթացքի մեջ է, եւ միայն ճնշման տարբերությունների պատճառով գազը դեռեւս չի հասնում Հայաստան: «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով երեկվա դրությամբ անցնում էր 500.000 խմ գազ: Չնայած ճնշման տարբերությունը պետք է հաղթահարել, բայց դա, ըստ Զինովեւի, պետք է իրականացվի ոչ արագ, քանի որ նման դեպքում ճնշման մեծ տատանումներ կլինեն, ինչը վտանգավոր է:
Վրաստանն ստանում է իրանական եւ ռուսական գազ
Մինչ Հայաստանն սպասում է ռուսական գազատարով մղվող գազի ճնշման բարձրացմանը, Վրաստանը երեկ իրանական գազ ստացավ Ադրբեջանի տարածքով: Վրացական լրատվամիջոցների համաձայն, էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին հայտարարել է, որ Իրանից ստացված գազը հնարավորություն կտա ապահովելու Թբիլիսիի գազաբաշխիչ ընկերության ամբողջական ծանրաբեռնվածությունը, ինչն իր հերթին նշանակում է բոլոր անհատական սպառողներին գազով ապահովում:
Ինչպես նախօրոք նշել էին փորձագետները, Վրաստանին գազի պահանջները բավարարելու համար օրական անհրաժեշտ է մոտ 7 մլն խմ գազ: Նման քանակությունը երկիրն ստանում էր մինչեւ հունվարի 22-ի գազատարի պայթյունները: Հունվարի 23-ից Վրաստանն Ադրբեջանի տարածքով օրական 2,5-3 մլն խմ գազ էր ստանում:
Ներկա դրությամբ, երբ վերականգնվել է ռուսական գազատարով գազի մատակարարումը Վրաստան, գազի հիշատակված օրական պահանջը բավարարվում է: Միեւնույն ժամանակ Վրաստանը, համաձայն պետական այրերի հայտարարությունների, պատրաստվում է պահպանել իրանական գազի մատակարարումը, չնայած որեւէ մանրամասն գազի մատակարարման մասին Իրան-Վրաստան համաձայնության առնչությամբ չի հայտարարվում: Հատկապես գաղտնիության մեծագույն բաժինն ունի իրանական գազի գինը:
Ենթադրություններ կան, թե իրանական գազի արժեքը Վրաստանի համար կկազմի 120 ԱՄՆ դոլարՙ 1000 խմ-ի համար, մինչդեռ «Գազպրոմի» հետ կնքած համաձայնագրով Վրաստանը Ռուսաստանին կվճարի 110 դոլար: Կա մեկ այլ տարբերակ, որը կարող է լինել Վրաստան-Իրան գազային համաձայնության հիմքում: Դա հնարավոր փոխանակումն է, որի համաձայն Վրաստանը ներկայումս ստացվող գազի դիմաց ամռանը էլեկտրաէներգիա կմատակարարի:
Վրացական միջազգային գազային ընկերության տվյալներով, իրանական կողմի հետ գազի մատակարարման համաձայնագիրն աննախադեպ է, համաձայնության դրույթներով Իրանը Վրաստան գազ պետք է մատակարարի 15 օր, եւ դա երկարաժամկետ դարձնելու համար արդեն իսկ աշխատում են: Վրաստանն օրական Ադրբեջանի տարածքով իրանական գազ կստանա 2 մլն խմ ծավալով:
Այսպիսով, ստացվում է, որ Վրաստանը ներկա դրությամբ գազի իր պահանջները կարող է բավարարել երեք երկրներից ստացվող գազի հաշվինՙ Ռուսաստան, Ադրբեջան, Իրան: Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրիի խոսքերով, Վրաստանն այժմ գազապահովման ընտրություն ունի ի դեմս երեք երկրների: Եվ չնայած Իրանից գազամատակարարումը խիստ ժամանակավոր բնույթ ունի, կարող է երկարաձգվել, բացի այդ, որեւէ պահի հնարավոր է ստանալ նաեւ ադրբեջանական գազ:
Վրաց նախարարը հիմնական շեշտադրում է արել այն հանգամանքի վրա, որ որեւէ գծով տեխնիկական կամ այլ պատճառներով խնդիրներ առաջանալու պարագայում գազամատակարարումը հնարավոր է ապահովել մյուս երկու երկրների հաշվին: Ամեն դեպքում, ըստ Նիկա Գիլաուրիի, Վրաստանը չի մնա առանց գազի անգամ եթե հաշվի առնենք, որ տարբեր երկրներից ստացվող գազի ծավալները տարբեր են:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ